Բաժիններ՝

«Ով չի գնահատում կյանքը, արժանի չէ նրան». Լեոնարդո դա Վինչիի 10 աֆորիզմները

Նրա ողջ կյանքը բացարձակ հանճարի վառ օրինակ է: Լեոնարդո դա Վինչին (15.04.1452-02.05.1519թթ.) նկարիչ էր, ճարտարապետ, գիտնական-բնախույզ, գյուտարար, գրող և երաժիշտ: Եվ ժամանակակիցների, և հետագա սերունդների համար նա այդպես էլ մնաց մարդ-հանելուկ: Նրա հանճարի զորությունը մինչև վերջ հասկանալ և ճանաչել հնարավոր չէ: Լեոնարդո դա Վինչիին և նրա գործերին շատերն են անդրադարձել, սակայն ոչ ոք այդպես էլ չմոտեցավ այն գաղտնիքին, որի անունն էր դա Վինչի: Լեոնարդոյի գաղափարները արդիական են եղել թե իր ժամանակներում, թե իրենից հարյուրավոր տարիներ հետո: Իրենից հետո նա թողել է զարմանալի օրագրեր և փաստաթղթեր, որոնց թվում են «Տրակտատ գեղանկարչության մասին» և «Մտորումներ գիտության և արվեստի մասին» աշխատությունները:

Ստորև ներկայացնում ենք հանճարեղ հումանիստի և մտածողի 10 աֆորիզմները…

1. Ով վիճում է՝ հղում անելով իր հեղինակությանը, նա ոչ թե իր խելքն է գործածում, այլ ավելի շուտ՝ հիշողությունը:

2. Լավ դիտարկումը ծնվում է լավ հասկացվածությունից, իսկ վերջինս՝ լավ կանոններից քաղված հիմքերից, լավ կանոններն էլ լավ փորձի դուստրերն են, որն էլ իր հերթին՝ բոլոր գիտությունների ու արվեստների հայրն է:

3. Փողը հարգում են՝ հանուն փողի, այլ ոչ՝ նրա տիրոջ համար: Հարուստի հանրաճանաչությունն անհետանում է նրա կյանքի հետ միասին:

4. Ով ի վիճակի է գնալ աղբյուրի մոտ, չպետք է գնա կուժի մոտ:

5. Բնությունն այնպես է հոգացել, որ դու ամենուր ինչ-որ բան սովորելու հնարավորություն ունենաս:

6. Եթե դու գեղանկարչությունը «համր պոեզիա» անվանես, ապա գեղանկարիչն էլ կարող է ասել, որ պոեզիան էլ կույր գեղանկարչությունն է:

7. Ձրիակերն ու անբանն էնտուզիազմով կարող է տարատեսակ «հանճարեղ» մտքեր հայտնել, քննարկումներ անել, անգամ սևացնել ուրիշներին և նրանց գործը: Նա միշտ էլ պատրաստ է սեփական ոչնչության արդարացումը գտնել:

8. Երբեմն գեղեցկությունն էլ է ծառայում չար գործերին:

9. Ինչպես որ լավ անցկացրած օրն է հանգիստ քուն բերում, այնպես էլ ուրիշների համար օգտակար ապրած կյանքն է հանգիստ մահ տալիս:

10. Ով չի գնահատում կյանքը, արժանի չէ նրան:

Պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս