«Ասեկոսեների հնարավորությունը փակվել է. ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը չի ուշանա»
«168 Ժամի» զրուցակիցն է «Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոն
– Պարոն Պինտո, օրերս ԵՄ-ն հրապարակեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի տեքստը, համաձայնագիրը, ըստ էության, ամբողջությամբ հասանելի է հայ հասարակության համար: Առաջին հերթին` ինչո՞ւ ԵՄ-ն որոշում կայացրեց հրապարակել համաձայնագրի տեքստը: Ո՞րն էր այդ քայլի գլխավոր նպատակը:
– Ենթադրում եմ, որ ԵՄ-ն որոշեց հրապարակել համաձայնագրի տեքստը՝ հանուն թափանցիկության, ինչպես նաև՝ վերջ դնելու համար այն ասեկոսեներին, որոնք շրջանառվում էին համաձայնագրի բովանդակության վերաբերյալ: Ներկայումս հասարակությունը տեղյակ է, թե ինչի մասին է համաձայնագիրը, և ասեկոսեների հնարավորությունը փակվել է: Մյուս կողմից էլ՝ գուցե հարց առաջանա, թե ինչո՞ւ հիմա։ Այս հարցում, կարծում եմ՝ դերակատարություն են ունեցել տեխնիկական խնդիրներն ու համաձայնություններն այս համաձայնագրի ետևում` այն համաձայնությունները, որոնք կայացվում են ԵՄ կառույցներում և ԵՄ անդամ 28 երկրներում:
– Համաձայնագրի տեքստը հրապարակված է, սակայն հետաքրքիր է Ձեր կարծիքը` ինչպիսի՞ քաղաքական, տնտեսական և առևտրային հնարավորություններ է ընձեռում այս համաձայնագիրը Հայաստանին: Ինչո՞ւ է այս համաձայնագիրը կարևոր Հայաստանի համար՝ հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը և հայ-ռուսական հատուկ հարաբերությունները:
– Ինչպես ասացիք` մենք տեքստն ունենք, ուստի ես ձեռնպահ կմնամ կարծիք հայտնելուց, թե այս համաձայնագիրն ինչպիսի հնարավորություններ է ընձեռում, քանի որ յուրաքանչյուրը կարող է այն կարդալ, և շատերն արդեն բավականին ծավալուն կերպով գրել են այս համաձայնագրի մասին:
Փոխարենը՝ ես կցանկանայի շեշտել հետևյալը` համաձայնագիրը ցույց է տալիս, որ և՛ Եվրամիությունը, և՛ Հայաստանը ցուցաբերեցին անհրաժեշտ կամքը` բանակցելով նոր կոմպրոմիսային տարբերակ, որը հաշվի է առնում Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը և, հետևաբար՝ Հայաստանի հարաբերությունների հատուկ բնույթը Ռուսաստանի հետ: Կարևոր է այս հանգամանքն ընկալելը, քանի որ սա, ամենայն հավանականությամբ, «տարբերակված» և «ավելի ճկուն» քաղաքականության ամենալավ օրինակն է, ինչը շատերը խնդրում էին ԵՄ-ի Հարևանության քաղաքականությունից:
Իմ կարծիքով` այն փաստը, որ սա տեղի է ունենում ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների բավականին բարդ կոնտեքստում, ավելի իմաստալից է դարձնում այս հանգրվանը: Ուստի այն, ինչ ցանկանում եմ ասել, հետևյալն է` ԵՄ-ն ջանքեր ներդրեց հարմարվելու «հավասարակշռված» արտաքին քաղաքականություն վարելու՝ Հայաստանի անհրաժեշտությանը, ինչը պետք է լիովին գնահատվի:
– Ո՞րն է Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի տարբերությունը ստորագրվելիք համաձայնագրից:
– Ես կարծում եմ, որ պետք է դադարենք համեմատել այն, ինչը կարող էր լինել նրա հետ, ինչը համարյա թե իրականություն է դառնում: Իրականությունն այն է, ինչ մենք ունենք: Այս համաձայնագիրը հաշվի է առնում այն սահմանափակումները, որոնք Հայաստանն ունի՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, հետևաբար և՝ չնայած այն ներառում է Ասոցացման համաձայնագրից զգալի բովանդակություն, էական առևտրային քաղաքականության էլեմենտներն ազդված են, և ԽՀԱԱԳ-ն այլևս անհնարին է:
Ներկայումս ավելի կարևոր է այն, թե ինչ է ներառում այս համաձայնագիրը. քաղաքական երկխոսության ոլորտներ` արդարադատություն և ազատություն, ու նույնիսկ՝ անվտանգություն, որոնք բոլորն էական են, և համագործակցության հնարավորությունները հսկայական են: Ուստի, փոխանակ քննարկենք, թե ինչն այլևս հնարավոր չէ, ես կհորդորեի ՀՀ իշխանություններին և քաղաքացիական հասարակությանը՝ լրջորեն վերաբերվել վավերացնելուն այն, ինչ հնարավոր է:
– Այս համաձայնագրի ստորագրումից հետո որտե՞ղ է հայտնվելու Հայաստանն ԱլԳ ծրագրում: Հայտնի է, որ ասոցացված երկրները չեն ցանկանում Ադրբեջանի, Բելառուսի և Հայաստանի հետ մեկ զամբյուղում լինել: Կարո՞ղ է այլ տարբերակ լինել Հայաստանի համար:
– Ինչպես արդեն նշեցի, շատերը ժամանակ էին խնդրում ավելի տարբերակված և ավելի ճկուն եվրոպական Հարևանության քաղաքականության համար` հավատարիմ մնալով «ավելին՝ ավելիի դիմաց» սեփական սկզբունքին: Բոլորի համար ակնհայտ է, որ յուրաքանչյուր երկիր յուրահատուկ դեպք է, և երկրներին մեկ զամբյուղում տեղավորելու փորձերը, ամենայն հավանականությամբ, դատապարտված են ձախողման:
Ներկայումս կարծում եմ, որ Հայաստանն իր նոր համաձայնագրով այդ «տարբերակման» և «ավելի ճկունության» լավագույն օրինակն է, ուստի, այսպես կամ այնպես դասակարգվելուց անհանգստանալու փոխարեն՝ պետք է կենտրոնանանք սրանից ամենալավը քաղելու վրա:
Դա անելու ամենալավ եղանակը, իմ կարծիքով, կլինի այս համաձայնագրի բացած հնարավորություններն օգտագործելը՝ որքան հնարավոր է՝ լավ և արագ, ապացուցելով, որ Հայաստանը վստահելի և լուրջ գործընկեր է, ինչն ամենալավ եղանակն է ԵՄ-ին ցույց տալու համար, որ Հայաստանն արժանի և պատրաստ է նույնիսկ ավելիին:
– Ի՞նչ կասեք ստորագրման մասին: Երբ ԵՄ-ն պատրաստ կլինի ամփոփել համաձայնագրի ստորագրման համար նախապատրաստական աշխատանքները, քանի որ վստահելի աղբյուրից հայտնի է, որ ԵՄ անդամ երկրներն իրենցից կախված ամեն բան անում են՝ որքան հնարավոր է շուտ դրանք ավարտին հասցնելու համար, բայց թվում է, թե նրանք չեն հասցնի: Ե՞րբ կլինի ստորագրման արարողությունը:
– Ես չեմ կարող մեկնաբանել ԵՄ-ի կամ ԵՄ անդամ երկրների անունից: Այնուամենայնիվ, ես լավատես եմ` եթե ԵՄ-ն, ԵՄ անդամ երկրներն իրենց առավելագույնն են անում, ուստի կարծում եմ, որ համաձայնագիրը կստորագրվի կամ գագաթաժողովի ընթացքում, կամ դրան մոտ օրերին: Եթե ոչ, ապա վստահ եմ, որ համաձայնագիրը կստորագրվի դրանից անմիջապես հետո:
– Ըստ Ձեզ` այս համաձայնագրից հետո ո՞րը կլինի ՀՀ-ԵՄ հարաբերությունների հաջորդ քայլը և հանգրվանը:
– Եթե, ինչպես ես հույս ունեմ, և՛ ԵՄ-ն, և՛ Հայաստանը վավերացմանը լուրջ վերաբերվեն, և համաձայնագիրը հաջողությամբ ներդրվի, ապա կարծում եմ՝ պետք է շուտով սկսենք բանակցել վիզաների ազատականացման շուրջ: Հայաստանն ու հայ ժողովուրդն արժանի են դրան, և դա միանշանակ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կհեշտացնի և հնարավորություններն ավելի շոշափելի կդարձնի: Ի վերջո, սա այն է, ինչի մասին նման համաձայնագրերը պետք է լինեն` քաղաքացիների կյանքը պետք է բարելավեն: ԵՄ ճանապարհորդելու համար ՀՀ քաղաքացիների վիզային ռեժիմի վերացումը, իմ կարծիքով, հաջորդ քայլը կլինի, և ես խոստանում եմ, որ ՀԵԲ-ը լուրջ ջանքեր կներդնի սրա ուղղությամբ: