Չինաստանը կհասնի տարեկան տնտեսական աճի նախանշված ցուցանիշին. պաշտոնյա
Չինաստանի տնտեսությունը կարող է հասնել եւ նույնիսկ գերազանցել կառավարության կողմից առաջադրված տարեկան 6,5 տոկոս տնտեսական աճ ապահովելու նպատակը: Այդ մասին, ինչպես տեղեկացրել է «Սինհուա» գործակալությունը, հոկտեմբերի 21-ին հայտարարել է ՉԺՀ-ի Զարգացման եւ բարեփոխումների գործերի պետական կոմիտեի ղեկավար Հե Լիֆենը՝ ելույթ ունենալով Չինաստանի կոմկուսի՝ Պեկինում ընթացող 19-րդ համագումարի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում:
«6,5 տոկոսի չափով աճի նպատակը կարելի է հաջողությամբ իրագործել, եւ առկա է ավելի բարձր արդյունքի հասնելու հնարավորությունը»,-ասել է Հե Լիֆենը, հավելելով, որ Չինաստանի Համախառն ներքի արդյունքն այս տարի կարող է գերազանցել 80 տրլն յուանը (մոտավորապես 12,1 տրլն ԱՄՆ-ի դոլար): Չինաստանի տնտեսության մեջ նկատվում է կայուն աճի հաստատուն միտում, կառուցվածքային վերափոխումների առաջընթաց եւ զարգացման դրական հեռանկարներ, ընդգծել է ազգային տնտեսության գլխավոր նախագծողը:
Այս տարվա առաջին երեք եռամսյակներում Չինաստանի ՀՆԱ-ն հասել է 59,3 տրլն յուանի՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 6,9 տոկոս աճով: Պաշտոնական տվյալները վկայում են, որ ՀՆԱ-ի աճի նույն տեմպերն էին արձանագրվել առաջին կիսամյակում, երրորդ եռամսյակում աճը աննշան ցածր է եղել՝ 6,8 տոկոս: