«Պետք է լինենք ազնիվ և ընդունենք, որ կրթությունն իսկապես ողբերգական վիճակում է». Աշոտ Խուրշուդյան

Պետք է լինենք ազնիվ և ընդունենք, որ կրթությունն իսկապես ողբերգական վիճակում է»,- այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Հանրակրթական ֆինանսավորումը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը։

Նա նշեց, որ հին, գերմանական մոդելն է դրված մարդկանց մեջ. «Երեխային հանձնում են դպրոցին ու ասում՝ դուք զբաղվեք։ Հիմա ծնող-ուսուցիչ կապը շատ բարդ է։ Հիմա ծնողը փնտրտուքի մեջ է, թե ինչպես անի, որ իր երեխան նորմալ կրթություն ստանա։ Չկան ստանդարտներ։ Դպրոցների ռեյտինգավորումը ներդրվեց, բայց այդտեղ էլ շատ որակական ցուցանիշներ գոյություն չունեն։ Պետք է համալիր ցուցանիշներ դրվեն ու դրանք թիրախավորվեն։ Ուսուցիչը պետք է ավելի լավ կրթելու մոտիվացիա ունենա»։

Խուրշուդյանն ասաց, որ Հայաստանն ընտրել է մի մոդել, որը Ղազախստանում ձախողված մոդել է. «Նայում ես ցուցանիշներին, որոնք իրոք շատ ոգևորիչ են, բայց ֆինանսավորումը 50 տոկոսով գնում է դրան, ինչպես Նազարբաևի դպրոցում։ Մեզ մոտ դա Արարատյան բակալավրիատն է։ Փորձեք նույն արդյունքին քիչ ֆինանսավորմամբ հասնել։ Կրթության որակը ֆինանսավորումից կախված չի։ Կան հարուստ դպրոցներ, որոնք ձախողված են, կան աղքատ դպրոցներ, որոնք հաջողել են։ Ի դեպ, հաջողակ դպրոցները նրանք ենք, որոնք ունեն և՛ հարուստ, և՛ աղքատ ընտանիքների աշակերտներ։ Կրթության որակին պետք է մեծ ուշադրություն դարձնել»։

Կրթության խնդիրը, ըստ նրա՝ մեր ապագայի խնդիրն է. «Պետք է հասկանանք՝ ուր ենք գնում»։ Զարգացած երկրներում, Խուրշուդյանի խոսքով՝ ըստ աշակերտի ֆինանսավորման ցուցանիշը տեղի է ունենում որակական ճիշտ ցուցանիշներով. «Աշխարհը գնացել է այդ մոդելին, բայց այդ երկրներում ինքնակարգավորումն աշխատում է։ Հայաստանում մասնավոր դպրոցներ կան, որոնք արդյունավետ աշխատում են, բայց արդյո՞ք ֆինանսն է դրա պատճառը։ Այդ դպրոցներն ընտրում են այն ծնողները, որոնց երեխան որտեղ էլ գնա՝ լավ է սովորելու»։

Տեսանյութեր

Լրահոս