Թուրքիայի ու Արևմուտքի միջև լարվածությունը խորանում է
Հինգշաբթի օրը «Amnesty International» կազմակերպության Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար Իդիլ Էսերի ծննդյան օրն էր: Սակայն նրա գործընկերները ստիպված էին տոնը նշել հայտնի տասնյակ անձանց ստորագրություններ պարունակող նամակագրությամբ՝ պահանջելով նրա ազատ արձակումը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Արդեն 100 օր է՝ Իդիլն ու մարդու իրավունքների պաշտպան մի շարք այլ ակտիվիստներ գտնվում են բանտերում:
Երկրի դատախազներն այս շաբաթ ներկայացրին պաշտոնական մեղադրանքներ նրանցից տասի նկատմամբ, որոնց շարքում է «Amnesty International»-ի Թուրքիայի մասնաճյուղի նախագահ Թաներ Քիլիչը: Դատախազները պահանջում են մինչեւ 15 տարվա ազատազրկում, ինչը կազմակերպությունը համարում է անհեթեթություն:
«Խնդիրը շատ լուրջ է, երբ փորձում են լռեցնել նրանց, ովքեր պայքարում են ընդդեմ նման ճնշումների»,- ասում է կազմակերպության անդամներից Միլենա Բույունը:
Մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստների ձերբակալությունները 2016 թվականի հեղափոխության ձախողված փորձից հետո Թուրքիայի իշխանությունների կողմից սկսված ճնշամիջոցների շարունակությունն է, ինչը լարում է Թուրքիայի ու Արեւմուտքի միջեւ հարաբերությունները:
Այն բանից հետո, երբ Ֆեթուլլահ Գյուլենի աջակիցներ լինելու մեղադրանքով ձերբակալվեցին Միացյալ Նահանգների դեսպանության երկու աշխատակիցներ, ԱՄՆ-ը դադարեցրեց վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին:
Թուրքիայի նախագահը դա օգտագործեց հայտարարելու համար, թե «Միացյալ Նահանգները փորձում է պաշտպանել նրանց իրավունքները, ովքեր կապ ունեն հեղաշրջման փորձի կազմակերպչի հետ»:
Սրվել են Թուրքիայի արդեն իսկ լարված հարաբերությունները Գերմանիայի հետ, երբ Թուրքիայի դատարանի առջեւ են շուտով կանգնելու Գերմանիայի տասնմեկ քաղաքացիներ: Բեռլինում օրենսդիրներն իրենց երկրի իշխանություններից պահանջում են հետեւել ԱՄՆ-ի օրինակին:
Այո, սրվում են հարաբերությունները Թուրքիայի ու ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների միջեւ, երբ այդ երկրները, այդ թվում ԱՄՆ-ը փորձում են հասկանալ լարվածություն առաջ բերելու Թուրքիայի իշխանությունների դրդապատճառները: