«Մարդիկ կոյուղին ծակել են, ու այդ ահավոր աղտոտված, թունավորված ջրով ջրում են իրենց հողամասերը»․ Կարինե Դանիելյան

2017թ. Սևանա լճից 100 մլն խմ ավելի ջրբացթողում եղավ, այսինքն՝ ամեն տարի լճից բաց թողնվող 170 մլն խմ ջրի փոխարեն՝ այս տարի ջրառը կազմեց 270 մլն խմ։ Կառավարությունը լճից ջրբացթողնման ծավալների ավելացումը հիմնավորել էր մի քանի փաստարկներով, որոնցից ամենաակնառուն ոռոգման համար անհրաժեշտ ջրի ծավալներն ապահովելու հարցն էր։ 2017թ. ամառը երաշտային էր, և հանրապետության գրեթե բոլոր մարզերում ոռոգման խնդիր կար։ Բնապահպան Կարինե Դանիելյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ Սևանա լճից բաց թողնված ջուրն ինչպե՞ս է օգտագործվել, եթե նորից ոռոգման խնդիր ունեցանք։

Ի պատասխան՝ բնապահպանն ասաց․ «Ամառն իրոք երաշտային էր, բայց որքանով նպատակային օգտագործվեց, դա արդեն այլ խնդիր է։ Կորուստները ոռոգման համակարգում հսկայական են՝ 60-70%, երբեմն փորձագետները նույնիսկ 80% են ասում։ Մեր հիմնական խնդիրը պետք է ուղղված լինի այդ կորուստները վերացնելուն։ Այդ կորուստների մի մասը, ըստ տարբեր կարծիքների, այն պատճառով են, որ կան մարդիկ, որոնք օրենքից բարձր են իրենց դիրքերով և ջուրն օգտագործում են, բայց դրա դիմաց չեն վճարում։ Դա հաստատել չեմ կարող, բայց, որ նման վարկած կա, ակնհայտ է»։

Դանիելյանը նկատեց՝ վարկած կա, որ Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացել է այնքան, որ հասել է օլիգարխների և տարբեր պաշտոնյաների վիլլաներին ու օբյեկտներին, դրա համար են ջրբացողում իրականացնում։

Նա հիշեցրեց, որ դեռևս ջրբացթողնման որոշումից առաջ քննարկումներից մեկի ժամանակ ինքն ասել էր, որ գիտական ուսումնասիրությունները վաղուց ապացուցել են, որ, եթե ջրամբարներից մեծ քանակությամբ ջուր է բաց թողնվում կարճ ժամանակահատվածում, ապա սեյսմիկ ռիսկերը խիստ աճում են․ «Դա լուրջ չընդունվեց, բայց հենց սկսեցին Սևանից ջուր բաց թողնել՝ այդ պիկի ժամանակ փոքր երկրաշարժ եղավ։ Եթե մենք անընդհատ փորձենք այդպես վարվել, դա նշանակում է՝ մեր սեյսմիկ ակտիվությունը կբարձրացնենք»։

Սևանա լճից լրացուցիչ ջրառի մասին կառավարության նախագծում, սակայն, նշվում էր, որ էկոլոգիական տեսանկյունից լրացուցիչ ջրբացթողումները լճի վրա բացասական ազդեցություն չեն ունենա, քանի որ «լճում առկա է ջրի բավարար քանակություն, մասնավորապես՝ օրենքի ընդունումից հետո (2001թ.) մինչև ս.թ. հունիսի 19-ի համեմատ լճի մակարդակի փաստացի բարձրացում՝ 4.59 մ-ով (1896,32 մ-1900,91 մ), արդյունքում՝ ծավալի ավելացում շուրջ 6.0 մլրդ խմ-ով (459 սմ x 13 մլն խմ/սմ):

Բնապահպանը հիշեցնում է, որ ժամանակին, երբ Սևանի մակարդակն իջավ, Հայաստանի տարբեր աղբյուրներ ցամաքեցին կամ կրճատվեցին, քանի որ ջրային ռեսուրսները, ըստ Դանիելյանի՝ կապված են միմյանց հետ. «Դրա համար այդպես անհեռատես վերաբերվել ջրային ռեսուրսներին, իհարկե, սխալ է։ Հիմա նախարարությունը կարծես հանդես է եկել հայտարարությամբ, որ ամեն տարի պետք է 100 մլն խմ ավելի ջուր բաց թողնենք, ինչը կործանարար կլինի Սևանի համար»։

Կարինե Դանիելյանը, որպես օրինակ՝ մատնանշեց Արարատյան դաշտի արտեզյան ավազանը․

«Ըստ բնապահպանության նախարարության հայտարարության՝ բոլոր ձկնաբուծարանները հիմա հաշվարկի տակ են, բայց որ սկզբունքորեն դա լրացուցիչ մեծ բեռ է մեր ջրային ռեսուրսների համար, հատկապես արտեզյան ավազանի համար, ակնհայտ է։ Եվ ինձ համար շատ զարմանալի էր, որ 2006-2007թթ. Արարատյան դաշտի արտեզյան ավազանի հատուկ ուսումնասիրություններ են արվել և եկել են եզրակացության, որ ավելի շատ է օգտագործվում, քան արտեզյան ավազանը կարող է տալ, և պետք է կրճատել օգտագործումը, բայց միաժամանակ 2008թ. կառավարությունը որոշում է ընդունում, գերակա ուղղություն՝ զարգացնել ձկնաբուծարանները։ Իհարկե, ողջունելի է, որ մարդիկ աշխատանք են ունենում, բայց մյուս կողմից՝ այնպիսի վնաս հասցվեց արտեզյան ավազանին, որ անապատացման ռիսկերը բավականին աճեցին Արարատյան դաշտում»։

Դանիելյանն ընդգծեց, որ իրենք ծրագիր էին իրականացնում, շրջում էին հանրապետությունով մեկ, և մի քանի տեղ ականատես են եղել նույն խնդրին․ «Ջուրը հոսում է, մարդիկ բողոքում են, որ պոմպերը չեն աշխատում, և, փաստորեն, ջուրը հոսում է, իսկ իրենք չեն կարողանում օգտագործել։ Մի երկու տեղ տեսել ենք, որ մարդիկ կոյուղին ծակել են, ու այդ ահավոր աղտոտված, թունավորված ջրով ջրում են իրենց հողամասերը»։

Բնապահպանը նկատեց՝ ժամանակին բավականին մեծ գումար ԱՄՆ-ը տրամադրեց Հայաստանին՝ ոռոգման համակարգի վերականգնման համար, և ըստ նրա՝ զարմանալի է, որ ջրի կորուստներն այդքան մեծ են․ «Առաջին հերթին՝ կորուստների հարցը պետք է լուծել։ Ե՛վ Բնապահպանության, և՛ Առողջապահության, և՛ Էներգետիկայի, և՛ Գյուղատնտեսության նախարարությունները պետք է համատեղ լուծեն այս խնդիրը, քանի որ այդ խնդիրները բազմակողմանի են»։

Ինչ վերաբերում է ոռոգման կաթիլային համակարգին, ապա այն, ըստ Դանիելյանի՝ տեխնոլոգիա է, որն Իսրայելն օգտագործում է, և դրական արդյունք է տալիս․ «Իհարկե, պետք է փորձարկել՝ մեզ մոտ ինչպես կաշխատի, որովհետև ամեն տեխնոլոգիա չէ, որ բոլոր տեղերում նույն դրական էֆեկտն է տալիս։ Բայց բոլոր դեպքերում դրական էֆեկտ սպասենք դրանից»։

Տեսանյութեր

Լրահոս