
Եթե կրակոցների ձայները լսելի լինեին գյուղում՝ ինձ կասեին. մեր ուղղությամբ կրակոցներ չեն եղել. Իրավիճակը Վերին Շորժայում և Նորաբակում

Սյունիքի մարզում ադրբեջանական կողմից գիշերներն անկանոն կրակոցները շարունակվում են։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ թշնամին անկանոն կրակում է նաև Գեղարքունիքի մարզի ուղղությամբ, Կութում կրակոցները լսելի են եղել։
Սահմանամերձ Վերին Շորժայում ու Նորաբակում կրակոցների ձայները չեն լսել։
168.am-ի հետ զրույցում Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ մի քանի օր է՝ հիվանդանոցում է, սակայն կապի մեջ է բնակիչների հետ, կրակոցների մասին որևէ բան չեն ասել։
«Այդ կրակոցների ձայները եթե լսելի լինեին գյուղում՝ ինձ կասեին, բան չեն ասել։ Մարդիկ ուզում են իրենց հողը մշակեն, եղանակային պայմանները թույլ չեն տալիս, անձրև է։ Բնակիչները հիմա իրենց հոգսերով են զբաղված, հուսանք, գոնե սահմանը հանգիստ կլինի»,- նշեց Վերին Շորժայի վարչական ղեկավարը։
Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը ևս փոխանցեց՝ գյուղում կրակոցների ձայներ չեն լսվել։
«Մեր ուղղությամբ կրակոցներ չեն եղել, մենք որևէ ձայն չենք լսել, առայժմ վիճակը հանգիստ է»,- 168.am-ին փոխանցեց Վազգեն Ասատրյանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականից հետո, Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզերի բազմաթիվ գյուղեր հայտնվել են Ադրբեջանի թիրախում՝ շատ դեպքերում Ադրբեջանը թիրախավորում է կոնկրետ գյուղերը, ինչպես արել էր 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։