Հայ-իրանական զորավարժություններն աշխարհաքաղաքական հստակ ուղերձ են պարունակում. վերլուծաբան

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Իրանը զորավարժություններ են կազմակերպում։ ՀՀ ՊՆ-ն հաղորդեց՝ ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն:

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:

Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ»,- նշված էր հաղորդագրությունում։

Ըստ իրանական IRNA գործակալության, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին հայտարարել է, որ դրանք տեղի են ունենում հայ-իրանական սահմանի Նորդուզ շրջանում՝ սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակով։

Կարդացեք նաև

«Իրանի և Հայաստանի սահմանային տարածքներում որևէ վտանգ չկա, դա արվում է մարտական ուժերի պատրաստվածությունը բարձրացնելու, ահաբեկչության դեմ պայքարելու և կայուն խաղաղություն պահպանելու համար»,- հայտարարել էր Մաինին՝ հավելելով, որ երկու երկրների սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն՝ հաշվի առնելով այն զգայուն դիրքը, որ տարածաշրջանը զբաղեցնում է։

Վերջերս Հայաստան էր ժամանել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։ Նա Երևանում շեշտել էր Թեհրանի դիրքորոշումը՝ վստահեցնելով, որ Իրանն աջակցում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և դեմ է ցանկացած միջազգային սահմանի փոփոխության, խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանում երկխոսությամբ, առանց ուժի կիրառման:

Վերջին տարիներին ԻԻՀ ղեկավարները, ԱԳ նախարարներն իրենց հանրային խոսքում անընդհատ շեշտում են հայ-իրանական սահմանի կարևորությունը:

2022 թվականին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն էր նշել, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում: Խամենեին հարցը քննարկել էր նաև Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ.

«Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանն արգելափակելու քաղաքականություն տարվի, Իսլամական հանրապետությունը դեմ կլինի նման որոշմանը: Այդ սահմանը հաղորդակցության ուղի է, որն արդեն հազար տարեկան է»:

Իսկ անցած տարի Թեհրանում ընդունելով Նիկոլ Փաշինյանին՝ Խամենեին ասել էր, որ ԻԻՀ հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, և այդ զգայունությունն ու հոգատարությունը դեռ պետք է հաշվի առնել, և պետք է կարողանանք ապահովել մեր սեփական շահերը։

168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ համատեղ զորավարժությունները չափազանց կարևոր նշանակություն ունեն երկու երկրների համար, քանի որ Իրանն ու Հայաստանն ունեն համատեղ անվտանգային ու քաղաքական, տնտեսական շահեր ռեգիոնում: Համատեղ զորավարժությունները, վերլուծաբանի համոզմամբ, ունեն՝ ինչպես անվտանգային, այնպես էլ՝ քաղաքական նշանակություն։

Ըստ նրա, անվտանգային տեսանկյունից սա միտված է սահմանի այդ հատվածում հնարավոր վտանգների չեզոքացմանը, բոլոր հնարավոր սցենարների դիտարկմանը։

«Սակայն շատ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ հայ-իրանական համատեղ զորավարժություններն ունեն քաղաքական նշանակություն, հաշվի առնելով Հարավային Կովկասում առկա քաղաքական ու անվտանգային միտումները, ինչպես նաև Իրանի շուրջ առկա իրավիճակը: Իրանը բազմիցս հայտարարություններում նշում է միջազգային սահմանների անփոփոխելիության մասին, իսկ այս զորավարժությունները շեշտադրում են հայ-իրանական սահմանի կարևորությունը և ուղերձ են այն մասին, որ սահմանն ամրապնդվելու է, ոչ թե թուլանալու, բոլոր վտանգները չեզոքացվելու են: Այս զորավարժությունների աշխարհաքաղաքական ուղերձը դա է»,- ասաց Ալի Սալամին:

Նա նաև ընդգծեց, որ իրանական կողմն իր հաղորդագրություններում կարևորում է շեշտադրումը, որ սա ուղղված է ոչ թե այլ երկրի դեմ, այլ՝ երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու խորացմանը:

Ալի Սալամին համարում է, որ Իրանի ու Հայաստանի միջև քաղաքական վստահության մակարդակը չափազանց բարձր է:

«Այլ ոլորտներում Հայաստանի ու Իրանի հարաբերությունները պետք է բարձրացնել այդ մակարդակի, կա չիրացված ներուժ, չիրացված հնարավորություններ: Կարծում եմ՝ ԵԱՏՄ-Իրան-Հայաստան համագործակցությունը կնպաստի տնտեսությունների ակտիվացմանը, իսկ այս զորավարժությունները՝ անվտանգության ոլորտում համագործակցության հետագա խորացմանը»,- ասաց նա:

Նշենք, որ «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր դժգոհությունն է արտահայտել Հայաստանի, այսպես կոչված, «միջանցքի» հարցում դիրքորոշման վերաբերյալ՝ ասելով, թե չեն նստելու՝ սպասեն:

Թեև հարցն այն է, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է «անխոչընդոտ անցում», իսկ Իրանն Ադրբեջանին տրամադրելու է իր տարածքով ճանապարհ դեպի Նախիջևան, պահպանելով անցագրային բոլոր կանոնները:

Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի և Իրանի միջև քննարկվող նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող տրանսպորտային կապի կառուցումն է, որը Նախիջևանն Իրանի տարածքով կկապի Ադրբեջանի հիմնական տարածքին։

«Շրջանցող ավտոճանապարհն արդեն կառուցվում է, մենք հիմա կամուրջ ենք կառուցում, իսկ շրջանցիկ երկաթուղու կառուցումն Իրանի և Ադրբեջանի համաձայնությունն է պահանջում, քանի որ Հայաստանն արգելափակում է մեր մուտքը Նախիջևան։ Մենք չենք կարող նստել և սպասել։ Ուստի, պայմանավորվել ենք, որ կկառուցենք շրջանցիկ ճանապարհ, իսկ Հայաստանը կշարունակի փակուղու մեջ մնալ տարածաշրջանում»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս