
Նիկոլ Փաշինյանն այսօր տգիտության մեջ մեղադրեց և’ իրեն, և’ ողջ կառավարության կազմին. Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը համոզված է՝ գերիների վերադարձի հարցով ներդրված անհատական ջանքերը կամ հասարակական ինչ-ինչ նախաձեռնությունները չեն կարող այն արդյունավետությունն ունենալ, ինչ պետության կողմից արված քայլերը։
«Նույն Եվրոպայի խորհուրդը լրիվ այլ վերաբերմունք կունենար, եթե ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական վեհաժողովում այդ հարցը դարձներ իսկապես լուրջ քննարկման առարկա»,- 168․am-ի հետ զրույցում նշեց նա։
Անդրադառնալով մեր հարցին, թե ինչո՞ւ չի դարձնում՝ միտո՞ւմ կա, թե՞ պրոֆեսիոնալիզմի պակաս, նա արձանագրեց. «Ակնհայտ է, որ ուղղակի չի ուզում․ մենք արդեն ցույց ենք տվել, որ բազմաթիվ հարցերում ՀՀ կառավարությունն իրեն ավելի ներդաշնակ է զգում ադրբեջանական քարոզչության նպատակների իրագործման միջավայրում, քան սեփական օրակարգ տանելու հարցում։ Այսինքն՝ ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է մի կուրս, ըստ որի՝ մենք պետք է ընդունենք ամեն բան, ինչ Ադրբեջանը պահանջում է, որպեսզի խուսափենք ինչ-որ ծանր հետևանքներից»։
Ըստ Լևոն Զուրաբյանի, սակայն, հենց այս կառավարությունն ինքն իր գործողություններով ապացուցեց, որ այդ մոտեցումը սխալ է, որովհետև, օրինակ, զիջումներ արվեցին Տավուշի գյուղերի սահմանազատման գործընթացում, խաղաղության պայմանագրի բոլոր պահանջների ընդունմամբ, բայց ագրեսորի խաղաղեցումը չհաջողվեց։
Դիտարկմանը, թե տարածաշրջանը շարունակում է լարված մնալ, իսկ ՀՀ իշխանությունները հեծանիվ են վարում, կրթական պրոյեկտներ են իրականացնում, նա արձագանքեց․
«Ես բոլորին խորհուրդ կտայի այսօրվա կառավարության նիստը նայել, որտեղ Նիկոլ Փաշինյանը մեծագույն խոստովանություն է անում այն մասին, որ 7 տարվա մեջ այս կառավարությունն ու անձամբ ինքը ոչ մի բան չսովորեցին։
Սա հազվագյուտ խոստովանություն է Նիկոլ Փաշինյանի կողմից․ նա տգիտության մեջ մեղադրեց և՛ ինքն իրեն, և՛ կառավարության ամբողջ կազմին, որովհետև, իր խոսքերով, հենց դա է պատճառը, որ չեն կարողանում գիտելիքը հասցնել ժողովրդին։ Միայն մեկ բան կարող եմ ասել, ինչպես Ֆեյսբուքում արդեն նշել եմ հրապարակմամբ՝ այս հարցում վերջապես ձևավորվեց համազգային կոնսենսուս»։
Մանրամասները՝ տեսանյութում