Բաժիններ՝

«Նեմրա» ռոք խումբն անակնկալներ կմատուցի հանդիսատեսին

«Նեմրա» (NEMRA) ռոք խումբը, որն ավելի քան տասը տարի ստեղծագործում է և հանդիսատեսին ներկայացնում հեղինակային, երաժշտական նոր մոտեցումներով հայկական ժողովրդական և այլ երգեր, հունիսի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա մեծ մենահամերգով և երկրպագուներին կներկայացնի The End of the Party ալբոմը։

Խմբի անդամներն են Վան Եղիազարյանը, Մարիաննա Կարակեյանը (բեք-վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Վասպուր Եղիազարյանը (բեք-վոկալ, բաս կիթառ) և Մարեկ Զաբորսկին (հարվածային գործիքներ):

Վան Եղիազարյանը խոստովանում է՝ այժմ «Նեմրա»-ի թիմն ավելի քան երբևէ ներդաշնակ է։ «Մեր համերգների ժամանակ դա նկատվում է։ Թե՛ բնավորությամբ, թե՛ կերպարներով շատ տարբեր ենք, բայց բեմում ասես մեկ մարդ ենք դառնում։ Երաժշտություն ստեղծելիս տարբեր գույները միաձուլվում են, ինչի արդյունքում հետաքրքիր կտավ է ստացվում»,-ասում է նա և անդրադառնում The End of the Party ալբոմին, որը «Նեմրա»-ի երրորդ ձայնասկավառակն է։

Երաժիշտը նշում է՝ երգերի մեծ մասի հեղինակն ինքն է, սակայն խմբի անդամներից յուրաքանչյուրն իր մոտեցումներն է բերել, ինչի արդյունքում  դրական էներգետիկայով ստեղծագործություններ են ստացվել։ Ալբոմում ընդգրկվել են նաև Վասպուր Եղիազարյանի հեղինակած երգերից երկուսը։ Ինչպես Mubla և Hmm, այնպես էլ նոր ալբոմի երգերն անգլերեն են։

Խումբը հիմնականում նվագում է բացօթյա հարթակներում, սակայն անհամբերությամբ են սպասում մարզահամերգային համալիրում կայանալիք համերգին։ Կարծում են՝ ձայնային և լուսային լուծումներով ևս համերգն առանձնահատուկ կլինի։ Համերգի առաջին մասում կկատարեն նոր ալբոմի երգերը, երկրորդ մասում՝ սիրված հիթերը։

«Նեմրա»-ի գործունեությունը չի սահմանափակվում Հայաստանում։ Ամիսներ առաջ խումբը համերգներով է ներկայացել ԱՄՆ-ում։ Հանդես են եկել Գլենդելի «Ալեքս» հեղինակավոր թատրոնում։ Դահլիճը լեփ-լեցուն է եղել։ Վանը խոստովանում է՝ զգացողություններն աննկարագրելի են։ Ելույթներ են ունեցել նաև Սիեթլ քաղաքում։ ԱՄՆ-ից հետո խումբը վերադարձել է Հայաստան, որտեղ մի քանի համերգ է ունեցել ու մեկնել է Կանադա։ Համերգներով ներկայացել են Մոնրեալում և Տորոնտոյում։

Ելույթներ են ունեցել ռոք համերգների համար նախատեսված դահլիճներում։ Վանն ակնկալել է, որ համերգները լավ կանցնեն, սակայն չի պատկերացրել, որ այդքան մեծ հետաքրքրություն կառաջացնեն։ Մտադիր են եղել այցելել տեղի հայկական դպրոցներ, զրուցել աշակերտների հետ, բայց, երբ հայտնվել են դպրոցների տեխնիկապես հագեցած դահլիճներում, չեն դիմացել գայթակղությանն ու համերգ են տվել։ «Շատ տպավորված եմ աշակերտներով։ Զգացինք, որ նրանց մեջ պահպանվել է հայրենասիրությունը»,-պատմում է Վանը։

Կանադայից օրերս են վերադարձել ու ձեռնամուխ են եղել նոր ալբոմի ձայնագրման աշխատանքներին։ Գրեթե չեն հանգստացել, քանի որ շատ են կարևորում  մենահամերգն ու երկրպագուների հետ հանդիպումը։

«Նեմրա»-ն կազմավորվել է 2012 թվականին Երևանում: «Նեմրա» անունն ընտրվել է խմբի հայկական ծագումն ընդգծելու նպատակով (Արմեն` շրջված)։ Խումբը մասնակցել է մի շարք ռոք փառատոնների, բարեգործական համերգների և հանդես եկել մենահամերգներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս