Բաժիններ՝

Հայաստանում ինսուլինի տեսակներից որո՞նք են ամենահաճախը կիրառվում

168.am-ն անդրադարձել էր երկրորդ տիպի շաքարային դիաբետով տառապող հիվանդների հիմնախնդիրներին. բացահայտել էինք, որ երրորդ եռամսյակում ՀՀ առողջապահության նախարարությունը Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը «Դիաբետոն» և «Մետֆորմին» դեղերը մարզում առկա երկրորդ խմբի շաքարային դիաբետով տառապող հիվանդների թվի համեմատ պակաս էր հատկացրել:

Այս անգամ հաշվարկել ենք՝ արդյո՞ք Շիրակի մարզում առկա առաջին խմբի շաքարային դիաբետ ունեցող՝ միայն ինսուլին ստացող հիվանդներին, բավարարում է իրենց համար նախատեսված դեղորայքը:

Միայն ինսուլին ստացող հիվանդների թիվը Շիրակի մարզում 865-ն է: Ինսուլին և դեղահաբ ստացող հիվանդները 779-ն են:

ՀՀ առողջապահության նախարարությունից մեզ տրամադրած տվյալների համաձայն, երրորդ եռամսյակի համար Շիրակի մարզին հատկացվել է «Ինսուլատարդ»՝ 4.800 սրվակ, «Ակտրապիդ»՝ 3.100 սրվակ, «Միքստարդ»՝ 950 սրվակ:

Կարդացեք նաև

Գյումրու պոլիկլինիկաներից մեկի էնդոկրինոլոգը մեզ հետ զրույցում նշեց, որ  «Ինսուլատարդն» ու «Ակտրապիդը» նախատեսված է 23 տարեկանից բարձր, առաջին կարգի շաքարախտ ունեցող, միայն ինսուլին ստացող հիվանդների համար: Պոլիկլինիկաները դրանք ստանում են տուփերով. յուրաքանչյուր տուփի մեջ առկա է մեկական սրվակ ինսուլին: Յուրաքանչյուր հիվանդի ամսական տրամադրվում է միջինը մեկական սրվակ «Ինսուլատարդ» ու մեկական սրվակ «Ակտրապիդ»: Նա վստահեցնում է, որ դեղորայքի պակաս իրենք երբևէ չեն ունեցել:

Մեր հաշվարկները ցույց տվեցին, որ մեծահասակների համար նախատեսված «Ակտրապիտի» և «Ինսուլատարդի» պարագայում Շիրակի մարզում ինսուլինի ավելցուկ կա: Երրորդ եռամսյակի ընթացքում հիվանդներին անհրաժեշտ էր միջինը 2415 սրվակ «Ինսուլատարդ», ևս 2415 սրվակ «Ակտրապիդ«: Մինչդեռ մեր մարզին հատկացվել է 4800 սրվակ «Ինսուլատարդ» և 3100 սրվակ «Ակտրապիդ»՝ պահանջված միջին ցուցանիշից 1.98 և 1.28 անգամ ավելի:

Նշենք, որ Շիրակի մարզպետարանից 168.am-ին տրամադրած տվյալների համաձայն, 0-23 տարեկանների համար նախատեսված ինսուլին «Իզոֆանը» և ինսուլին «Լիզպրոն» միասին վերցված Շիրակի մարզում ստանում են ինսուլին ստացող հիվանդներից միայն 60-ը:

Արդյո՞ք ՀՀ Առողջապահության նախարարությունը Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը երրորդ եռամսյակում 0-ից 23 տարեկանների համար նախատեսված բավարար քանակով «Իզոֆան» և «Լիզպրո» ինսուլինի տեսակներ հատկացրել է: Այս հարցին մենք կանդրադառնանք առաջիկայում:

Իսկ ի՞նչ պատճառով է առաջանում առաջին տիպի շաքարախտը, որո՞նք են կարճատև, միջին ազդեցության ինսուլինները և ինսուլինի ամենաորակյալ տեսակը: Այս մասին զրուցեցինք նեյրոէնդոկրինոլոգ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիային պատկանող Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի նախկին աշխատակցուհի Անահիտ Վարդանյանի հետ, ով այժմ աշխատում է ՌԴ Ամուրի շրջանի Պոյարկովա մարզում:

168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ առաջին տիպի շաքարային դիաբետը հիմնականում գենետիկական բնույթ է կրում, նաև հանդիսանում է բազմագենային հիվանդություն, որի հիմքում ընկած է 6-րդ քրոմոսոմի 2 մուտացված դիաբետիկ գեները:

«Սրանք իրար հետ կապված են HLA համակարգով, որը պայմանավորում է օրգանիզմի և բետտա բջիջների անհատական պատասխանը տարբեր անտիգենների նկատմամբ: Երեխաների և դեռահասների մոտ՝ մինչև 20 տարեկան, առաջին տիպի դիաբետի առաջացման պատճառը պանկրեասի Լանգերհանսյան կղզյակների բետտա բջիջների կողմից ինսուլինի արտադրման խիստ պակասն է, որը լինում է բետտա բջիջների ախտահարման հետևանքով: Զարգանում է բորբոքային ռեակցիա, քայքայվում են բետտա բջիջները, սկսվում է աուտոագրեսիա, արյան մեջ հայտնաբերվում են հակամարմիններ բետտա բջիջների հանդեպ: Նպաստող հանգամանքները կարող են լինել նաև վախը, թունավորումը, պանկրեասի անոթների սկլերոզը, վիրուսային հիվանդությունների առկայությունը՝ մոնոնուկլեոզ, ցիտոմեգալովիրուս, դեղորայքները՝ անտիդեպրեսանտներ»,- պարզաբանեց Ա. Վարդանյանը:

Նա տեղեկացրեց, որ գոյություն ունի նաև առաջին տիպի «Լադա» դիաբետ, որը բնորոշվում է դանդաղ ընթացքով: «1-3 տարի լիարժեք ճիշտ սննդակարգի և per-oral դեղորայքների շնորհիվ այն անցնում է, սակայն առաջանում է կայունություն դեղորայքի հանդեպ, և հիվանդներն անցնում են ինսուլինաթերապիայի: Արյան շիճուկում հայտնաբերվում են հակամարմիններ պանկրեասի կղզյակային ապարատի անտիգենների նկատմամբ և լինում է մնացորդային սեկրեցիայի պրոգրեսիվող անկում»:

Ինչ վերաբերում է ինսուլիններին, ապա, Ա.Վարդանյանի խոսքով, «Ինսուլատարդը» պատկանում է միջին ազդեցության ինսուլինների շարքին, ազդեցությունը սկսվում է երկու ժամից, պիկը հասնում է 6-10 ժամում: Այն ստանդարտ ներարկման համար է, կիրառվում է առաջին տիպի դիաբետի դեպքում միայն:

««Ակտրապիդը» պատկանում է կարճատև ազդեցության ինսուլինների շարքին: Ազդեցությունը սկսվում է 20-30 րոպեի ընթացքում, պիկը հասնում է 2-4 ժամում, կիրառվում է առաջին տիպի դիաբետի դեպքում: «Ինսուլին Լիզպրոն» պատկանում է ուլտրակարճատև ինսուլինների շարքին: Ազդեցությունը սկսվում է 5-15 րոպեում, պիկը հասնում 1-2 ժամում: «Ինսուլին Իզոֆանի» ազդեցությունը սկսվում է 2 ժամից, պիկը՝ 6-10 ժամում, պատկանում է միջին ազդեցության ինսուլիններին: Կիրառվում է առաջին տիպի դիաբետի դեպքում: «Լիզպրոն» և «Իզոֆանը» տրվում են հիվանդին այն ժամանակ, երբ իր մոտ առկա է ոչ կայուն վիճակ: «Միքստարդը» կիրառվում է և´ առաջին, և´ երկրորդ տիպի դիաբետի դեպքում: Վերջինիս պարագայում՝ սուլֆանիմիզանյութի ածանցյալների հետ, որպես կոմբինացված թերապիա: «Միքստարդը» նաև հետվիրահատական շրջանում են օգտագործում»,- նշեց Ա. Վարդանյանը:

Հարցին՝ Հայաստանում ինսուլինի տեսակներից որո՞նք են ամենահաճախը կիրառվում առաջին կարգի շաքարախտով հիվանդների դեպքում, Ա. Վարդանյանը պատասխանեց. ««Ինսուլատարդն» ու «Ակտրապիդը»: Նաև կա երկարատև ազդեցության շատ լավ ինսուլին՝ «Լանտուս», որն առկա է դեղատներում և ստացիոնար պայմաններում է կիրառվում: Յուրաքանչյուր հիվանդի անհատական է ընտրվում դոզան՝ ելնելով քաշից և շաքարի քանակից: Այս դեղերը նաև հղիների դեպքում է կիրառվում, երբ հղիությունը 24-28 շաբաթական է, և իրենց մոտ դիաբետ է հաստատվել: Պոլիկլինիկաներում ինսուլինը ներարկիչներով են տալիս»:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս