Իռլանդացի գիտնականները սովորել են էլեկտրականություն ստանալ թքից և արցունքներից
Լիմերիքի համալսարանից (UL) մի խումբ իռլանդացի հետազոտողներ բացահայտել են, որ թքի եւ արցունքների մեջ պարունակվող լիզոցիմ ֆերմենտը կարող է էլեկտրականություն արտադրել: Այդ հայտնագործության մասին հոկտեմբերի 3-ին հայտնել է The Irish Times թերթը։ «Լիցոզիմի բյուրեղներն ստեղծվում են թքագեղձերի եւ կաթնագեղձերի, աչքի լորձաթաղանթի կողմից: Դրանցով հարուստ է նաեւ թռչնի ձվերի սպիտակուցը:
Այդ նյութը դյուրին է ստանալ բնական աղբյուրներից»,-պարզաբանել է հետազոտությունների ղեկավար Ամի Սթեփլթոնը: Գիտնականին հաջողվել է բացահայտել այդ սպիտակուցի՝ ավելի վաղ գիտությանն անհայտ հատկությունը: Մեխանիկական տատանումների ազդեցության ներքո դրանում տեղի է ունենում պիեզոէլեկտրական էֆֆեկտ. առաջանում է բեւեռացում եւ արտադրվում է էլեկտրական հոսանք: Այժմ այդ երեւույթը, որը 1880 թվականին հայտնաբերվել էր Ժակ եւ Պիեռ Կյուրի եղբայրների կողմից, լայն կիրառում է գտնում:
Այն ընկած է կվարցային մարտկոցների աշխատանքի հիմքում. պիեզոէլեկտրականության հաշվին շարժական հեռախոսներն օժտվում են վիբրացիայի գործառույթով: Լիցոզիմի՝ որպես կենսաբանական «մարտկոցների» օգտագործումը լայն հորիզոններ է բացում բժշկության մեջ, գրում է հրատարակությունը: Ոչ հեռու ապագայում այն, օրինակ, կկարողանա կարդիոխթանիչների սնուցման մարտկոցներում փոխարինել թունավոր արճճին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: