BBC-ն՝ Հայաստանի ու հայերի մեծ հյուրընկալության մասին
Բրիտանական հեղինակավոր BBC-ի ճանապարհորդական հեղինակներից մեկը՝ Բեն Լերվիլը պատմել է Հայաստան կատարած այցի և հայերի մեծ հյուրընկալության մասին:
Հեղինակը Երևան այցելելու ճանապարհին եղել է Դիլիջանում: «Ես չէի պատրաստվում գիշերել Դիլիջանում: Ես հյուսիսային Հայաստանի տարածքով գնալու էի Երևան, և այդ նպատակով մի քանի օր շուտ էի դուրս եկել Վրաստանից: Սակայն այդ փոքրիկ քաղաքը՝ Դիլիջանը, գրավիչ էր՝ պատված կաղնու անտառներով: Ավելի ուշ ես իմացա, որ իր գեղատեսիլ անտառային զանգվածների համար այն անվանում են «Փոքրիկ Շվեյցարիա»,- պատմում է Լերվիլը:
Նա ի վերջո գտնում է հյուրատուն, որտեղ որոշում է գիշերել: Տան տերերը նրան 19:00-ին կանչում են ընթրիքի: Սեղանի շուրջ պարզվում է, որ նույն օրը տան բնակիչներից մեկի՝ 18-ամյա Լուսինեի ծննդյան օրն է:
Բեն Լերվիլը ներկայացնում է այն առատ սեղանը, որի շուրջ սկսում են ընթրել և տոնել աղջկա ծննդյան տարեդարձը:
«Ինչ-որ պահի ճաշացանկը սկսեց աչքիս առաջ շղարշվել: Պատճառը գուցե տնական պայմաններում պատրաստված մրգային օղին էր: Մեր սեղանը գենդերային առումով երկու մասի էր բաժանված՝ մի կողմից կանայք էին, մյուս կողմից՝ տղամարդիկ»,- պատմում է հեղինակը:
Նա նշում է, որ ճաշկերույթի վերջում նրանք արդեն խմում էին ու կենացներ էին ասում բոլորի և ամեն ինչի համար: «Սեղանին խմում էին Հայաստանի, Միացյալ Թագավորության, նրանց ընտանիքների, իմ ընտանիքի, վաղուց մահացած մարդկանց, ապագայի, ընկերության համար: Որոշ կենացներ ինձ ուղղակի առանց խոսքի էին թողնում, սակայն ամեն բան նույն կերպ էր ընթանում՝ բաժակների չխկոց, կոկորդում ալկոհոլի այրող համը»,- գրում է Լերվիլը:
Հաջորդ առավոտյան, երբ նախաճաշից հետո նա որոշել է վճարել գիշերակացի համար, տան տերերը հրաժարվել են նրանից որևէ գումար վերցնել: Նրանք հյուրին են փոխանցել նաև Հայաստանի հարավում իրենց բարեկամների հասցեն, որպեսզի այդ վայրերում լինելու պարագայում նրանց էլ հյուրընկալվի:
«Միայն այդ տանից հեռանալուց հետո ես սկսեցի գիտակցել այդ ընտանիքի հյուրընկալության աստիճանը: Ես բացարձակ անծանոթ մի մարդ էի, ով եկել էր հազարավոր մղոնների հեռավորության վրա գտնվող երկրից: Ես առանց նախազգուշացնելու հայտնվել էի նրանց դարպասների մոտ, առանց տեսքս կարգի բերելու՝ ընտանեկան ընթրիքից հազիվ մեկ ժամ առաջ, իսկ այդ ամենի դիմաց ինձ ոչ միայն քնելու անկողին տվեցին, այլև ներառեցին իրենց տոնակատարության մեջ այնպես բնական ու շռայլ կերպով, ասես ես նրանցից մեկն եմ»,- նշում է հեղինակը:
Նա ընդգծում է, որ հայերը մշտապես հայտնի են եղել իրենց հյուրընկալության համար: Գտնվելով Մետաքսի ճանապարհի վրա՝ այդ տարածքով են անցել հազարավոր առևտրականներ, զինվորականներ: Դեռ մ.թ.ա. 400 թվականին հույն գեներալ Քսենոֆոնը, ով իր զորքերը տանում էր Հայաստանի տարածքով, պատմում էր այդ երկրի առատ սեղանների մասին:
«Հայաստանը տեսել է անասելի ցավ ու դժվարություններ, այդ թվում և 1914-1923 թվականների ընթացքում 1.5 մլն իր երկրացիների տեղահանությունն ու մահը: ԱՄՆ մի քանի տասնյակ նահանգներ, 29 երկիր կատարվածը ճանաչել են որպես Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանական գործողություն: Մեր օրերի թուրքական պետությունը ժխտում է այդ ամենը: Հայաստանի ազգային հոգեբանությունը ձևավորվել է այդ հենքի վրա: Եվ նման պայմաններում մարդիկ, ովքեր գալիս են խաղաղությամբ, ընդունվում են գրկաբաց, և այս գաղափարը շատ արմատացած է այդ երկրում: Կարող եմ ասել միայն հետևյալը. երբ հյուրասիրություն տեսնեք Հայաստանում, դժվար թե այն երբևէ մոռանաք»,- եզրափակել է BBC-ում հրապարակված հոդվածը Բեն Լերվիլը: