«Ժխտման ճարտարապետները» ֆիլմի հեղինակներն ԱՄՆ օրենսդիրների հետ խոսել են Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին
Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմի հեղինակ և պրոդյուսերներ, ամերիկյան հեռուստաաստղեր Մոնթել Ուիլյամսը և Դին Քեյնը ԱՄՆ Կապիտոլիումում հանդիպումներ են ունեցել Միացյալ Նահանգների օրենսդիրների հետ:
Հանդիպումների ընթացքում նրանք հորդորել են ԱՄՆ օրենսդիրներին մերժել Թուրքիայի կողմից եկող ճնշումները և ընդունել H.Res.220 և S.Res.136 բանաձևերը, որոնք ենթադրում են դասեր քաղել անցյալում տեղի ունեցած պատերազմական, մարդկության դեմ հանցագործություններից, ինչպիսինն է Հայոց ցեղասպանությունը՝ կանխելու հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը:
Մոնթել Ուիլյամսը և Դին Քեյնը հանդիպել են ավելի քան մեկ տասնյակ օրենսդիրների հետ, ինչպիսիք են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ամենաբարձրաստիճան դեմոկրատ անդամ Էլիոթ Էնգելը, Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Քլիբուրնը, օրենսդիրներ Քևին Քրեմերը, Դան Դոնովանը, Թրենթ Ֆրենքսը, Լուիս Գոմերթը, Ջոդի Հիսը և այլոք:
«Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմի հեղինակները հիշեցրել են օրենսդիրներին, որ ցեղասպանության ժխտումը հանգեցնում է դրա կրկնության՝ կապելով Հայոց ցեղասպանությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ ադրբեջանական բռնությունների հետ:
«Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի հոկտեմբերի 6-ից:
Ֆիլմում խոսում են հայտնի դեմքեր, ինչպես WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ամերիկացի հայտնի իրավապաշտպան, Genocide Watch կազմակերպության հիմնադիր Գրեգորի Ստանտոնը, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակից, լրագրող Սիբել Էդմոնդսը, ինչպես նաև ցեղասպանության վերապրածներ:
«Կան շատ փաստեր, որոնք ապացուցում են, որ կատարվածը ցեղասպանություն էր: Հզոր տերությունները, ինչպիսին է Միացյալ Նահանգները, չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան ողջ աշխարհով ագրեսիվ լոբբիստական գործունեություն է իրականացնում` համոզվելու, որ չկան հիշատակումներ Հայոց ցեղասպանության մասին»,- ֆիլմում պատմում է Ջուլիան Ասանժը:
«Հայերի դեմ իրականացվել են ոչնչացման ամենադաժան միջոցները»,- պատմում է հայտնի իրավաբան Ջեոֆրի Ռոբերտսոնը: