Բաժիններ՝

Արկադի Անդրեասյանը որակազրկվել է երկու տարով

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հաղորդագրություն է տարածել Արկադի Անդրեասյանի որակազրկման վերաբերյալ:

«Ի պատասխան տարածում գտած լուրերի, թե Արկադի Անդրեասյանի որակազրկումը փաստացի թույլ չի տա նրան աշխատել «Արարատում», տեղեկացնում ենք, որ թիմի ավագ մարզիչը որակազրկվել է կարգապահական կանոնակարգի 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, ըստ որի պատժամիջոցը կիրառված ակումբի ղեկավարների և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ արգելում է նրանց մուտքը հանդերձարաններ, խաղադաշտ և բոլոր շփումներն ակումբի անդամների հետ՝ խաղասկզբից 90 րոպե առաջ, մինչև խաղավարտից 45 րոպե հետո ժամանակահատվածում: Սա նշանակում է, որ մարզիչը կարող է խաղին հետևել տրիբունայից: Եվ քանի որ այս արգելքը ուժի մեջ է մտնում միայն խաղասկզբից մեկ և կես ժամ առաջ, այն չի կարող ազդել մարզչի՝ թիմը մարզելու վրա: Նման որոշումներ կայացնողը միմիայն ակումբի ղեկավարությունն է»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Արարատ»-«Գանձասար-Կապան» խաղի ժամանակ ոչ մարզական պահվածքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն, «Արարատ» թիմի ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանը 2 տարի ժամկետով զրկվել է ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից: Ինչպես նաև «Արարատ»-ին գրանցվել է տեխնիկական պարտություն, ֆուտբոլային ակումբը տուգանվել է 250 000 դրամով:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 6-րդ տուրում «Արարատ»-ը մրցում էր «Գանձասար-Կապան»-ի հետ: Հանդիպման վերջնամասում խաղի գլխավոր մրցավարը հեռացրեց Արկադի Անդրեասյանին, սակայն վերջինս հրաժարվում էր լքել մարզադաշտը և վիրավորում էր մրցավարին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս