Ինչի հաշվին է կրկնկապատկվել Հայաստանից Ղրղզստան արտահանումը
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից Ղրղզստան արտահանվել է 470.1 հազար դոլարի ապրանք։ Դա, իհարկե, չափազանց փոքր ծավալ է՝ հատկապես հաշվի առնելով, որ այդ երկիրը նույնպես ԵԱՏՄ անդամ է։ Սակայն դինամիկան դրական է. 2016 թվականի հունվար-հուլիսի համեմատ՝ Հայաստանից Ղրղզստան արտահանման ծավալն աճել է 2.3 անգամ։
Իսկ ինչի՞ հաշվին և ի՞նչ ենք արտահանում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բազաների տվյալներով՝ Հայաստանից Ղրղզստան արտահանման մեծ մասը դեղորայքն է. հունվար-հուլիսին արտահանվել է 198.8 հազար դոլարի կշռածրարած դեղամիջոցներ՝ 2.3 անգամ ավելի շատ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Երկրորդ խոշոր հոդվածը շոկոլադն է։ Տարվա առաջին 7 ամիսներին արտահանվել է 18 տոննա շոկոլադ՝ 89 հազար դոլար մաքսային արժեքով։ Երրորդ տեղում հաշվողական տեխնիկան է՝ 70 հազար դոլար։ Ընդ որում, շոկոլադի և տեխնիկայի արտահանումը նախորդ տարի այնքան քիչ է եղել, որ համեմատական անգամ տրված չէ։
Այսինքն, Հայաստանից Ղրղսզստան արտահանման կտրուկ աճը պայմանավորված է գլխավորապես այս 3 ապրանքախմբերով։
Բացի սրանցից, այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից Ղրղզստան արտահանվել է 21 հազար դոլարի թունդ ալկոհային խմիչք (հիմնականում կոնյակ), 19,5 հազար դոլարի այլ տեսակի սննդամթերք, ինչպես նաև ևս մի քանի անուն ապրանքներ (հանքային ջուր, մրգեր ընկույզ և այլն), որոնց քանակը չափազանց փոքր է։