Բաժիններ՝

«Որևէ մեկն իրավունք չունի հայրենասիրական թե կեղծ պաթոսի նկատառումներից ելնելով՝ հայաֆիկացնել մեծությունների անունները. դա առնվազն տգիտության նշան է». Ռուբեն Անգալադյան

«Ծովն իմ կյանքն է, և բախտը ժպտացել է ինձ»,- կյանքի ավարտին այս խոսքերով է բնորոշել ապրած տարիներն աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, ում մասին լեգենդները մինչ օրս կենսունակ են մնում հարազատ ծննդավայր Թեոդոսիայում, որտեղ դեռ պատանի տղան ածուխի կտորով նկարներ էր անում հայկական թաղամասի տների ճերմակ պատերին: Ծովանկարչի ընդգծված հայկականությամբ լեցուն կտավները 200 տարի անց՝ արդեն հոբելյանական ցուցադրությամբ, սեպտեմբերի 15-ին կներկայանան հայ հանդիսատեսին։

Հայաստանյան ցուցադրությանը կտեսնենք աշխարհահռչակ ծովանկարչի վրձնին պատկանող՝ Մխիթարյան միաբանությունում պահվող «Քաոսը» (1841թ)։ Ազգային պատկերասրահից մեզ տեղեկացրին, որ ծովանկարչի 200-ամյակի առիթով կազմակերպվող ցուցադրության համար ռուսաստանյան թանգարաններից և Տրետյակովյան պատկերասրահից հրաժարվել են Ազգային պատկերասրահին տրամադրել ծովանկարչի կտավները։

Այստեղ պետք է հիշել, որ դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Այվազովսկու՝ Թեոդոսիայի թանգարանում պահվող հավաքածուի բոլոր կտավները շատ մեծ դժվարությամբ՝ Կերչը հատելով, հասել են Հայաստան։ Ցուցահանդեսից հետո ծովանկարչի բոլոր գործերը վերադարձվել են Ղրիմ։ Մոսկովյան և Տրետյակովյան պատկերասրահի մերժումների պատճառներին կարելի է առանձին անդրադարձ կատարել, իսկ առայժմ «168 Ժամը» հանդիպել և Հովհաննես Այվազովսկու 200-ամյակի առիթով զրուցել է այս օրերին Հայաստանում գտնվող մշակութաբան և փիլիսոփա Ռուբեն Անգալադյանի հետ։

Կարդացեք նաև

Մեր բարդ պատմությունը մեզ տվել է շատ բարդ երևույթներ, որոնցից մեկը, անկասկած, եղել և մնում է Հովհաննես Այվազովսկին

– Ռուսներն ասում են, որ նա ռուս նկարիչ է, հայերը խոսում են նրա հայկական արմատների մասին։ Ես կարծում եմ՝ եթե խորն ուսումնասիրես Այվազովսկուն և այն միջավայրը, որտեղ նա ծնվել և մեծացել է, կուրվագծվի հետևյալ պատկերը։ Ռուսական բանակի կողմից Ղրիմը նոր-նոր էր գրավվել, երբ Այվազովսկու հայրը՝ Կոնստանտին (Գևորգ) Այվազովսկին, հայտնվում է Ղրիմում։ Այդ տարիներին այնտեղ ապրում էին հույներ, ռուսներ, իտալացիներ, ջենովացիներ, վենետիկցիներ, նաև հայեր։

Հովհաննես Այվազովսկին սերտ կապերով կապված է եղել Ղրիմի Հայկական եկեղեցու հետ, որտեղ գրանցել և կնքել են նրան, որտեղ հետագայում պսակադրվել և նաև կյանքի վերջին տարիներին որմնանկարներ է ստեղծել նա։ Այստեղ է տեղի ունեցել նաև մեծ ծովանկարչի վերջին հրաժեշտը։ Հետագայում մենք տեղեկանում ենք, թե ինչ մեծ գումար է նա թողնում եկեղեցուն, և առհասարակ՝ իր վերաբերմունքի մասին հայկական և հայկականության նկատմամբ, որ նկարիչի ողջ կյանքի ընթացքում նույնատիպ է՝ նա հայկական աշխարհը բացառապես չի լքում։

Չմոռանանք նաև, որ Այվազովսկին հաճախել է հայկական դպրոց և վարժ գրել և կարդացել է հայերեն։ Ողջ կյանքի ընթացքում նրա այսօրինակ վերաբերմունքը փոփոխության չի ենթարկվում։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նա 40-ից ավելի հայկական թեմատիկայով կտավներ է ստեղծել, որոնցից և որևէ մեկը նրան երբեք չի պատվիրել։ Ցանկացել է նկարել գեներալ Լոռիս Մելիքովի դիմանկարը կամ Նախիջևանի քաղաքագլխի պորտրետը՝ արել է, չմոռանանք, «Բայրոնը Վենետիկում» կտավը նա նկարել է կյանքի վերջում՝ 1897 թվականին։ Իր ստեղծագործ տեսակով նա ազատ մարդ էր. հասկանո՞ւմ եք՝ ինչ ասել է՝ լինել ազատ ստեղծագործող, երբ հրաշալիորեն տիրապետում ես ում հետ՝ ինչպես վարվելու արվեստին։ Հայկական թեմաներն իր ներսում են եղել ուղղակի, և վերջ։

Եվրոպան՝ Հովհաննես Այվազովսկու արվեստում

– Հովհաննես Այվազովսկուն օգնել է եղբայրը՝ Սարգիս Այվազովսկին։ Եղբայրները ջերմ հարաբերությունների մեջ են եղել, սա պարզ է, բայց պարզ է նաև ուրիշ մի բան, որ Եվրոպան Հովհաննես Այվազովսկուն ընդունում է անմիջապես և իբրև յուրայինի։ 1840 թվականին ակադեմիան Այվազովսկուն գործուղում է Արևմտյան Եվրոպա՝ կատարելագործվելու։ Նա լինում է Իտալիայում՝ նաև Սուրբ Ղազար կղզում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Անգլիայում, մասնակցում ցուցահանդեսների, արժանանում համընդհանուր ճանաչման։ Այվազովսկին մտերմանում է Կարլ Բրյուլովի և Միխայիլ Գլինկայի շրջանի արվեստագետների հետ։ Եվրոպական ցանկացած երկրի կողմից, որտեղ նա լինում է, արժանանում է ակադեմիկոսի կոչման։

Նույն 1840 թվականին, երբ նա իր «Քաոս» կտավը նվիրում է Մխիթարյանների միաբանությանը, այն հասնում է մինչև Հռոմի պապին։ Հայտնի է, որ այդ կտավն իր բովանդակությամբ Վենետիկում կրոնական խնդիրներ կարող էր առաջացնել, բայց, ի զարմանս բոլորի, Հռոմի Գրիգորիուս XVI-րդ Պապը հայտարարում է, որ ինքը կցանկանար ունենալ այդ աշխատանքն իր հավաքածուում։

Այվազովսկին շատ բարդ նկարիչ է. թվում, թե պարզ է, բայց բոլորովին այդպես չէ

– Մենք նայում ենք իր կտավներին և տեսնում ենք կործանվող նավեր, խեղդվող մարդկային կյանքեր, բայց, արի ու տես, որ մենք չենք սարսափում, այլ հավատում ենք, որ նրանք չեն զոհվելու, որ նրանք ապրելու են։ Դրանք մեզ վրա սարսափազդու տպավորություն չեն թողնում՝ հակառակը՝ կյանք են ներշնչում։ Բոլորովին հակառակ պատկերն է, օրինակ՝ Թեոդոր Ժերիկոյի մոտ, երբ նույնաբովանդակ նկարը սարսափեցնող տպավորություն կարող է թողնել։

Այվազովսկին ոչ միայն մեծ նկարիչ է, այլև մեծ մարդ, քաղաքական գործիչ և հայ։ 1897 թվականին՝ համիդյան ջարդի օրերին, նա սկսում է վաճառել նկարներն ու ստացված գումարները որպես օգնություն նվիրաբերում հայերին և հույներին։ Իր կենսագրությունից հայտնի դրվագ է՝ ջարդի դեպքերն այնքան էին զայրացրել նկարչին, որ նա ծովն է նետում Թուրքիո կայսրությունից երբևէ ստացած բոլոր շքանշանները։ Հիշո՞ւմ եք իր ինքնանկարը՝ բոլոր շքանշաններով։ Ահասարսուռ դեպքերից հետո նա ժամանակ է գտնում նկարելու նոր ինքնանկար, սակայն՝ առանց այդ շքանշանների։ Նա նաև մեծ փիլիսոփա է։ Վերցնենք միայն նրա գործերից երկուսը՝ «Քաոսը» և կյանքի վերջին տարիներին ստեղծած «Ալիքը»։

Վերջին կտավում ոչինչ չկա՝ միայն ջրի տեսքով ալիք, որ կարծես գալիս է ուղիղ վրադ։ Մոտենում ես, ու թվում է՝ ուր որ է ալիքը քեզ իր հորձանուտը կտանի։ Դու զգում ես ջրի սառնությունը, ուժը, հոտը։ Բացի գեղանկար լինելուց, սա ֆանտաստիկ և խորը փիլիսոփայություն է։ Իր յուրաքանչյուր կտավում, կարծես, Այվազովսկին ասում է՝ դուք հավասար եք՝ բնություն և մարդիկ, մինչև անգամ, երբ դուք կործանվում եք հզոր ալիքների տակ, միևնույն է, դուք մնում եք հավասար։ Այվազովսկին իր ողջ կյանքում՝ մինչև խորը ծերություն, շարունակ նկարել է, մեզ՝ հետնորդներիս, անդադար ցույց տալով, որ իր ֆենոմենն ուրիշ է։

Հովհաննես Այվազյա՞ն, թե՞ Իվան Այվազովսկի

– Տարիներ առաջ ռուսական նկարչության հավաքածուն Հայաստանի Ազգային պատկերասրահից տեղափոխել էին ռուսաստանյան ցուցադրության։ Հայաստանյան կողմից ասվել էր, որ ծովանկարիչն անպայման ներկայացվի՝ իբրև Հովհաննես Այվազյան։ Գիտե՞ք, սա հեղինակային օրենքի խախտում է։ Տվյալ անձնավորությունն աշխարհին ներկայացել է՝ որպես Իվան Այվազովսկի։

Դու կարող ես գրել՝ ինչ ուզում ես, բայց դա օրենքի խախտում է, այնպես, ինչպես Գառզուն՝ Գառզու է, Ժանսեմը՝ Ժանսեմ, և Արշիլ Գորկին՝ Արշիլ Գորկի։ Իրենք իրենց համար ընտրել են այդ անունները՝ դարձնելով դրանք սիմվոլ։ Որևէ մեկն իրավունք չունի հայրենասիրական թե կեղծ պաթոսի նկատառումներից ելնելով՝ հայաֆիկացնել այդ մեծությունների անունը, որովհետև դա առնվազն տգիտության նշան է։ Ուրիշ հարց է, որ մեր կենցաղում՝ զուտ հայկական իրականության մեջ, ինչպես կուզենք՝ կանվանենք։ Այստեղ մեզ մոտ շատ հաճախ, օրինակ, Արշիլ Գորկու անվան կողքին փակագծերում գրում են՝ Ոստանիկ Ադոյան։

Միաժամանակ չենք կարող չնկատել, որ այդ ամենն արվում է նման կարգի մեծություններին իրապես չգնահատելու ֆոնին։ Շատ հեռու չգնալով՝ ասեմ, որ Արշիլ Գորկու վերջին փառահեղ ալբոմի հիմնական հովանավորներն օտարազգիներն են։ Հովանավորների երկար ու ձիգ ցուցակում բացառապես մեկ հայի անուն կգտնեք։ Անունների հարցով ես որևէ մեկի հետ պոլեմիկայի մեջ մտնել չեմ ուզում ո՛չ Հայաստանից, ո՛չ Ռուսաստանից։

Հայտնի փաստ է, որ լինելով Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ և Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ՝ նա ստացել է նաև պատվերներ ռուսաստանյան կողմից և կատարել ու վերաբերվել է դրանց՝ որպես աշխատանքի։ Ոգու խնդիրներն իր արվեստում Այվազովսկին լուծել է միայն հայկականությամբ։ Թե ինչպե՞ս կարելի է գնահատել մեծ ծովանկարչի 200-ամյակի նվիրված հոբելյանական միջոցառումների ընթացքն այստեղ, առնվազն գոհացուցիչ չէ։ Ես գոհ լինել չեմ կարող։ Առհասարակ հայաստանյան հոբելյանական միջոցառումներն ինձ դուր չեն գալիս։

Մենք չենք սիրում ինքներս մեզ, մենք գոռոզ ենք, հպարտ չենք։ Երբ Տերյանն ասում է՝ «Դու հպարտ չես, իմ հայրենիք», ես հասկանում եմ, թե ինչ է ասում այդ մեծ հայն ու բանաստեղծը…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս