«Նեռի զավակներն ուզում են մեր ոտքի տակի հողը՝ մեր հավատքը, քանդել. Նիկոլը  դարձել է նրանց խոնարհ ծառան, և Աստված իրեն կպատժի, դա անխուսափելի է». Լիա Ավետիսյան

Գրող-հրապարակախոս Լիա Ավետիսյանի խոսքով՝ Առաքելական եկեղեցու և հոգևոր դասի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի սկսած գրոհը նրա սեփական նախաձեռնությունը չէ. քրիստոնեության դեմ աշխարհով մեկ գնում է կատաղի պայքար, որը Հայաստանում իրականացվում է կարգալույծ նախկին քահանաների ու Նիկոլ Փաշինյանի ղեկավարմամբ։

«Նախորդ 10 տարվա ընթացքում միայն Ֆրանսիայում 290 եկեղեցի է փակվել, յուրաքանչյուրը նաև պատմական կոթող էր։ Աշխարհով մեկ եկեղեցիները փակվում են, դրանց շենքերում ճաշասրահներ են ստեղծում, ակումբներ, նույնիսկ քանդվում ու տեղում առանձնատներ են կառուցում, այսինքն՝ տարբեր ուղղություններով աշխատանքներ են տանում, միայն թե եկեղեցի չլինի։ Այս ամենի նախաձեռնողը, որքան էլ որ ծիծաղելի է՝ Վատիկանն է։ Վատիկանը մշտապես էկումենիզմի քողի տակ ուզում է փակել Հայոց եկեղեցին, խժռել»,- 168.am հետ զրույցում նշեց Լիա Ավետիսյանը՝ խոսելով Առաքելական եկեղեցու դեմ արշավի, դրա գլխավոր նպատակների և ազգի անելիքների մասին։

Հրապարակախոսը հիշեցրեց, որ 2018 թվականին Հռոմի պապը կազմակերպել էր  էկումենիստական աղոթք՝ Իտալիայի Բարի կղզու Սուրբ Նիկողայոսի սրբապատկերի մոտ։ Բոլորը գնացել էին, բացի Գարեգին Երկրորդ Վեհափառից, քանի որ գիտեր՝ գալու են նաև անգլիական և այլ եկեղեցիների կին եպիսկոպոսներ, սեռափոխ քահանաներ և այլն։

«Երբ այս մասին հայտնեցին Հռոմի պապին, ապա քիչ անց կարգալույծ մի քահանա իր թիմն ուղղեց գրոհելու Վեհարանը։ Մեկ շաբաթ զավթված Վեհարանում «օկուպանտները» երշիկ ու բաստուրմա էին ուտում։

Կարդացեք նաև

Սա համաշխարհային կազմակերպված բան է, և Նիկոլը հլու-հնազանդ կատարում է նրանց հրամանները։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն աղանդավոր ու սրբապիղծ է, այլև դրսի ուժերի կամակատարը։

2016 թվականին երբ Հռոմի Պապը եկել էր Հայաստան «որպես ուխտավոր՝ Քրիստոնեության ակունք», ասում էր, որ հետայսու պարտավոր է աղոթելու նաև հայերենով։ Սակայն 2 տարի անց իր կազմակերպած Բարի կղզու աղոթքն ընթացավ  ժամանակից իտալերենով, արաբերենով, հունարենով, իսկ հայերենն առհասարակ չհիշեց։ Ու մենք չենք զարմացել, քանի որ սովոր ենք Վատիկանի ստախոսությանը»,- շեշտեց Լիա Ավետիսյանը։

Ըստ նրա, եթե հանկարծ Հայոց Վեհափառին հեռացնեն, ապա սկզբում Վեհարան կբերեն մի սրիկայի, որը կքայքայի ամեն ինչ, կբաժանի, իսկ հետո «նրա գրպանն էլ մի սխալ կգցեն», նրան էլ կհանեն, ու ամեն ինչ կավարտվի, այդ թվում՝ մեր Սուրբ երկիրը։ Իրենց երազանքն Առաքելական եկեղեցին Վատիկանի մասնաճյուղ դարձնելն է, իսկ հայերին՝ արևմտյան երկրների և աշխարհի ճորտը։

«Հայերի հանդեպ այս արշավն առաջինը չէ. երբ 1666 թվականին Լեհաստանի բարգավաճող հայկական համայնքների դեմ սկսվեց վատիկանյան արշավ, ստիպում էին, որ եկեղեցու կարգը փոխեն, պատարագները լատիներեն մատուցվեն։ Հայերը, որ բարձր դիրք էին զբաղեցնում, առանձին վարչարարություն ունեին այնտեղ, դեմ էին։ Գնացին ընծաներով ու ոսկե քսակներով բողոքելու Լեհաստանի թագավորի մոտ, որը «պատահմամբ»  բացակայում էր։ Թագավորի կինը լսեց հայերի բողոքը, խոստացավ «զբաղվել» հարցով ու նամակ ուղարկեց, թե՝ «շարունակեք ճնշումը, շտապ կերպով պատարագները լատինացրեք»։

Արդյունքում՝ հայերը ստիպված վաճառեցին տները, գույքը, ձեռք բերեցին հողամասեր, հետևաբար՝ իշխանական տիտղոսներ։ Ուստի չպետք է զարմանանք, որ այդ երկրի բնակչության զգալի մասը նախկինում Հայոց եկեղեցու հետևորդ ու հայ են եղել, այդ թվում՝ ռեժիսոր Անջեյ Վայդան, Եժի Կավալերովիչը, նորարար Լուկասևիչը և շատ-շատերը։ Սակայն այսօր նրանք հայ չեն։

Սա հային կորցնելու շատ փորձված ձև է, հիմա Թուրքիայում էլ որքան կան ծպտյալ հայեր, բայց արտաքուստ՝ մուսուլման։ Մենք Աստծո ժողովուրդ ենք, մենք կանգնած ենք մեր հավատի վրա, դա է պատճառը, որ Նեռի զավակներն ուզում են մեր ոտքի տակի հողը՝ մեր հավատքը քանդել։ Նիկոլն էլ դարձել է նրանց խոնարհ ծառան, և Աստված իրեն կպատժի։ Դա անխուսափելի է։

Եթե Նիկոլ Փաշինյանն իրեն հավատացյալ է համարում, ապա ինչպե՞ս կարող է հավատացյալ մարդը նման պիղծ բառապաշար ունենալ, զարմանում եմ»,- ընդգծեց Լիա Ավետիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս