
Կոբախիձեն մեղադրել է «խորքային պետությանը» Վրաստանի իշխանություններին «ռուսամետ» պիտակավորում տալու համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեղադրել է օտարերկրյա քաղաքական գործիչներին համակարգված արշավ իրականացնելու մեջ, որի նպատակն է պիտակավորել վրացական կառավարությանը որպես «ռուսամետ»։ Այս մասին Կոբախիձեն երկար գրառում է կատարել «Ֆեսյբուք»-ի իր էջում։
Գրառման մեջ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանի կառավարությունը սկսել է թիրախավորվել միայն այն բանի համար, որ հրաժարվում է հետևել «արտաքին հրահանգներին», վերացրել է իր ինստիտուտներից արտաքին ազդեցությունն ու պահպանում է իր ինքնիշխանությունն առանց «ԼԳԲՏ քարոզչությանը տրվելու» կամ ներգրավվելու ռուս-ուկրաինական պատերազմում։
«Տարբեր երկրներում գործիչներին «ռուսամետ» պիտակավորում տալը «խորքային պետության» լավ փորձված ձեռագիրն է։ Այդ նպատակով այն որպես ամենաարդյունավետ գործիք օգտագործում է մեդիան, որը Եվրոպայում գրեթե ամբողջական վերահսկողության ու գրաքննության տակ է «խորքային պետության» կողմից։
Մոնոպոլիզացված մեդիայի շնորհիվ նրանք կարող են հեշտորեն կերտել ցանկացած կերպար ցանկացած քաղաքական գործչի համար։ Օրինակ, այն պահին, երբ Ֆրանսիայի ընդդիմության առաջնորդ Մարին Լե Պենի վարկանիշը հասավ կրիտիկական կետի, նա անմիջապես պիտակավորվեց որպես ռուսամետ՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու»,- գրել է Վրաստանի վարչապետը։
Նրա կարծիքով՝ «խորքային պետության» քարոզչությունը հիմա գլխավորապես ուղղված է վրացական իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանաշվիլու դեմ։
«Թեպետ այս տարիների ընթացքում լսում ենք մեղադրանքներ Բիձինա Իվանաշվիլիի ռուսամետ դիրքորոշման ու ռուսական կապերի մասին, մինչև հիմա դա հաստատող գեթ մեկ ապացույց չի բերվել»,- նշել է Կոբախիձեն։
Նա զուգահեռներ է տարել ԱՄՆ-ի հետ՝ մեջբերելով կոնգրեսական Թուլսի Գաբարդի պնդումներն այն մասին, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության ու քարոզարշավի գործում ռուսական միջամտության մասին պնդումները հորինվել էին Օբամայի վարչակազմի ու ԱՄՆ «խորքային պետության» կողմից։ Կոբախիձեի խոսքով՝ նույն տակտիկան այժմ կիրառվում է միջազգայնորեն՝ ճնշելու սուվերեն կառավարություններին ժողովրդավարության մտահոգության պատրվակի ներքո։
Շնորհակալություն հայտնելով Գաբարդին նրա դիրքորոշման համար՝ Վրաստանի վարչապետն ընդգծել է այս ամենի մասին քաղաքացիների՝ տեղեկացված լինելու կարևորությունը՝ հավելելով․ «Տեղեկացված հասարակությունը ուժեղ պետության ամենամեծ երաշխավորն է»։