
Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը։
Կարգավորումը միտված է պաշտպանելու ինչպես մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների և պետության, այնպես էլ փորձաքննության պատվեր ներկայացնող անձի շահերը մշակութային արժեքների փորձաքննության ընթացքում առաջացող հնարավոր վնասներից:
Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրումը կատարվում է՝ կնքելով մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագիր։ Պայմանագիրը հնարավորություն է ընձեռում փոխհատուցել պետությանը կամ պատվեր ներկայացնող անձին հասցված վնասները, որոնք առաջացել են փորձաքննություն իրականացնող մասնագետի ոչ կանխամտածված գործողությունների (անփույթ արարքի, սխալմունքի կամ բացթողման) հետևանքով:
Փորձագետներն իրենց գործունեության ողջ ընթացքում պետք է ունենան ապահովագրության պայմանագիր: Փորձագետների գործունեության ապահովագրության գումարները հաշվարկվել են ՀՀ ապահովագրողների միության անդամների հետ համատեղ՝ հիմք ընդունելով վերջին հինգ տարիների փորձաքննված մշակութային արժեքների վերաբերյալ վիճակագրությունը:
Փորձագետի ապահովագրության համար սահմանվել է 500 հազարից մինչև 15 մլն ՀՀ դրամ տարեկան ապահովագրության ընդհանուր սահմանաչափ՝ ըստ տվյալ մասնագետի նախորդ տարվա ընթացքում մատուցած ծառայությունների շրջանառության ծավալի: Նոր գրանցված փորձագետների համար սահմանվում է 5 մլն դրամ սահմանաչափ:
Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մարտի 1-ից: Կարգի ընդունումը բխում է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի պահանջից։
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ