Հայի ինքնության պահպանման գաղտնիքը քննարկվել է Կոնգրեսի գրադարանում

«Ես վերաբացահայտեցի իմ հայի ինքնությունը որպես հասուն մարդ, երբ սկսեցի գիտակցել, թե ինչն է ինձ համար իրականում կարեւոր», – անվանի ամերիկայահ գրող Քրիս Բոհջալյանը նշում է, որ իր ազգային ինքնությունը միշտ իր հետ էր:

«Մայրս էր, ով հորդորում էր ինձ կարդալ Վիլյամ Սարոյանի գրքերը, հիշեցնում Ռուբեն Մամուլյանի ֆիլմերի մասին», – նշում է Բոհջալյանը:

«Ամերիկայի ձայնը»ի փոխանցմամբ՝ իր հայի ինքնության մասին անվանի գրողը խոսել է Վաշինգտոնում՝ Կոնգրեսի գրադարանում անցնող Վարդանանց օրվա դասախոսությունների շրջանակներում: Նախաձեռնություն, որը շարունակվում է արդեն 21 տարի, դառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների կայունության եւս մի խորհրդանիշ, նշում է դասախոսությանը ներկա ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը.

«Չնայած փոփոխությունների Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում, Կոնգրեսի գրադարանի նման հաստատությունները դրանց մշակութային նախաձեռնություններով օգնում են մեզ առավել զարգացնել հայ-ամերիկյան բարեկամությունը»:

Վարդանանց օրվա դասախոսությունների նախաձեռնող, Կոնգրեսի գրադարանի աշխատակից Լեւոն Ավդոյանի խոսքով, արդի գրողներից Քրիս Բոհջալյանը լավագույնս է մարմնավորում հայի ինքնության պահպանումը արտերկրում.

«Երբ մտածում եմ գրականության մեջ ինքնության պահպանման մասին, միայն մեկ անուն է մտքովս անցնում ներկաներից, այնպես որ ես խնդրեցի Քրիսին խոսել գրական ստեղծագործության վրա ազգային ինքնության ազդեցության մասին»:

Քրիս Բոհջալյանը հիշեցնում է, որ 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ամերիկյան հասարակության ուշադրության կենտրոնում էր. Մերձավոր Արեւելքի օգնության կազմակերպության կողմից Միացյալ Նահանգների քաղաքացիներից հանգանակած գումարով հնարավոր եղավ փրկել ավելի քան 125 հազար կին եւ երեխա, իսկ ամերիկյան մամուլը Մեծ եղեռնին նվիրված հարյուրավոր հոդվածներ էր հրապարակում: Չնայած դրան, մեկ դար անց Միացյալ Նահանգների հասարակության մեծ մասը բավարար չափով տեղեկացված չէր Հայոց ցեղասպանության մասին: Այդ իսկ պատճառով Բոհջալյանը որոշում է գրել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը, որն առաջին հերթին ուղղված է արտերկրյա ընթերցողին.

«Ինչ վերաբերում է ինքնությանն ու ցեղասպանությանը, երբ խոսում ենք ցեղասպանության մասին, միշտ խոսում ենք թվերի մասին՝ վեց միլիոն, մեկ եւ կես միլիոն: Բայց խոսքը միայն նահատակների թվի մասին չէ, խոսքը նաեւ նրանց կյանքի պատմությունների մասին է, եւ այդ պատճառով է կարեւոր հավաքել այդ պատմությունները, հավաքել փաստաթղթերը, լուսանկարները, պահպանել մեր մշակութային ինքնությունը»:

Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը թարգմանվել եւ հրապարակվել է տասնյակ լեզուներով՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում, Բրազիլիայում, Լատվիայում: Գիրք, որն ըստ Բոհջալյանի եւս մեկ անգամ հաստատում է հայերի դարերով անցած, ցեղասպանություն վերապրած ժողովրդի խոստումը՝ եղել ենք, կանք ու կլինենք:

Տեսանյութեր

Լրահոս