Բաժիններ՝

Գուրգեն Թոնունց. Դերասան, որի մասին կարելի է արկածային ֆիլմ նկարահանել

Գուրգեն Թոնունց։ Այս դերասանի անունը շատերի մոտ նույնանում է լեգենդար հեղափոխական Կամոյի անվան հետ, որի դերի կատարումը Ստեփան Կևորկովի և Էրազմ Քարամյանի «Անձամբ ճանաչում եմ» ֆիլմում հիրավի համաժողովրդական ճանաչում բերեց այն ժամանակ քչերին հայտնի գավառային թատրոնի դերասան Գուրգեն Թոնունցին։ Բայց քչերը գիտեն, որ Գուրգեն Թոնունցը այն հազվագյուտ արվեստագետներից է, որոնց մասին կարելի է հերոսական-արկածային գեղարվեստական ֆիլմ նկարահանել։

… 1942 թվականի օգոստոսի 27։ Մուրմանսկ քաղաքի նավահանգստի մատույցներում «ՍԿՐ-19» պահականավակը, որն ուներ ընդամենը չորս թնդանոթ և մի քանի գնդացիր, անհավասար մարտի է բռնվում գերմանական ռազմածովային նավատորմի պարծանք «Ծովակալ Շեեր» հածանավի հետ, որն ուներ 70 թնդանոթ։ Այդ հսկայական նավը ոչինչ չկարողացավ անել մեր փոքրիկ նավակի հետ։ Հրթիռներ արձակելով՝ խորհրդային նավաստիները յուրօրինակ ծխե վարագույր ստեղծեցին իրենց ու հածանավի միջև։ Ծխով վարագուրված՝ նրանք մոտենում էին հածանավին, մի քանի համազարկ տալիս և նորից թաքնվում ծխի մեջ։ Մեր նավակին օգնում էր մերձափնյա հրետանին, որը նույնպես համազարկեր էր տալիս թշնամու նավի ուղղությամբ։

Գնդացրային մարտկոցի հրամանատարը, որի կարգադրությամբ նավաստիները հրթիռներ էին արձակում, թեև վիրավորվել էր մեջքից ու ոտքից, շարունակում էր օգնել ընկերներին։ Նա սողալով ականներ էր մատակարարում հրետանավորներին։ Գերմանական նավը խորհրդային նավաստիների դիպուկ կրակահերթերից հրդեհվեց և փախուստի դիմեց։ Գնդացրային մարտկոցի հրամանատարը որոշ ժամանակ հոսպիտալում բուժվելուց հետո, որպես երկրորդ կարգի հաշմանդամ, զորացրվեց բանակից։ Բայց մի քանի ամիս անց նա կարողացավ համոզել բժիշկներին և նորից շարք վերադառնալ։ Նավատորմի մասին խոսելն ավելորդ էր, և նրան ուղարկեցին մոտոցիկլետային գունդ՝ որպես հետախույզ։ Օգնեց գերմաներենի գերազանց իմացությունը։ Այստեղ էլ նա աչքի ընկավ իր համարձակությամբ, դժվարին կացությունից դուրս գալու միակ ելքը գտնելու հմտությամբ։

Այդ խիզախ նավաստին հենց ապագա մեծ դերասան Գուրգեն Թոնունցն էր։ Նրա մարտական մյուս սխրանքների մասին պատումը դիտավորյալ բաց եմ թողնում և անցնում մեր հանդիպման բուն նպատակին։

…Ես քանիցս առիթ եմ ունեցել տեսնելու Գուրգեն Թոնունցին    զանազան միջոցառումների ժամանակ, կինոփառատոններում, անգամ մի օր «Հրազդան»  մարզադաշտում  կողք-կողքի նստած դիտել ենք «Արարատ»-«Սպարտակ» խաղը։ Բայց ամենահիշարժանը, իհարկե, 1972 թվականի օգոստոսին նրա մոսկովյան բնակարանում կայացած հանդիպումն էր։ Ես Մոսկվայում էի գտնվում Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի կեսդարյա հոբելյանին նվիրված նյութեր հայթայթելու նպատակով։ Այդ օրերին թատերական աշխատողների Մերձմոսկովյան հանգստյան տանը ինձ հաջողվեց հանդիպումներ ունենալ խորհրդային բեմարվեստի մի քանի ականավոր դեմքերի ու նաև Անաստաս Միկոյանի և Հովհաննես Բաղրամյանի  հետ։ Բնական է, որ չէի կարող չայցելել նաև Գուրգեն Թոնունցին, ով այդ շոգ ամռանը, բարեբախտաբար, դեռ չէր հասցրել մեկնել Մոսկվայից։

Պայմանավորված ժամին սեղմեցի նրա բնակարանի զանգի կոճակը։ Դուռը բացեց տանտերը՝ ուզբեկական խալաթը հագին։ Իսկը՝ Խոջա Նասրեդդին։ Ներս հրավիրեց։ Տանը մենակ էր, տնեցիները փախել էին շոգից։ Տանտերը զբաղված էր ռուսական կվաս պատրաստելով։ Տեսնելով այդ հրաշք ըմպելիքը՝ ես մի այնպիսի հոգոց հանեցի, որ Թոնունցը զարմացած նայեց ինձ։ Բանն այն էր, որ այդ տարի Մոսկվայում անասելի շոգ էր, այրվում էին Մերձմոսկովյան տորֆի հանքերը։ Ես,որ  Երևանում օրական մի դույլ ջուր էի խմում, ծարավից տառապում էի։ Միակ ելքը կվասն էր, որի համար հերթը ձգվում էր մի քանի տասնյակ մետրեր։ Տեսնելով, որ Թոնունցը կվաս է պատրաստում, ես այլևս չհամբերեցի և խնդրեցի հյուրասիրել։

– Սա դեռ պատրաստ չէ, մի շաբաթ էլ պիտի համբերեք,- կատակով  ասաց Թոնունցը, հետո, նկատելով աղերսական հայացքս, շարունակեց,- բայց այսպիսի լավ հյուրի համար մենք միշտ էլ կվաս կճարենք:

– Եվ բացեց սառնարանն ու այնտեղից հանեց կվասով լեցուն կավե մի մեծ  կուժ։ Ես այնպիսի ագահությամբ խմեցի նրա մատուցած կեսլիտրանոց գավաթը, որ Թոնունցը կուժը դրեց իմ առաջ.

– Քանի մենք զրուցում ենք, դուք ձեր բաժին կվասը կունենաք,- մեծահոգաբար ինձ հանգստացրեց տանտերը։

Թեև հանդիպման առիթը Գ. Սունդուկյանի անվան թատրոնի հոբելյանն էր, բայց ես մտադիր չէի սահմանափակվել միայն այդ թեմայով։ Այդպիսի հետաքրքիր զրուցակից ամեն օր չէ, որ հանդիպում է  լրագրողին։ Թոնունցը գիտեր գալուս նպատակը և արդեն պատրաստ էր մեր մայր թատրոնի մասին խոսք ասելուն։ Բայց ես բազմաթիվ հարցեր ունեի նրան տալու, հատուկ հանձնարարություն էի ստացել ութամյա որդուցս՝Հրաչիկից, որին քեռի Գուրգենը Երևանում խոստացել էր իր լուսանկարը։ Իրոք, Գուրգեն Թոնունցի երևանյան հանդիպումներից մեկի ժամանակ ես հետս էի տարել նաև որդուս։ Նա համարձակորեն մոտեցել էր Թոնունցին և ռուսերեն ասել.

– Дядя Камо, подарите мне Ваше фото.

Թոնունցը, որ այդ պահին պատրաստ չէր այդ խնդրանքը կատարելուն, խոստացավ հաջորդ անգամ անպայման նվիրել իր լուսանկարը։

Նախքան բուն նյութին անցնելը, Թոնունցը հարցուփորձ արեց իմ գործերի մասին, հետո հարցրեց Հրաչիկից։ Ես ասացի, որ գերազանց գնահատականներով փոխադրվել է երկրորդ դասարան և անհամբերությամբ սպասում է սեպտեմբերի 1-ին։

– Ես ամեն ինչ հիշում եմ, ձեր տղան անպայման կստանա իր նվերը,- ասաց անվանի արվեստագետը։ Նա գրասեղանի դարակից հանեց իր լուսանկարների մի ամբողջ տրցակ և դրանց միջից ընտրեց մեկը, որտեղ լուսանկարված էր Կամոյի գրիմով։ Վերցրեց և մակագրեց.

«Маленькому Рачику от большого дяди Гургена. Будь смелым и удачливым в жизни, как Камо. Нар. артист республики Г. Тонунц. 10.08.1972 г.»:

Ապա բավականին ջերմ խոսքեր ասաց Գ. Սունդուկյանի անվան թատրոնի մասին՝ դրանք ընդմիջարկելով  բարեմաղթանքի խոսքերով։ Շեշտեց բոլոր այն մեծերի անունները, ում արվեստով ինքը ոգեշնչված էր, մեկ-մեկ հիշեց իր սերնդակից այն դերասաններին, ում հետ աշխատել էր և կցանկանար, որ այդ համագործակցությունը շարունակական լիներ։ Ես գրի առա դրանք, ապա մենք անցանք, ինչպես կասեին, ազատ թեմայով զրույցի։

– Դուք թատերական դերասանի բավականին մեծ փորձ ունեիք, անգամ եղել էիք խորհրդային  խոշորագույն կինոռեժիսորներից մեկի՝ Ալեքսանդր Դովժենկոյի ասիստենտը, երբ կայացավ ձեր կինեմատոգրաֆիական դեբյուտը։ Ինչո՞վ կբացատրեք դա։                             

– Հիրավի, Կուստանայի դրամատիկական թատրոնում խաղացել եմ բավականին լուրջ դերեր, օրինակ՝ Մոնտանելիի դերը «Բոռում» կամ Ֆերդինանդի դերը Շիլլերի «Սեր և խարդավանքում», սըր Տոբիի դերը Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշերում», Նուրովի դերը Ա. Օստրովսկու «Անօժիտը» դրամայում։ Բայց կինոյում դեռևս չէի նկարահանվել։ Երևի, ռեժիսորներն ինձ չէին նկատել։ Բայց, երբ 1957 թվականին իմացա, որ Երևանում Ստեփան Կևորկովը և Էրազմ Քարամյանը մտադիր են Կամոյի մասին ֆիլմ նկարահանել, ես նրանց ուղարկեցի իմ լուսանկարը և նամակում նշեցի, որ ես հենց այն դերասանն եմ, որին նրանք փնտրում են Կամոյի դերի համար։

Լուսանկարս սիրողական էր, այն էլ չափազանց վատ որակի։ Դրանում ես նման չէի ոչ միայն Կամոյին, այլ նաև ինքս ինձ,- կատակեց Թոնունցը։- Դրա համար էլ  նամակս մնաց անպատասխան։ Եվ միայն այն բանից հետո, երբ Մոսկվայում հանդիպեցի ապագա ֆիլմի ռեժիսորներին և զրուցեցի նրանց հետ, նրանք խոստացան փորձել ինձ Կամոյի դերում։ Բայց, ինչպես պարզ դարձավ հետագայում, միայն նրանք չէին  որոշողները, վերջնական  որոշումը դեռ չէր կայացվել։

Բանն այն էր, որ ֆիլմի խորհրդատուն Կամոյի քույրն էր, ճանաչված հեղափոխական գործիչ Ջավահիր Խուտուլաշվիլին։Նրանից շատ բան էր կախված։ Ցավոք, Ջավահիրը կտրականապես առարկեց՝ պնդելով, թե ես նման չեմ Կամոյին։ Ռեժիսորները փորձում էին համոզել նրան, որ կինոյում ամեն հրաշք հնարավոր է։ Ի վերջո, Ջավահիրը մեծահոգաբար զիջեց, բայց, ինչպես հետագայում խոստովանեց, խորապես համոզված էր, որ ինձանից Կամո չի ստացվի։ Հետո, երբ կայացավ ֆիլմի անդրանիկ դիտումը, որին անհամբերությամբ սպասում էինք ես և բեմադրողները, Ջավահիրը մոտեցավ ինձ, գրկեց և հուզված ձայնով ասաց. «Գուրգեն ջան, դու տոչ-տոչ իմ Սիմիկոն ես»…

Ահա այսպես ես կայացա որպես Կամո։

-Իսկ ինչո՞ւ էիք այդքան համոզված, որ Կամոն հենց ձեր դերն է։ Մանավանդ, որ դուք արդեն 35 տարեկան էիք։ Իսկ այդ տարիքում ոչ ոք չի սկսում։

-Որովհետև ես մանկուց եմ խաղացել Կամո։ Այո, Թբիլիսիում ապրել եմ հենց Կամոյի անունը կրող փողոցում։ Ծնողներս, որ հեղափոխականներ էին, անձամբ ծանոթ էին Կամոյին՝ Սիմոն Արշակի Տեր-Պետրոսյանին, և շատ էին ինձ պատմել նրա սխրանքների մասին։ Մեր մանկական խաղերի ժամանակ ես միշտ Կամոյի դերն էի կատարում։ Կամոյի կյանքը կարծես իմը լիներ, մենք չափազանց հոգեհարազատ էինք։ Ահա թե ինչու ես այդքան համոզված էի, որ եկել է իմ աստեղային ժամը, որ վերջապես կկարողանամ մարմնավորել իմ մանկության հերոսի կերպարը։ Ահա թե ինչու, ամենևին էլ չժխտելով մյուս թեկնածուների դերասանական շնորհքը, ես համոզված էի, որ Կամոն ի՛մ դերն է։

-Այդ առումով դուք չափազանց երջանիկ մարդ եք։ Դուք ոչ միայն խաղացիք Կամոյի դերը «Անձամբ ճանաչում եմ» ֆիլմում, այլև, կարծես, հատուկ ձեզ համար բեմադրվեց ևս երկու կինոնկար Կամոյի մասին՝ «Արտակարգ հանձնարարություն» և «Կամոյի վերջին սխրանքը»։ Առաջին ֆիլմը էկրան բարձրացավ 1958 թվականին, իսկ վերջինը նոր-նոր մոնտաժվում է։ Այսօր արդեն 1972 թվականն է։ Ըստ էության, դուք մեկուկես տասնամյակ Կամոյի կաշվի մեջ էիք։ Արդյոք դա չէ՞ր խանգարում ձեզ աշխատանքում։ Չէ՞ որ դուք նկարահանվում էիք նաև այլ ֆիլմերում։

– Ուղիղ 15 տարի ես Կամոյի կերպարի մեջ էի։ Բայց դա ինձ չէր խանգարում կերտելու նաև այլ կերպարներ։ Քիչ առաջ ասացի, որ Կամոն չափազանց հոգեհարազատ էր ինձ, մենք կարծես միաձուլված էինք, ուստի ինձ համար ամենևին էլ դժվար չէր ձերբազատվել Կամոյի «կապանքներից» և մտնել ուրիշի կաշվի մեջ։ Արդեն Կամոյի առաջին դերակատարումից երկու տարի անց Համո Բեկնազարյանը և Էրազմ Քարամյանը «Տաջիկֆիլմում» բեմադրեցին «Նասրեդդինը Խոջենտում կամ հմայված թագաժառանգը» ֆիլմը, որտեղ ես կատարեցի գլխավոր հերոսի դերը։ Ասում են, որ վատ չկատարեցի։ Համենայնդեպս, միջինասիական ոչ մի հանրապետությունում ինձ ոչ ոք չասաց, որ իմ Նասրեդդինը համոզիչ չէր։

– Ի դեպ, տարբեր ազգությունների հերոսների կերպարները մարմնավորելու մասին։ Դուք կինոյում կերտել եք ամենատարբեր ազգությունների մարդկանց կերպարներ։ Կոնկրետ Կամոյի մասին ֆիլմերում դուք մեկ վրացի իշխան եք, մեկ ռուս վաճառական, մեկ վրացի գեղջուկ եք, մեկ ինչ-որ անհայտ ազգության լրտես, ապա ուսանող։ Մեկ այլ ֆիլմում ուզբեկ Մորդան-բեկ եք, հետո ռուսական բանակի գեներալ, գերմանացի հետախույզ կամ հունգարացի սպա և այլն, և այլն։ Մի խոսքով, դուք՝ հայ դերասանդ, կերտել եք այլազգի հերոսների այնպիսի կերպարներ, որ այդ ժողովուրդների ներկայացուցիչները ձեզ, ավելի ճիշտ՝ ձեր հերոսներին, ընդունել են որպես յուրայինի։ Դա, իհարկե, դերասանի առաջնահերթ պարտականությունն է։ Բայց դուք այնպիսի վարպետությամբ եք կատարում հայ մարդու խառնվածքին  ոչ մի նմանություն չունեցող հերոսների կերպարները, որ էկրանին նայելիս դժվարանում ես հավատալ, որ էկրանին Գուրգեն Թոնունցն է։ Էլ չեմ ասում ձեր դիմահարդարվելու եզակի վարպետության մասին։ Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում։

Թոնունցը զարմացած դեմք ընդունելով ( համոզված եմ, որ այս անգամ էլ էր նա խաղում), դիմեց ինձ.

– Դուք այնպիսի մանրամասնությամբ վերլուծեցիք իմ կերտած կերպարները, որ ինձ մի պահ թվաց, թե ես զրուցում եմ ոչ թե լրագրողի, այլ կինոգետի հետ։

– Շնորհակալություն հաճոյախոսության համար, բայց ես էլ արհեստավարժ լրագրող եմ։ Տանը նախապատրաստվել եմ ձեզ հետ այս հարցազրույցին,- ասացի։ Իհարկե, ինձ համար հաճելի էր նման մի արվեստագետից  գովասանքի խոսքեր լսելը։ Բայց ես խնդրեցի պատասխանել իմ հարցին։

– Կերպարի մեջ մտնելը դերասանի հիմնական աշխատանքն է։ Նա, ով կարողանում է այդ բանն անել, նրա կերտած կերպարը հավատ է ներշնչում։ Ես յուրաքանչյուր դերին, անկախ նրա էկրանային տևողությունից, մոտենում եմ ամենայն պատասխանատվությամբ. մանրամասն ուսումնասիրում եմ ոչ միայն դերս, այլև, հնարավորինս, նաև իմ ապագա հերոսի հարազատ միջավայրը, նրա ժողովրդի սովորությունները, հաճախ նաև պատմությունը։ Օրինակ, Խոջա Նասրեդդինի՝ չքավորների և ճնշվածների այդ պաշտպանի, կերպարը համոզիչ դարձնելու համար բավական չէր միայն ցույց տալ իմ հերոսի հնարամտությունն ու սրամտությունը, նրա հմայքը։ Կարևորն այն էր, որպեսզի ես համոզեի կինոդիտողին, հատկապես՝ միջինասիական հանդիսատեսին, որ իմ հերոսը հենց տաջիկական ժողովրդական բանահյուսությունից եկած հերոսն է, այսինքն՝ յուրային է։

Դրա համար ես նկարահանումներից ազատ ժամանակ ժամերով թափառում էի քաղաքում, լինում էի արևելյան շուկաներում, ուշադրությամբ հետևում թե՛ առևտուր անողներին, թե ՛ գնորդներին։ Աշխատում էի ոչ մի մանրուք բաց չթողնել և նկարահանումների խցիկի մոտ վերարտադրել այն ամենը, ինչ յուրացրել էի։ Ահա թե ինչու իմ Նասրեդդինին ընդունեցին միջինասիական բոլոր հանրապետություններում, էլ չեմ խոսում մեր անծայրածիր երկրի մյուս կինոսերների մասին։ Եթե  անկեղծորեն խոսենք, ես դրանում ոչ մի արտակարգ բան չեմ արել, ես ուղղակի կատարել եմ իմ՝ դերասանիս պարտականությունները։ Ես չեմ սիրում մակերեսային աշխատանքը։ Ահա և ողջ գաղտնիքը։

– Դուք մանկո՞ւց եք երազել դերասան դառնալ…

– Դպրոցն ավարտելուց հետո ես հայտնվեցի երկընտրանքի առջև։ Հավասարապես սիրում էի թե՛ ծովայինի, թե՛ դերասանի մասնագիտությունը։ Ի վերջո, նախապատվությունը տվեցի ծովայինի  մասնագիտությանը։ Շուտով Մուրմանսկի ծովագնացության ուսումնարանի սան դարձա, պատրաստվում էի համալրելու առևտրական նավատորմը։ 1941-ի ամռանը, երբ ֆաշիստական Գերմանիան ուխտադրուժ հարձակվեց մեր երկրի վրա, ես իմ համակուրսեցիների հետ նավարկում էի ոչ մեծ սառցանավով, որը հարմարեցված էր առևտրական նավատորմի համար։ Դա «Դեժնյով» նավն էր։

Պատերազմի բոթը մեզ հասավ հարազատ ափերից շատ հեռու, և մենք անմիջապես շտապեցինք հայրենի նավահանգիստ՝ Մուրմանսկ։ Թեև մեզ՝ ապագա նավաստիներիս, բանակ չէին զորակոչում, մեր նավի ողջ անձնակազմը միահամուռ որոշեց զինվորագրվել Հայրենիքի  պաշտպանությանը։ Ավելին, մեր «Դեժնյով» նավը վերածելով պահականավակի, տալով «ՍԿՐ-19» անվանումը, մեզ կցեցին այդ նավակին և գործուղեցին ռազմաճակատ։ 1942 թվականի օգոստոսի 27-ին մեր պահականավակի և գերմանական «Ծովակալ Շեեր» հածանավի միջև տեղի ունեցավ բախում, որը մտավ երկրորդ աշխարհամարտի տարեգրության մեջ որպես արտառոց փաստ, երբ հսկայական ռազմանավը ոչինչ չկարողացավ անել փոքրիկ պահականավակի դեմ։ Ճիշտ է, այդ օրն ավարտվեց իմ՝ որպես ռազմական ծովայինի, կարիերան, բայց նշանավոր է  նաև նրանով, որ այդ օրը ես երկրորդ անգամ ծնվեցի։ Այնպես որ, ես ամեն տարի ծննդյանս օրը նշում եմ երկու անգամ։ Նախ՝ օգոստոսի 27-ին, ապա սեպտեմբերի 2-ին։

 – Ընդամենը մի քանի օր հետո լրանում է ձեր կեսդարյա հոբելյանը։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ հոբելյանի առթիվ և ցանկանում նորանոր ստեղծագործական հաջողություններ։ Իսկ ինչպե՞ս դասավորվեց ձեր կյանքը պատերազմից հետո։

– Պատերազմից հետո ի կատար ածվեց իմ մանկության երկրորդ երազանքը։ Ես դարձա դերասան։ Մնացածը գիտեք։ Հիմա եկեք մի քիչ զրուցենք դեսից-դենից։

Եվ մենք սկսեցինք խոսել «դեսից-դենից»։ Իմանալով, որ ես էլ եմ թիֆլիսեցի և լավ  գիտեմ ոչ միայն Կամոյի փողոցը, այլև այնտեղ գտնվող ծննդատունը, որտեղ ծնվել է իմ Հրաչիկը, ում դերասանը հենց նոր նվիրեց իր լուսանկարը, որ անձամբ քանիցս հանդիպել և զրուցել եմ Կամոյի քրոջ՝ Ջավահիր Խուտուլաշվիլու հետ, Գուրգեն Թոնունցը սկսեց ինձ հարցուփորձ անել Թբիլիսիից։ Երբ ես նրան ասացի, որ ծնվել և մեծացել եմ Սոլոլակում, որ մեր դպրոցը գտնվում է նույն փողոցում, ինչ Ռուբեն Մամուլյանի հայրական տունը, Գուրգեն Թոնունցը հարցախեղդ արեց ինձ։ Նրա աչքերը փայլատակեցին։ Նա խնդրեց ավելի մանրամասն պատմել այդ թաղամասի և Մամուլյանի բակի մասին։ Ես այդ բակը հինգ մատիս պես գիտեի, քանի որ ամեն օր լինում էի այդտեղ։ Այնտեղ էր ապրում իմ դպրոցական ընկեր Լևոն Դարբինյանը, ում հետ բասկետբոլ էինք խաղում Վրաստանի պատանեկան հավաքականում։ Իսկ երբ ասացի, որ տեսել եմ Ռուբեն Մամուլյանին, նա խնդրեց պատմել այդ հանդիպման մասին…

Իսկ դա 1961 թվականին էր, Մոսկվայի միջազգային առաջին կինոփառատոնի օրերին, այն փառատոնի, որի եզրափակիչ հանդիսությանը աշխարհահռչակ երկու դերասանուհիներ՝ Էլիզաբեթ Թեյլորը և Ջինա Լոլոբրիջիդան եկել էին միևնույն ձևի զգեստով։ Այդ նրբությունը առաջինը նկատեց Ռուբեն Մամուլյանը, որը և կանխագուշակեց աղմկալի մի սկանդալ՝ բացատրելով, որ նման վայրում դա պարզապես նոնսենս է։ Այդպես էլ եղավ։ Առաջինը դահլիճ մտած Թեյլորը անմիջապես հայտնվեց բոլոր ներկաների ուշադրության կենտրոնում։ Նրա զգեստն, իրոք, աղմուկ հանեց։ Բայց, երբ հինգ րոպե անց նույն (բայց գույնի աննշան տարբերությամբ) զգեստով դահլիճ մտավ Ջինա Լոլոբրիջիդան, արտասահմանցի բոլոր հյուրերը տարօրինակ հայացք գցեցին իտալացի աստղի վրա։

Այդ մթնոլորտը տևեց ընդամենը մի քանի վայրկյան, մինչև մրցակցուհու կողքով հպարտ կեցվածքով անցավ ամերիկացի կինոաստղը։ Ջինան պատրաստ էր հոշոտել մրցակցուհուն։ Միայն Ֆեդերիկո Ֆելինին կարողացավ զսպել կրքոտ իտալուհուն։

… Ավելի քան երկուսուկես ժամ մնացի Թոնունցի հյուրընկալ հարկի տակ։ Ես արդեն վաղուց վերջացրել էի իմ բաժին կվասը, ծոցատետրս լի էր մեր զրույցի մանրամասներով, և հրաժեշտ տվեցի մեր անվանի հայրենակցին։ Ինձ մի հարց էր տանջում, որ այնպես էլ չկարողացա տալ Գուրգեն Թոնունցին՝ ինչո՞ւ այդ դերասանը, որն իր ժողովրդականությամբ չէր զիջում խորհրդային մեծ երկրի շատ ու շատ արվեստագետների, հատկապես կինոյի աստղերի, մինչև օրս չէր արժանացել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման։ Եվ երկրորդ՝ ինչո՞ւ  մեր կինովավերագրողները այդ մարդու մասին փաստագրական ֆիլմ չեն նկարահանում։ Այս երկրորդ հարցիս պատասխանը չունեմ մինչև օրս: Իսկ առաջին հարցիս պատասխանը ստացա Երևանում՝ Հրաչյա Ղափլանյանից։ Նա ասաց, թե Թոնունցի դժբախտությունը նրանում է, որ մենք՝ հայերս, նրան համարում ենք մոսկվացի արվեստագետ, իսկ մոսկվացիները՝ հայաստանցի և չեն ուզում իրենց լիմիտից մի կոչում զոհաբերել կինոյի ամենաճանաչված աստղերից մեկին։ Ափսոս:

…Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է լեգենդար դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուրգեն Թոնունցի ծննդյան 95-ամյակը։ Ես, որ քանիցս առիթ եմ ունեցել հանդիպելու և զրուցելու մեր մեծ հայրենակցի հետ, նպատակահարմար համարեցի հուշերիս այս պատառիկը պատմել մեր արվեստասերներին և կրկին հիշեցնել նրանց 20 տարի առաջ մեզանից հեռացած մեծ արտիստի մասին, ում լուսանկարը սրբությամբ պահում է իմ որդին…

Լևոն ԱԶՐՈՅԱՆ     

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս