Իսրայելում քննարկում են Իրանին hասցվող hարվածների ուժեղացnւմը՝ պшտերազմից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու պատճառով
Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտադիր է ուժեղացնել հարվածները Իրանի տարածքին՝ մտավախություն ունենալով, որ մոտ ժամանակներս ԱՄՆ-ը կարող է դադարեցնել ռազմական գործողությունը և այս կամ այն պատրվակով հայտարարել իր հաղթանակի մասին։ Այս մասին, հղում անելով Իսրայելի կառավարության աղբյուրներին, հայտնել է Al-Monitor պորտալը։
Իսրայելի կառավարությունը՝ Նեթանյահուի գլխավորությամբ, կարծում է, որ հրեական պետությանը կհաջողվի հասնել իր առավելապաշտական նպատակին՝ Իրանի ղեկավարության փոփոխությանը։
Միևնույն ժամանակ, ինչպես նշում են պորտալի աղբյուրները, երկրի ղեկավարության ներսում պառակտում է նկատվում գործողության շարունակման հարցում։
Նեթանյահուն և հետախուզական մարմինները շարունակում են ձգտել Իրանի պետական կարգի փոփոխությանը, սակայն Իսրայելի պաշտպանության բանակը սկեպտիկորեն է վերաբերվում նման ծրագրին։
Այդուհանդերձ, ՑԱԽԱԼ-ը նպատակ է դրել Իրանին հնարավորինս մեծ վնաս հասցնել նախքան ԱՄՆ-ը կդադարեցնի ռազմական գործողությունը։
«Դեռ շատ խնդիրներ և թիրախներ կան։ Հարձակումների յուրաքանչյուր հավելյալ օրը նվեր է»,- նշել է Al-Monitor-ի աղբյուրը իսրայելական բանակի ղեկավարությունում։ Խոսքը նախևառաջ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներին, բալիստիկ հրթիռների և անօդաչու համակարգերի արտադրամասերին, ինչպես նաև վարչական օբյեկտներին։
Իրանի նկատմամբ առավելապաշտական գծի կողմնակիցները կարծում են, որ նույնիսկ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողության ակտիվ փուլի դադարեցումից հետո, Իրանի ղեկավարության փոփոխությանը հնարավոր կլինի հասնել Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցային ճնշման խստացման, ինչպես նաև Իրանի մոտակայքում ԱՄՆ ռազմածովային ուժերի մշտական ներկայության պահպանման միջոցով։



