Օձաբերդի պեղումներն ի հայտ են բերել նոր ու կարևոր տեղեկություններ
Օձաբերդ հնավայրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծովինար եւ Արծվանիստ համայնքների միջեւ: Այն գիտական շրջանակներին հայտնի է դեռեւս 1860-ական թվականներից: Օձաբերդի հյուսիս-արեւմտյան քարաժայռերից մեկի վրա է փորագրված Վանի թագավորության միապետ Ռուսա Առաջինի (Ք. ա. 735-713 թթ.) սեպագիր արձանագրությունը: Այստեղ հենց վկայված է հնավայրի անունը, որն ուրարտական միապետը կոչել է ամպրոպի, կայծակի աստված Թեյշեբայի պատվին՝ Թեյշեբա աստծո քաղաք:
Հնագետների կարծիքով՝ Օձաբերդը չափազանց կարեւոր նշանակություն ուներ: Այն կարեւոր կետ էր, որը հսկում էր Սեւանի ավազանի հարավային ավազանի երկայնքով տարածվող ամրոցների շղթան, ինչպես նաեւ՝ դեպի Սոթքի ոսկու հանքեր տանող ճանապարհը:
2014 թվականից Օձաբերդում իրականացվող պեղումներն այս տարի ընթացել են Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի կողմից` Գիտության պետական կոմիտեի «Ենթակառուցվածքների պահպանման եւ զարգացման» դրամաշնորհի շրջանակում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Օձաբերդի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը, վերջին տարիների պեղումները տալիս են կարեւոր տեղեկություններ ուրարտական եւ ետուրարտական շրջանների մի շարք կարեւոր հարցերի վերաբերյալ:
«Այս տարի հիմնականում աշխատանքները կենտրոնացվել են ամրոցի արեւելյան եւ հյուսիսարեւելյան հատվածներում: Ամրոցի արեւելյան հատվածում բացվեցին կիսակիկլոպյան շարվածքի պատերով մի կառույց եւ միջին մեծության քարերով արված դարավանդաձեւ հարթակներ: Այստեղ, ըստ մեր նախնական դիտարկումների, գործ ունենք մի քանի փուլերի հետ: Ըստ երեւույթին, վաղ փուլում կառուցվել է կիսակիկլոպյան շարվածքի պատերով կառույցը, իսկ այնուհետեւ այն վերածվել միջին մեծության քարերով դարավանդաձեւ հարթակի:
Ըստ մեր ունեցած նախնական տվյալների, այս կառույցները պետք է թվագրվեն Ք. ա. 8-6-րդ դարերով: Այս տեղամասից գտնվել են խեցեղենի բեկորներ, որոնք հիմնականում թվագրվում են միջին եւ ուշ երկաթի ժամանակաշրջաններով, ինչպես նաեւ կենդանական ոսկորներ, բրոնզե օղ, գամեր, աղորիք, ձկան կարթի ծանրոց եւ այլն: Տպավորիչ են բացված աղյուսները, որոնք իրենց չափերով հիշեցնում են ուրարտական աղյուսների չափերը, սակայն իրենց տեսքով եւ բաղադրությամբ խիստ տարբերվում են դրանցից: Ըստ երեւույթին, գործ ունենք ուրարտական աղյուսաշինական ավանդույթների տեղական իմիտացիայի հետ:
Այս տեղամասում բացվել են նաեւ մի քանի կավածեփ հատակներ, որոնց կառուցման համար նախ արվել է մանր քարերով հարթեցում: Խիստ հետաքրքիր են ամրոցի հյուսիսարեւելյան հատվածում արված պեղումների արդյունքները: Այստեղ աշխատել ենք երկու պեղավայրում: Առաջին պեղավայրում բացվեցին քարերով հարթեցում, այնուհետեւ հատակ եւ հզոր հրդեհի շերտ, որի արդյունքում խիստ վնասվել է մի կառույց (հավանաբար, պատ կամ բարձրացված հարթակ): Սա շատ կարևոր տեղեկություն է: Մյուս տեղամասում բացվեց 1,30 մետր բարձրությամբ եւ 3 մետր հաստությամբ մի պատ: Այստեղ` պատի դիմաց ֆիքսվեցին բազմաթիվ աղյուսներ, այնուհետ բացվեց այրված հատակը:
Այստեղ եւս առկա են հրդեհի շերտեր: Դեռեւս դժվար է ասել, թե վերը նշված պեղավայրերում ֆիքսված հրդեհը եղել է կենցաղայի՞ն, թե՞ ինչ-որ հարձակման հետեւանքով: Պատի տակ ֆիքսվեց նաեւ հիմնաժայռը: Ստորին հատակից գտնված խեցեղեն նյութը թույլ է տալիս պատի կառուցումը վերագրել Ք. ա. 8-րդ դարի վերջից 7-րդ դարն ընկած ժամանակահատվածով: Այս պեղավայրերում կան ավելի ուշ փուլի վերակառուցումներ:
Պետք է նշել, որ Օձաբերդը Սեւանի ավազանի այն եզակի հնավայրերից է, որտեղ վերջին տարիների ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել եւ ֆիքսվել են բազմաթիվ աղյուսներ: Վերը նշված տեղամասերից վերցվել են նմուշներ՝ հետագա անալիզների համար: Անչափ հետաքրքիր արդյունքներ գրանցվեցին միջնաբերդի հյուսիսարեւելյան հատվածում: Այստեղ բացվեց բավական տպավորիչ թեքահարթակ, որն անմիջական կապ ունի միջնաբերդի հյուսիսարեւելյան աշտարակի եւ հյուսիսային պարսպաշարի հետ: Պետք է նշել, որ այն շարունակվում է պարսպաշարի երկայնքով: Նման թեքահարթակներ ֆիքսվել են նաեւ Մարգահովտի եւ Նորաբակ 1-ի պեղումների արդյունքում: Այս թեքահարթակը որոշակի նմանություններ է դրսևորում Խեթական տերության մայրաքաղաք Խաթթուշայի թեքահարթակների հետ : Օձաբերդի այս տարվա պեղումները կարեւոր բացահայտումներ են անում Հայաստանի Երկաթի դարաշրջանի ճարտարապետության, ամրաշինության, բնակչության կենցաղի եւ տարածքի կազմակերպման, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Հետաքրքիր է, որ Օձաբերդի պեղումների ընթացքում թե ամրոցում եւ թե միջնաբերդում չի ֆիքսվել որեւէ ուրարտական շերտ:
Մենք նախնականորեն հակված ենք կարծելու, որ չնայած Ռուսա Առաջինի սեպագիր արձանագրությանը, Օձաբերդում ուրարտական ներկայությունը եղել է ոչ երկարատեւ: Այդ արձանագրությունը, ըստ մեր ունեցած տվյալների, վերջին ուրարտական արձանագրությունն է Սեւանի ավազանում: Ռուսա Առաջինը հետագայում ունեցավ լուրջ եւ ճակատագրական խնդիրներ Ասորեստանի գահակալ Սարգոն Երկրորդի հետ: Անգամ Ռուսայի դեմ էր ապստամբել իր որդի Մելարտուան: Կային խնդիրներ հյուսիսից ներխուժած կիմերների հետ:
Հնարավոր է, որ այս, ինչպես նաեւ այլ հանգամանքների բերումով Օձաբերդում որոշակի ժամանակ անց ուրարտական ներկայությունը խիստ թուլացել է կամ էլ տեւել ոչ այդքան երկար: Կարծում ենք, որ հետագա պեղումները նոր պատասխաններ կտան այս հարցին»,-նշեց արշավախմբի ղեկավարը:
Ծովինարի Թեյշեբաինի կամ Օձաբերդ ամրոցի պեղումները մի քանի տարի է, ինչ ձեռք են բերել միջազգային նշանակություն եւ հնչեղություն: Այս տարիներին հնագիտական հուշարձանի պեղումներում ընդգրկվել են նաեւ հնագետներ Ռուսաստանից, Իրանից, Ավստրալիայից: Պեղումների մասնակից, Իրանի Իսլամական Հանրապետության հնագիտության կենտրոնի ներկայացուցիչ, դոկտոր Յուսեֆ Ֆալլահիանը, կարեւորելով Թեյշեբաինի պեղումների հետագա շարունակության անհրաժեշտությունը, տպավորիչ համարեց այս տարվա պեղումների արդյունքները:
«Այս ամրոցի պեղումները մեզ արժեքավոր գիտական նոր նյութեր են տալիս՝ վերծանելու Ք. ա. 8-6-րդ դարերում, դրանից առաջ կամ հետո ընթացած կյանքը այս տարածաշրջանում: Կարծում եմ, որ առաջիկա տարիներին էլ պետք է շարունակվեն հնագիտական պեղումները, որպեսզի հնարավոր լինի ամբողջապես բացահայտել հեռավոր դարերի խորքում մնացած ու հողի շերտով ծածկված գաղտնիքները: Այս հուշարձանում, իսկապես, պատմագիտական հսկայական նյութ կա թաղված: Իրանի հյուսիսում եւս քիչ չեն ուրարտական հուշարձանները, որոնց ուսումնասիրման համար անչափ կարեւոր է մեր մասնակցությունը այս պեղումներին»,-պատմեց իրանցի հնագետ Յուսեֆ Ֆալահիանը:
Հնագիտական արշավախմբում այս տարի Միքայել Բադալյանի ղեկավարությամբ աշխատել են արշավախմբի ղեկավարի տեղակալ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության եւ ազգագրության բաժնի մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանող Արթուր Միքայելյանը, ճարտարապետ Հայկ Կյուրեղյանը, Պետերբուրգի Էրմիտաժի հավաքածուի պահապան, հնագետ Աննա Նովիկովան, Իրանի Իսլամական Հանրապետության հնագիտության կենտրոնի հնագետներ դոկտոր Յուսեֆ Ֆալահիանը եւ Ֆարիբորս Թահասսեբին, ավստրալահայ հնագետ Վարդենի Պոյաճյանը, պատմաբան Հայկ ՈՒջուջյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Հարություն Հարությունյանը, Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Արման Եղիազարյանը, դպրոցական Արտաշես Կյուրեղյանը, Արծվանիստ գյուղից պեղումներին օժանդակող դպրոցականներ Արսեն եւ Գագիկ Հարությունյանները, բազմաթիվ կամավորներ ՌԴ-ից եւ Հայաստանից: Պեղումների խորհրդատուն է հայտնի հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:
Ծովինարի հնագիտական պեղումները բավականին ակտիվացրել են տուրիստների հոսքը դեպի հնագիտական հուշարձան եւ շրջակա համայնքներ: «Այս տարվա պեղումների ընթացքում մեզ այցելել են հարյուրավոր զբոսաշրջիկներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռումինիայից: Համոզված եմ, որ այս ու հետագա պեղումների շնորհիվ եւս Օձաբերդի մերձակա Ծովինար եւ Արծվանիստ գյուղերը կարող են բազմաթիվ զբոսաշրջիկներ ընդունել՝ զարգացնելով թե հնագիտական, թե այլ ուղղությունների տուրիզմը»,-հավաստեց արշավախմբի ղեկավարի տեղակալ Արթուր Միքայելյանը:
Արշավախմբի ղեկավար Միքայել Բադալյանը գտնում է, որ Օձաբերդի ամբողջական պատկերը ստանալու, բազմաթիվ այլ գաղտնիքներ բացահայտելու համար կպահանջվեն երկար տարիների աշխատանք ու շատ ջանքեր:
Խոսրով Խլղաթյան