Բաժիններ՝

Հայաստանի կարատեի հավաքականի գլխավոր մարզիչն ամփոփել է երևանյան ԵԱ-ն

Հայաստանի կարատեի հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանը Եվրոպայի առաջնությունում ընտրանու երկու բրոնզե մեդալը համարում է երկար տարիների աշխատանքի արդյունք:

«Մենք իսկապես պատմական արդյունք գրանցեցինք Եվրոպայի այս առաջնությունում, որը կայացավ Երևանում: Մինչ այս մեզ երբեք չի հաջողվել մեդալակիր դառնալ մեծահասակների առաջնություններում: Ուրախ ենք, որ ընդունեցինք Եվրոպայի 2025 թվականի առաջնությունը և այս մեդալները երկար տարիների ու մեծ աշխատանքի արդյունք են»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սերյոժա Մակարյանը:

Վերջինս շեշտեց, որ Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախաձեռնությամբ  մինչև ԵԱ-ն թիմը երեք խոշոր ուսումնամարզական հավաք է անցկացրել:

«Մեզ համար հրաշալի կլիներ, եթե չեմպիոն ունենայինք Երևանում կայացած մրցաշարում, բայց ուրախ են այս արդյունքով: Հիմա ֆեդերացիան հստակ քայլերով առաջ է գնում»,-առանձնացրեց նա:

Խոսելով երկու բրոնզե մեդալակիրների մասին` Մակարյանն ընդգծեց, որ թե Գոռ Ներսիսյանը և թե Յուրա Զալյանը մեծ ներուժ ունեն:

Երևանում մայիսի 7-11 կայացավ կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որտեղ Հայաստանը երկու մեդալ նվաճեց: Բրոնզե մեդալակիրներ դարձան Գոռ Ներսիսյանն ու Յուրա Զալյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս