 
                        Վարդան Մինասյանը հավասար է համարում «Արարատ Արմենիա»-ի ու «Նոա»-ի հնարավորությունները գավաթի եզրափակիչ խաղում
 
                                    Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով` Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում «Նոա»-ի դեմ առաջիկա խաղում թիմերի հնարավորությունները հավասար են:
«Գավաթի եզրափակիչը ընդամենը մեկ խաղ է, ու այդ պարագայում երկրորդ պլան է մղվում այն ամենը, ինչ թիմերը դրանից առաջ արել են։ Ամենակարևորը լինելու են այդ օրվա որոշումները: Եզրափակչում որոշիչ կլինի երեք հանգամանք` ֆուտբոլիստների տակտիկական որոշումները, ֆունկցիոնալ վիճակը և հոգեբանական վիճակը: Եզրափակիչ հանդիպումը կլինի բացարձակ այլ պատմություն»,-լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը: Վերջինիս խոսքով` «Արարատ-Արմենիա»-ն գարնանային այս հատվածում այլ տեսքով է ներկայացել, ու իր գլխավորած թիմը մեծ թափով առաջ է գնում:
Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին: Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում միմյանց դեմ կխաղան «Նոա»-ն ու «Արարատ Արմենիա»-ն։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        