
ՌԴ-ն և Ուկրաինան առաջիկայում կհանդիպեն. Հաքան Ֆիդանը կանխատեսում է

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, անդրադառնալով ՌԴ-Ուկրաինա խաղաղության գործընթացին, ասել է՝ «Նախագահ Էրդողանը հանդիպումներ է ունեցել աշխարհի առաջնորդների հետ, քննարկումներ են տեղի ունեցել պարոն Մակրոնի և Պուտինի հետ։ Մենք ձգտում ենք հասնել խնդիրների խաղաղ կարգավորման։ Սա մեր նախագահի տեսլականն է։ Կարծում եմ՝ կողմերը կհանդիպեն առաջիկա օրերին։
Ռուսները նախ բանակցություններ են ուզում, ապա՝ հրադադար, մինչդեռ ուկրաինացիները նախ հրադադար են ուզում, ապա՝ բանակցություններ»:
Ինչպես փոխանցում է գրում է Hurriyet-ը, Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ երկու կողմերն էլ ցանկանում են ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը։
«Մեր դիրքորոշումը հաստատուն է։ Մենք ուզում ենք, որ հրադադար հաստատվի»,- ասել է թուրք պաշտոնյան։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստ են «լիակատար և անվերապահ հրադադարի ցամաքում, օդում և ծովում առնվազն 30 օրով», որը կսկսվի մայիսի 12-ից։
Մայիսի 11-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել առանց նախապայմանների։
Ուկրաինան և նրա եվրոպացի հովանավորները հայտարարել են, որ Ռուսաստանը նախ պետք է համաձայնի 30-օրյա հրադադարի՝ նախքան բանակցությունների մեկնարկը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին կոչ էր արել Ուկրաինային հնարավորինս շուտ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ հանդիպել Պուտինի հետ Ստամբուլում, և ինքը մայիսի 15-ին կլինի Ստամբուլում՝ անկախ նրանից՝ կգա՞ Պուտինը, թե՞ ոչ:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը: