«Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է». Արտաշես Գեղամյան

Ինչ դժվար է ապրել աշխարհում, երբ ոչ ոք Ռուսաստանի հետ չի մարտնչում։

Լորդ Փալմերսթոն, 1855-1865թթ. Անգլիայի վարչապետ (ասվել է 1853-1856թթ. Ղրիմի պատերազմի նախօրեին)

2017 թվականի հուլիսը և օգոստոսը կհիշվեն ոչ միայն եվրոպական մայրցամաքում հաստատված անոմալ շոգով, երբ Եվրոպայի 11 երկրներում ջերմաստիճանը գերազանցում է Ցելսիուսի 40 աստիճանը, այլև ծայրահեղ սրված աշխարհաքաղաքական իրավիճակով։

Եվ այսպես, հուլիսի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց օրինագիծ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներն ընդլայնելու մասին։ Դրա թարմացված տարբերակի օգտին քվեարկել է նաև ԱՄՆ Սենատը, ընդ որում՝ ճնշող մեծամասնությամբ. 98 «կողմ» 100-ից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017թ. օգոստոսի 2-ին ստորագրեց Կոնգրեսի երկու պալատների հավանությանն արժանացած H.R. 3364 օրինագիծը՝ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու մասին», որն օրենքի ուժ ստացավ։ Ընդունված օրենքի ողջ լրջությունը պատկերացնելու համար ուշադիր հետևենք հենց իր՝ Դոնալդ Թրամփի մեկնաբանություններին։ Եվ այսպես, ԱՄՆ նախագահը, բացատրելով իր որոշման դրդապատճառները, հայտարարեց, որ սույն օրինագիծը ստորագրել է ազգային միասնությունը պահպանելու նպատակներով։ Միևնույն ժամանակ, նա նաև նշել է, որ ընդունված օրենքը խախտում է նախագահի լիազորությունները, սահմանափակում գործադիր իշխանության իրավասությունները, ընդհանուր առմամբ վնաս է հասցնում ամերիկյան և ԱՄՆ եվրոպական դաշնակիցների շահերին, ինչպես նաև «հապճեպ և վնասակար է» Ռուսաստանի հետ հարաբերությունների համար, որը նպաստում է Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի մերձեցմանը։ Հատկանշական է, որ որոշ վերլուծաբաններ Թրամփի դիրքորոշման մեջ արարք են նկատել, որը հիշեցրել է ոչ անհայտ ավետարանական կերպարի՝ Հուդայի կառավարիչ Պիղատոս Պոնտացու պահվածքը ձեռքերը լվանալու իմաստով։

Միանգամայն բնական է, որ ընթերցողի մեջ հարց առաջանա. ի՞նչ է դրված հակառուսական պատժամիջոցների հիմքում, որոնք, դրանցում առաջադրված խնդիրների իրականացման պարագայում, կարող են «պահպանել ամերիկյան ազգի միասնությունը»։ Հրեշավոր ի՞նչ ուժ կա Ռուսաստանի ներսում, որը խոչընդոտում է ԱՄՆ-ի համար վճռորոշ խնդիրների լուծմանը։ Եվ վերջապես, ո՞րն է համարվում Ռուսաստանի մեղքը։ Կարծում եմ, որ չպատասխանելով մակերեսին գտնվող այս հարցերին՝ հեռանկարային չի լինի դիտարկել հակառուսական պատժամիջոցների հնարավոր հետևանքները նրա ռազմաքաղաքական և տնտեսական դաշնակիցների վրա։ Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ լինելով, միանգամայն հասկանալի պատճառներով խիստ շահագրգռված է այդ հարցերի համալիրի մանրամասն դիտարկմամբ։

Ամերիկյան օրենսդիրները, նկարագրելով այն եզրակացությունները, որոնց հիման վրա Կոնգրեսն առաջարկում է պատժամիջոցներ մտցնել, մասնավորապես, նշում են, որ.

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը փորձում է ազդեցություն գործել ողջ Եվրոպայի և Եվրասիայի, այդ թվում Խորհրդային Միության նախկին հանրապետությունների վրա՝ քաղաքական կուսակցություններին, վերլուծական կենտրոններին և քաղաքացիական հասարակության խմբերին ռեսուրսներ տրամադրելով, որոնք անվստահություն են սերմանում դեմոկրատական ինստիտուտների հանդեպ, քարոզում են այլատյացություն և ոչ լիբերալ հայացքներ ու խափանում են եվրոպական միասնությունը…

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը զգալի չափով վերացրել է ռուսալեզու անկախ մեդիա-հատվածը և լրջորեն կրճատում է ազատ և անկախ ԶԼՄ-ները Ռուսաստանի Դաշնության սահմաններում։ Ռուսաստանյան մեդիաները, որոնք ֆինանսավորվում և վերահսկվում են ՌԴ կառավարության կողմից և հեռարձակում են Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս, կանոնավորապես տարածում են հակաարևմտյան ապատեղեկատվություն…

Ռուսաստանի կառավարությունը շարունակում է խախտել իր պարտավորությունները Բուդապեշտի հուշագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի գծով, քանի որ Ռուսաստանը անեքսիայի է ենթարկել Ղրիմը, զավթել է Հարավային Օսիան և Աբխազիան և շարունակում է ապակայունացնել Ուկրաինայի Արևելքը։

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը շարունակում է արհամարհել 2008թ. օգոստոսին Վրաստանի վերաբերյալ ձեռք բերված հրադադարի համաձայնագրի պայմանները, որը պահանջում էր դուրս բերել Ռուսաստանի Դաշնության զորքերը, հումանիտար խմբերի ազատ մուտքի իրավունք ապահովել Հարավային Օսիայի և Աբխազիայի շրջաններ և ԵՄ դիտորդական առաքելության կողմից հակամարտության գոտու մշտադիտարկում իրականացնել։

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը չի հետևում Մինսկի համաձայնագրի պայմաններին Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտության լուծման համար։

ՌԴ կառավարությունը խախտում է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև պայմանագիրը միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին և չի կատարում բաց երկնքի պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները։

Այս ցանկին պետք է հավելել նաև օրենքի այն կետը, որը պահանջում է ուսումնասիրել և գնահատել ԱՄՆ տարածքում ռուսաստանյան ակտիվների սառեցման հետևանքները, որոնց տակ հասկացվում են ՌԴ պետական ընկերությունների ընդլայնված ակտիվները։ Այս առնչությամբ բավական է հիշատակել, որ ռուսաստանյան պետությունն ամերիկյան պետության արժեթղթերում պահում է ԱՄՆ 109 մլրդ դոլար, ինչը նրա միջազգային պահուստների ավելի քան մեկ քառորդն է։

Անգամ շատ ցանկանալու պարագայում էլ այն ամենը, ինչը գրված է պատժամիջոցների մասին օրենքում, չի ձգում վճռորոշ լինել ԱՄՆ-ի նման երկրի համար և ոչ մի կերպ չի կարող դիտարկվել որպես անհրաժեշտ պայման ամերիկյան ազգի միասնության պահպանման համար։ Այո, օրենքի ընդունումը, նախ, միջկուսակցական կոնսենսուս է, այսինքն՝ փաթեթային համաձայնություն, որի շնորհիվ Հանրապետական կուսակցությունը հնարավորություն է ստանում չեղարկել նախագահ Բարաք Օբամայի մտցրած բժշկական բարեփոխումը, այսպես կոչված «Obamacare»-ը։ Այո, Դոնալդ Թրամփի համար այդ բարեփոխումը չեղարկելը սկզբունքայնորեն կարևոր է, որովհետև դա նրա նախընտրական ծրագրի հանգուցային կետերից մեկն էր։

Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մասին օրենքի ընդունումը՝ ս.թ. օգոստոսի 2-ին The Neew York Times-ի հաղորդած տեղեկության հետ միասին, վկայում է, որ Սպիտակ տունը պատրաստում է տնտեսական պատժամիջոցների ցուցակ Չինաստանի դեմ՝ այն պատճառով, որ Պեկինը բավականաչափ ակտիվ չէ ԿԺԴՀ խնդրի լուծման գործում, և այս համապատկերում մենք տեսնում ենք համախմբված աջակցություն Ռուսաստանի և Չինաստանի կողմից ՄԱԿ Անվտանգության խորհրդում, երբ ս.թ. օգոստոսի 4-ին քվեարկվեց Հյուսիսային Կորեայի հանդեպ նոր պատժամիջոցներ մտցնելու հարցը։

Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը ողջունեց Դոնալդ Թրամփը և հայտարարեց «դաշնակիցների ու գործընկերների» հետ աշխատանքը շարունակելու մտադրության մասին։ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը նորից ու նորից մտածել է տալիս, որ Դոնալդ Թրամփը մտադիր է լուծել ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ողջ աշխարհի համար վճռորոշ խնդիրներ։ Փորձենք պարզել, թե ինչ պետք է հասկանալ՝ այս ասելով։

Այսպես, համաձայն ԿՀՎ Տեղեկագրի (World Factbook), ԱՄՆ արտաքին պետական պարտքը 2016թ. մարտի 31-ի դրությամբ կազմել է $19 տրլն 911 մլրդ 51 մլն դոլար, իսկ աշխարհի երկրների ամփոփ պարտքը կազմել է ավելի քան $70 տրլն 600 մլրդ։ 2016 ֆինանսական տարվա ընդամենը 11 ամսում (2015թ. սեպտեմբեր – 2016թ. օգոստոս) ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը հասել է $621 մլրդ-ի, ինչը 17%-ով ավելին է 2015թ. նույն ցուցանիշից։

Իսկ 2016թ. ֆինանսական տարում ԱՄՆ ազգային պարտքը կարող է ավելանալ $1,36 տրլն-ով։ Այս ցուցանիշի և ԱՄՆ բյուջեի դեֆիցիտի գումարի միջև տարբերությունը բացատրվում է նրանով, որ դրա մեջ մտնում են նաև տարբեր արտաբյուջետային ֆոնդերի ներպետական փոխառությունները։

Միևնույն ժամանակ նշենք, որ վերջին 8 տարիներին ԱՄՆ ազգային պարտքը ավելացել է $10 տրլն-ով, այն դեպքում, երբ կուտակված ազգային պարտքի նախորդ 10 տրլն դոլարի համար պահանջվել էր ավելի քան 200 տարի։ Հարկ է ընդգծել, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը քանիցս իր սկզբունքային անհամաձայնությունն ու զայրույթն է հայտնել ազգային պարտքի ավելացող ծավալի առումով։

Ավելին, նրանց կողմից դեմոկրատների (Օբամայի նախագահության տարիներին) ուղեգիծը չընդունելն արտահայտվել է համակարգային երկու ճգնաժամով՝ 2011-ին և 2013-ին։

Դրա արդյունքում 2013թ. հոկտեմբերին ԱՄՆ կառավարությունն, ըստ էության, դադարեցրեց աշխատանքը 16 օրով այն պատճառով, որ չէր ընդունվել երկրի հերթական ֆինանսական տարվա բյուջեն, այդ թվում՝ չէին նախատեսվել պետծառայողների ծախսերը։ Հանրապետական կոնգրեսականները զիջեցին ԱՄՆ պետական պարտքի դեֆոլտի հայտարարումից լոկ մեկ օր առաջ։ Այսինքն՝ ԱՄՆ-ը փաստորեն երկու շաբաթ ապրում էր առանց իշխանության։

Կառավարող էլիտայի (ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների) վարկն ուժեղ սասանած սկանդալի պատճառով ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց որոշում պետական պարտքի նոր հոսքի սահմանման մորատորիում հայտարարելու մասին, որն ավարտվեց 2017թ. մարտին։ Չարժե կասկածել, որ 2018 ֆինանսական տարվա համար ԱՄՆ Դաշնային բյուջեի ընդունման՝ հոկտեմբերին կայանալիք գործընթացը պակաս դրամատիկ չի լինելու, քան 2013թ., մանավանդ դրա հավակնոտության հաշվառմամբ, հատկապես պաշտպանական ծախսերի առումով։

Այսպես, 2017թ. մայիսի 23-ին Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկեց $677,1 մլրդ-ի չափով ծախսեր «դաշնային կառավարության ազգային գործունեության համար՝ կապված պաշտպանության հետ»։ Նշենք, որ 2011թ. Բյուջետային վերահսկողության մասին ակտով սահմանված սահմանաչափերով ԱՄՆ 2018թ. ռազմական բյուջեն պետք է կազմեր, եթե հետևենք ակտի կանոնին, 549 մլրդ դոլար։

Օբամայի վարչակազմը 2017թ. սահմանել էր 584,5 մլրդ դոլարի ռազմական բյուջե՝ գերազանցելով 2011թ. ակտով սահմանված չափը, իսկ Թրամփի վարչակազմը, որը պաշտպանական բոլոր ծախսերի համար ներկայացրել էր $677,1 մլրդ-ի հայտ, 2011թ. բյուջետային վերահսկողության մասին ակտի սահմանաչափերը գերազանցել է $118,6 մլրդ-ով։ Հատկանշական է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ս.թ. հունիսի 14-ին ընդունեց երկրի 2018թ. ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, ընդ որում՝ կոնգրեսականները հավանություն տվեցին $696,5 մլրդ-ի չափով ֆինանսավորմանը, ինչը 19,4 մլրդ-ով ավելի է նախապես հայցվող գումարից։ Փաստաթղթի օգտին արտահայտվեց պալատի 344 անդամ, դեմ՝ 81։

Կոնգրեսականների՝ նման միահամուռությունը մտածել է տալիս, որ դեռևս պաշտպանական բյուջեի ընդունման նախօրեին հանրապետականներն ու դեմոկրատներն արդեն փոխզիջման էին եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքն ընդունելու շուրջ։ Սակայն սա առանձին վերլուծության թեմա է։ Այստեղ ուշադրության առնենք բավական էական մեկ այլ գործոն։

Վերլուծելով համաշխարհային ֆինանսական համակարգի վիճակը, որի վրա վիթխարի ազդեցությունն ԱՄՆ-ի կողմից դժվար է գերագնահատել, գալիս ես հետևյալ եզրահանգման. գլխավոր խնդիրը, որը պետք է լուծի Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնում, առաջին հերթին ամերիկյան ազգային պարտքի խնդիրն է, որն արդեն ավելի քան 7%-ով գերազանցել է այդ երկրի ՀՆԱ-ն։ Ընդ որում՝ այդ խնդրի լուծման հնարավոր տարբերակները խոր արմատներ ունեն։ Դրանք ընդգծում են մոտեցումների հիմնարար հակասություններն ամերիկյան էլիտայի ներսում, հանրապետականների՝ նրանց պայմանականորեն անվանենք նացիոնալիստներ, և գլոբալիստների՝ գլոբալ ֆինանսական կայսրության (ԱՄՆ գլխավորությամբ) գաղափարախոսների միջև։

Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ ներկայում համաշխարհային ֆինանսական համակարգի հեգեմոնը՝ ԱՄՆ-ը, ենթարկվել է այսպես կոչված պարադոքսի, Թրիֆինի դիլեմայի ներգործությանը, որի անլուծելիությունը կարող է վերաճել գլոբալ ֆինանսական աղետի։

Թրիֆենի դիլեման (պարադոքսը) հետևյալն է. պետությունը (մեր պարագայում՝ ԱՄՆ-ը), որը թողարկում է պահուստային արժույթ (դոլար), անշուշտ, պետք է երաշխավորի դրամանիշերի և համարժեքների բավականաչափ քանակության առկայություն մնացյալ ողջ աշխարհի պահանջմունքների համար։

Սակայն որքան ավելի մեծ դրամական զանգված է թողարկվում, իսկ արդի պայմաններում թողարկվում է վիթխարի ծավալներով, այնքան ավելի է մեծանում ինֆլյացիոն գործընթացների ինտենսիվությունը համաշխարհային պահուստային արժույթ թողարկող երկրում։ Ինֆլյացիոն գործընթացները հավասարակշռելու համար կապիտալը թողարկող երկրից, այսինքն՝ ԱՄՆ-ից, պետք է դուրս բերվի ավելի բարձր ինտենսիվությամբ, քան ներմուծվում են ապրանքները էմիսիոն գործընթացների հետևանքով։ Հենց այս պատկերի ականատեսն ենք եղել ԱՄՆ-ում Բարաք Օբամայի նախագահության տարիներին։

Հենց նման քաղաքականության դեմ էր իր նախընտրական քարոզարշավում հանդես գալիս Դոնալդ Թրամփը՝ իր կտրուկ անհամաձայնությունը հայտնելով երկրից հարյուրավոր միլիարդների կապիտալի դուրսբերմանը։

Որպես ասվածի հավաստում նշենք, որ 2017թ. հուլիսի 17-ին ԱՄՆ նախագահը ստորագրել է հրամանագիր Made in America օրվա և Made in America շաբաթվա հաստատման մասի, միևնույն ժամանակ, խոսքը, ոչ ավելի, ոչ պակաս, ամերիկյան արդյունաբերության վերածննդի մասին է՝ «Գնիր ամերիկյանը, վարձիր ամերիկացիներին» կարգախոսով։ Ասենք ավելին։ «Ամերիկյան արդյունաբերության վերականգնումը,- հայտարրաել է Թրամփը հրամանագիրը ստորագրելիս,- կվերականգնի ոչ միայն բարեկեցությունը, այլ նաև մեր հպարտությունը և հավատը մեր հանդեպ։ Այն կաշխուժացնի մեր անկախությունն ու կամրապնդի մեր ընկերակցություններն ու մեր քաղաքացիներին կապող ազգակցական կապերը»։

Հետևելով «Գնիր ամերիկյանը, վարձիր ամերիկացիներին» կարգախոսին՝ ինչո՞ւ չստեղծել պայմաններ ամերիկյան թերթաքարային գազի վաճառքի համար, ասենք, եվրոպական դաշնակիցներին, տարեկան հաշվարկմամբ մի քանի հարյուր միլիարդ դոլարի չափով։ Սա զգալիորեն կկրճատի վճարային հաշվեկշռի դեֆիցիտը։ Չէ՞ որ արդեն չարժե խոսել այն մասին, որ 2016թ. ընթացքում ընդհանրապես ԱՄՆ արտաքին առևտրի դեֆիցիտը կազմել է $502,25 մլրդ՝ հասնելով ամենաբարձր մակարդակին 2012-ից ի վեր։

Դեֆիցիտի աճը կազմել է 0,4% 2015թ. համեմատ, երբ այն եղել է $500,36 մլրդ։ Ինչ վերաբերում է ապրանքներին (առանց ծառայությունների), ապա եթե 2016թ., օրինակ՝ Չինաստանի հետ ապրանքների առևտրի դեֆիցիտը կազմել է $365 մլրդ, ապա 2016թ. կրճատվել է մինչև $347 մլրդ (ողջ առևտրային դեֆիցիտի գրեթե կեսը, որը 2015թ. կազմել է $736,2 մլրդ)։

Կամ այդ նույն կարգախոսի իրագործումը, բնականաբար, ենթադրում է ԱՄՆ-ում հովանավորչության չափավոր քաղաքականության անցկացում, երրորդ երկրներից գործարանների վերադարձ ԱՄՆ, դաշնային բյուջեի սոցիալական պարտավորությունների կրճատում (ներառյալ «Obamacare» դաշնային ծրագրի փակումը), հարկային արտոնությունների փաթեթ և $1 տրլն-ի ներդրումներ ենթակառուցվածքում։

Այս միջոցների իրագործումը, անկասկած, կօգնի Թրամփի առաջադրած՝ Ամերիկայի վերարդյունաբերականացման խնդրի լուծմանը։ Եվ դա ԱՄՆ 45-րդ նախագահի համար հատուկ նշանակություն ունի ու իր հաստատումն է գտել 2017թ. փետրվարի 28-ին, ԱՄՆ Կոնգրեսին Դոնալդ Թրամփի առաջին դիմումի մեջ։ Հօգուտ իր առաջարկությունների պահանջվածության Թրամփը, մասնավորապես, ասել է.

«94 մլն ամերիկացիներ գործազուրկ են, ավելի քան 43 մլն մարդ ապրում է աղքատության մեջ, և ավելի քան 43 մլն-ն էլ ապրում է սննդի կտրոնների հաշվին։ Աշխատունակ հինգ մարդուց մեկը չի աշխատում… Մենք պետք է գործի դնենք մեր տնտեսության շարժիչը»։ Իհարկե, փորձագետներն անմիջապես էլ վիճարկեցին գործազուրկների 94 մլն թիվը՝ իրենց պարզաբանումները ներկայացնելով։ Բայց կարևորը սա չէ։

Կարծում եմ՝ մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ ԱՄՆ տնտեսության «հեղափոխական վերափոխման» Թրամփի ծրագրի հաջող իրագործումն անխուսափելիորեն կհանգեցնի համաշխարհային ֆինանսական համակարգի հիմնարար կազմաքանդման, որի հետևում կանգնած են գլոբալ տրանսազգային ֆինանսական կազմակերպություններ, որոնք, ի դեպ, 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում աջակցում էին Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին։

Նման պնդման օգտին է խոսում Թրաֆինի պարադոքսի էությունը, այն է. որպեսզի ԱՄՆ դոլարն աշխատի որպես գլոբալ պահուստային արժույթ, անհրաժեշտ է մշտապես պահել մեծ առևտրային դեֆիցիտ, որպեսզի այդ արժույթն (ԱՄՆ դոլարը) արտահանվի այն քանակությամբ, որն անհրաժեշտ է աշխարհի մնացած մասին։ Նախագահ Թրամփի ծրագիրն ուղղված է այդ գործոնը նվազագույնի հասցնելուն և դրա իրագործման պարագայում կունենա ուղիղ հակառակ էֆեկտը։

Այստեղ հարկ է նաև հիշատակել այլ պայմանների մասին, որոնց դեպքում արժույթը հիրավի կլինի համաշխարհային պահուստային, ասել է թե՝ արժույթը (մեր դեպքում՝ դոլարը) պետք է ազատ շրջանառվի համաշխարհային շուկայում և լինի բավականաչափ լիկվիդային, որպեսզի համաշխարհային արժութային շուկայում առևտուր արվի անվանական քանակությամբ։

Պատկերացնելու համար, թե ինչ գումարների մասին է խոսքը, մեջբերում կատարենք Bloomberg-ի 2016թ. դեկտեմբերի տեղեկությունից. «Համաշխարհային արժութային շուկայում նվազում է սակարկությունների ծավալը (օրական $5,1 տրլն), ինչը կարող է բացասաբար ազդել ռիսկերը հեջավորելու թրեյդերների հնարավորության վրա, նախազգուշացնում է Միջազգային հաշվարկների բանկը… 2013թ. սակարկությունների ծավալը համաշխարհային արժութային շուկայում կազմում էր $5,4 տրլն օրական»։ Ակնհայտ է, որ Թրամփի ծրագիրը, որը բավական պարզ և տարողունակ արտահայտված է «Գնիր ամերիկյանը, վարձիր ամերիկացիներին» կարգախոսում, նույնպես ուղղված չի լինելու դոլարի վիթխարի թողարկմանը Դաշնային պահուստային համակարգի (այսուհետ ԴՊՀ) կողմից, ինչը բնական կլինի ներմուծման ծավալների բազմամիլիարդանոց կրճատման և դեպի արտասահման ամերիկյան կապիտալի դուրսբերման պայմաններում։

Կարծում եմ, որ վերը բերված տվյալները ցայտուն ցույց են տալիս, որ նախագահ Թրամփի ծրագիրը լիովին հակասում է տրանսազգային գլոբալ ֆինանսական ընկերությունների շահերին, ավելին՝ կրկնում եմ, այդ ծրագրի իրականացումն էապես կթուլացնի դոլարի դիրքերը որպես համաշխարհային պահուստային արժույթ, ինչը կհանգեցնի անշրջելի փոփոխությունների արժութային շուկաներում գլոբալ մասշտաբով։ Դա, անշուշտ, կարող է լուրջ ներգործություն ունենալ ԱՄՆ էլիտայում ուժերի դասավորության վրա։ Բայց սա առանձին ուսումնասիրության և ըմբռնման թեմա է։

Ես հատուկ կատարեցի այս կարճ էքսկուրսը, որպեսզի ցույց տամ, թե ինչ պայմաններում են երկու պալատները միահամուռ հաստատել օրենքը «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով դիմակայելու մասին»։

Իմ կարծիքով, դա կօգնի ավելի լավ պատկերացնել, թե իրականում ինչպիսին է այս բոլոր գործընթացներում Ռուսաստանի դերը, և գործնականում ինչ կտան ԱՄՆ-ին հակառուսական պատժամիջոցները։ Ավելին, շատ հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպիսին են լինելու ԱՄՆ գործողությունները Չինաստանի հանդեպ հիմա՝ այդ երկրի դեմ պատժամիջոցներ մտցնելու Դոնալդ Թրամփի սպառնալիքների իրագործման առումով, երբ Չինաստանն ու Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ում պաշտպանել են ԿԺԴՀ-ի դեմ ԱՄՆ առաջարկած պատժամիջոցները։

Եվ վերջապես, ինչպես հակառուսական պատժամիջոցները կանդրադառնան Ռուսաստանի հետ Եվրամիության երկրների, առաջին հերթին Գերմանիայի էներգետիկ նախագծերի վրա։ Եվ այս վճռորոշ փոփոխությունների նախօրեին ի՞նչ ենք տեսնում, օրինակ, Ռուսաստանի և Հայաստանի գործող իշխանությունների ընդդիմախոսների կողմից։

Ավաղ, մենք տեսնում ենք այնպիսի մի բան, ինչը կարող է լոկ դառնություն և թախիծ առաջացնել։ Այո, միանգամայն սպասելի էր, որ ԱՄՆ և Եվրամիության քաղաքականության խստացումը Ռուսաստանի հանդեպ պետք է բազմաթիվ ամենատարբեր հարցեր առաջացնի, որոնց շարքում գլխավոր տեղը, ինչպես և ենթադրվում էր, զբաղեցնելու է ՀԱՊԿ-ին և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամության նպատակահարմարության հարցը։

Երբեմն անհեթեթ բազմաթիվ փաստարկներից՝ իբր Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքի մեջ Հայաստանի գտնվելու աննպատակահարմարության մասին, ներկայացնեմ լոկ հաճախ կրկնվողները։

Այսպես, «Ռուսաստանը կդիմի հայկական գործոնի վերացմանը» աչք ծակող վերնագրով հոդվածում (31.07.2017), էլեկտրոնային թերթերից մեկի թղթակցի հարցին, թե «Օրերս Պուտինը վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախմբի պայմանագիրը։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում», նա, ով իրեն քաղաքագետ ու հրապարակախոս է համարում, կտրուկ պատասխանել է.

«…Ռուսները երեք բան են թիրախավորելու՝ լեզուն, դրամը, բանակը։ Դրանք ֆորմալ ինքնիշխանության երեք հիմնասյուներն են։ Եվ դա նրանք անելու են ամենաստոր ձևերով։ Դա Ռուսաստանի քաղաքականությունն է… Հայաստանը վաղուց կլիներ ոչ միայն արևային էներգիա շահագործող, այլև արևային պանելներ արտադրող, ոչ թե օդային տարածքը սահմանափակող, այլ օդային տարածքի տարանցիկ երկիր, ոչ թե գազային ասեղի վրա նստած ծայրագավառ, այլ առաջատար տեխնոլոգիաներ արտադրող երկիր։

Արևմտյան Եվրոպան մինչև 2025-2040 թվականները պլանավորում է հրաժարվել նավթային ու գազային սպասարկումից, անցնել էլեկտրամոբիլների»։

Այս բարբաջանքը կարդալուց հետո առաջին բանը, ինչը կարող ես անմիջապես ասել, այն է, որ վերոնշյալ մտավարժանքների հեղինակը բնավ չի կարդացել «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Միացյալ զորախմբի (ուժերի) մասին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև համաձայնագրի» տեքստը, իսկ եթե կարդացել էլ է, ապա կամ ոչ մի բան չի հասկացել, կամ միտումնավոր աղավաղել է մեր անվտանգության ապահովման առումով այդ կոթողային փաստաթղթի բովանդակությունը։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի՝ բացառապես արևային էներգիային անցնելուն, ապա այստեղ հեղինակի ասելիքը հասկանալի է. նա շատ է ուզում աջակցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին, որն ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է մինչև $8 մլրդ ներդնել Հայաստանի էներգետիկայի զարգացման գործում, եթե համապատասխան երաշխիքներ ստանա Հայաստանի կառավարության կողմից։ Ամերիկյան դեսպանի այս հայտարարությունն արվել է ս.թ. մայիսին, Երևանում անցկացվող էներգետիկ համաժողովի ժամանակ։

Հիշում եմ, որ դեսպանի լավատեսությունը փորձագիտական հանրությունը խանդավառությամբ չընդունեց, դրա բացատրությունները շատ տարբեր են։ Նշենք միայն, որ, ասենք, Հայկական ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի 1 կվտ/ժամի ինքնարժեքը 6 անգամ ավելի ցածր է արևային էներգիայի համեմատ։

Տեղեկանքի համար նշեմ, որ 2015թ. վերջին վերարտադրվող էներգիայի աղբյուրների (ՎԷԱ, արևային, գեոթերմալ, քամու, կենսազանգվածի, օվկիանոսի մակընթացության և այլն) սահմանված հզորությունները բավական էին՝ էլեկտրաէներգիայով ապահովելու համար համաշխարհային պահանջարկի մոտավորապես 23,7%-ը, որի մոտ 16,6%-ը բաժին էր ընկնում հիդրոէներգետիկային։ Նշեմ նաև, որ ներկա պահին ՎԷԱ-ն կազմում է Հայաստանի ընդհանուր էներգաբալանսի մոտ մեկ երրորդը։

Ավելին՝ 2017թ. վերջին հիդրոէներգետիկայի բաժինը Հայաստանի ընդհանուր էներգաբալանսում կարող է հասնել 40%-ի։ Իսկ ինչ վերաբերում է միացյալ զորախմբի մասին համաձայնագրի «թիրախավորմանը», ապա Ռուսաստանի կողմից դրա վավերացումը լուրջ իրարանցում է առաջացրել Ադրբեջանում։

Այդ փաստաթղթի համաձայն՝ «Միացյալ զորախմբի հիմնական խնդիրների թվում են՝ ժամանակին հայտնաբերել Ռուսաստանի կամ Հայաստանի նկատմամբ ռազմական հարձակման (ագրեսիայի) նախապատրաստումը և ՌԴ ու ՀՀ պետական սահմանների պաշտանությունը; ՌԴ և ՀՀ պետական սահմանի ցամաքային հատվածի պաշտպանությունը օդատիեզերական տարածքում, ինչպես նաև մասնակցությունը տարածաշրջանում տեղակայված ՌԴ և ՀՀ զորքերի ու կրիտիկական կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանությանը»։

Այս ամենը, բնականաբար, չէր կարող անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից։ Այսպես, թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում Անվտանգության և ռազմավարական հետազոտությունների եվրասիական կենտրոնի (ATSAM) ղեկավար Հաթեմ Ջաբարլին ասել է, որ «Լեռնային Ղարաբաղից հայկական օկուպացիոն զորքերը դուրս մղելու փորձի պարագայում Երևանը կարող է ռազմական օգնության համար դիմել իր բարեկամ Ռուսաստանին… ՌԴ և Հայաստանի զորախմբերի միավորումը մեծ սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության համար»։ Այս թեմայի վերաբերյալ արտահայտվել է նաև Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։

«Տարածաշրջանում հակամարտության սրացման պարագայում ռուսաստանցիները կարող են կանգնել հայկական ուժերի կողմում։ Սակայն հակամարտությանը միջամտությունը Հայաստանի կողմում կարող է ներգրավել ևս մեկ խոշոր գործընկերոջ՝ ՆԱՏՕ անդամ Թուրքիային»,- հայտարարել է Ռ.Մուսաբեկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՌԴ և ՀՀ ԶՈւ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը։

Իսկ ինչ վերաբերում է մեր քաղաքագետ-հրապարակախոսի պնդումներին Ռուսաստանի կողմից դրամը թիրախավորելու մասին, ապա այստեղ հեղինակն ակնհայտորեն շփոթել է հուշաթերթիկը, որում, հավանաբար, խոսվում էր եվրոգոտու պետությունների կողմից իրենց ինքնիշխանության մի մասը Եվրոպական Կենտրոնական բանկին մասնակի պատվիրակելու մասին։

Կարելի է տարատեսակ քաղաքագետների մտքի նաև այլ գոհարներ ներկայացնել, որոնց խիստ խոցում է Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։

Հատկանշական է, որ նրանց «հակառուսական արարումներն» անհապաղ, հայկական ԶԼՄ-ներում հրապարակվելուց հետո, տարածում են ադրբեջանական մաս-մեդիաները։ Այսպես, 2017թ. հուլիսի 29-ին ադրբեջանական իշխանությունների խոսափողներից մեկը՝ էլեկտրոնային haqqin.az թերթը, մինչև անգամ ժամը 23։09-ին (հավանաբար շատ երկար սպասված հարցազրույց էր, որ այդքան ուշ ժամի հրապարակեցին) հոդված է զետեղել՝ «Այն, որ ԱՄՆ-ը նոր տնտեսական պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի դեմ, տագնապալի չէ։ Դրանք համապատասխանում են Հայաստանի շահերին։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Պատժամիջոցների միջոցով, ըստ քաղաքագետի, ԱՄՆ-ը զսպում է Ռուսաստանի ախորժակը» վերնագրով։ Վերնագրին համահունչ է նաև տեքստը, որից անթաքույց հրճվանքով մեջբերումներ է կատարում haqqin.az-ը՝ ավելի համոզիչ լինելու համար հոդվածի սկզբում տեղադրելով հեղինակի լուսանկարը.

«Ռուսաստանի ախորժակը բացվել է, այն զբաղեցրել է Դոնբասը, Ուկրաինան, Հայաստանը։ Չե՞ք տեսնում՝ ինչպես է Ռուսաստանն ընդլայնվում։

Ինչպե՞ս է իր նպատակին հասնելու համար այն մեզ բախման սադրում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմով շահագրգռված է հենց Ռուսաստանը։ Իսկ Միացյալ Նահանգներն իր պատժամիջոցներով փորձում է զսպել այդ ախորժակը… Այսօր նրանք (Ռուսաստանը- Ա.Գ.) առաջարկում են ռուսերենին տալ պետական կարգավիճակ, վաղը կասեն՝ փոխեք հավատը։

Սա ռուսական ձեռագիր է»։ Կարելի է շարունակել՝ նման այլ հակառուսական հրապարակումներ, ընդ որում՝ ոչ միայն հայ ու ադրբեջանցի հեղինակների, այլ նաև որոշ ոչ անհայտ ռուսաստանցի քաղաքական գործիչների արտահայտություններ նշելով։ Օրինակ, խոսելով հակառուսական պատժամիջոցների թեմայի շուրջ՝ «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Գ.Յավլինսկին ասել է.

«Օրենքի ընդունումը, որը Ռուսաստանը դնում է Իրանի ու ԿԺԴՀ-ի հետ նույն շարքում, Պուտին-Լավրովի ողջ արտաքին քաղաքականության տապալման խորհրդանիշն է»։ Ըստ Յավլինսկու. «Ռուսաստանը հայտնվել է լիակատար մեկուսացման շեմին, ինչին հանգեցրել են ոչնչով չամրագրված հավակնությունները, արդի աշխարհի կարգը և սեփական երկրի շահերը չհասկանալը, ոչ պրոֆեսիոնալիզմը, բարդ խնդիրների լուծման փնտրտուքը միայն անցյալում, կայսերական նկրտումները և իրական ագրեսիան ավելի թույլ հարևանների նկատմամբ»։

Բնավ պատահականորեն չէ, որ այսքան մանրամասն մեջբերումներ կատարեցի, և բնավ էլ ոչ այն պատճառով, որ նպատակս մամուլի նյութերի տեսությունն էր։ Կարծում եմ, որ ակնհայտ է սանձազերծված լայնածավալ տեղեկատվական պատերազմն ընդդեմ Ռուսաստանի և Հայաստանի։ Ավելին՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտապես կրկնվող զինված դիվերսիաները (որոնք ուղեկցվում են բացահայտ ահաբեկչական գրոհներով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում), տեղեկատվության խեղաթյուրման լայնորեն կիրառվող տեխնիկաները՝ կարելի է պնդել, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից վարվում է հիբրիդային պատերազմ, որը ցանկացած պահի կարող է վերաճել թեժ պատերազմի։

Սա են վկայում նաև այն վտանգավոր միտումները, որոնք նկատվում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին (Նախիջևանի շրջանում)։ Ահա արդեն երկարատև ժամանակ է, ինչ այնտեղ տեղի է ունենում Նախիջևանի սողոսկող անեքսիա Թուրքիայի կողմից։ Թուրք-ադրբեջանական զինված ուժերի ռազմական մանևրները, այնտեղ մշտական հիմունքներով թուրք զինվորականների մեծաթիվ ներկայությունը չգիտես ինչու վրիպում են հակառուսական քաղաքագետների՝ միջազգային իրավունքի նախանձախնդիրների զգոն աչքից։

Միանգամայն վտանգավոր է, որ տեղեկատվական հակառուսական քարոզչությանը միանում են նաև վրաց քաղաքագետները, ընդ որում՝ նրանց ներկայացրած փաստարկները գրեթե նույնն են, ինչ ներկայացնում են նրանց «համախոհները» Հայաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում։ Այսպես, վրացական Black Sea Press գործակալության խմբագիրը 2017թ. հունիսի 29-ին lragir.am կայքի թղթակցի հարցին, թե «Արդյո՞ք Հայաստանը պետք է վերանայի հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին», պատասխանել է.

«Նոր պատժամիջոցների փաթեթից հետո Ռուսաստանը կմնա քաղաքակիրթ երկրներից դուրս վիճակում (դե, ճիշտ ինչպես ըստ Յավլինսկու- Ա.Գ.), որոնք կատարում են միջազգային իրավունքը։ Անխուսափելի է Ռուսաստանի դիմակայությունը ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։ Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է ենթադրել, որ շուտով նորից կիջնի երկաթե վարագույրը։ Չեմ կարծում, թե Հայաստանում որևէ մեկը կուզենար մնալ վարագույրի այս կողմում»։

Բնականաբար, այսքան համակարգային տեղեկատվական հակահայկական և հակառուսական արտանետումները սպասելի էին Հայաստանի ղեկավարության կողմից։ Կարծում եմ, այն ավելի մասշտաբային կլիներ, եթե 2017թ. հուլիսի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը «Արմենիա» հեռուստաալիքի «Ռ-Էվոլյուցիա» ծրագրին տված հարցազրույցում ասած չլիներ. «Դրանք ծայրահեղ վտանգավոր խոսքեր են (Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վերանայումը- Ա.Գ.), դրանք ծայրահեղ բարդ իրավիճակ կարող են ստեղծել։ Ոչ միայն խոսքերը, այլ նաև գործողությունները։

Երբ ասում եք՝ վերանայենք, իսկ ո՞ւմ հետ եք ուզում, որպեսզի վերանայենք-բարելավենք․ Թուրքիայի հե՞տ, թե՞ ՆԱՏՕ-ում բոլորն էսպես գրկաբաց կանգնած սպասում են, որ Հայաստանը հիմա գա այնտեղ։ Թե՞ ուղղակի բոլորի հետ մենք էսպես թշնամանում ենք, կամ բոլորին ասում ենք՝ դուք Ադրբեջանին օգնում եք, և մենք մենակ ելնում ենք ամբողջ աշխարհի դեմ»։ Իր հարցազրույցում Հայաստանի նախագահն իրենց տեղն է նստեցրել նաև «անվտանգության ոլորտում քաղաքականության դիվերսիֆիկացիայի» այսպես կոչված կողմնակիցներին։

«Երբ որ ընդհանուր խոսքեր են լինում, այդ ընդհանուր խոսքերը միգուցե նախատեսված են հասարակության այն շերտերի համար, ովքեր չունեն համապատասխան գիտելիք և իրենց դա պետք չէ, ուստի կարելի է նրանց այդ ընդհանուր խոսքերով բավարարել։ Ի՞նչ է նշանակում դիվերսիֆիկացնել։ Իսկ ի՞նչ է, մենք չունենք հարաբերություն ՆԱՏՕ-ի հետ, ԵՄ-ի հետ, Եվրամիության երկրների հե՞տ։

Այսօր մենք վարում ենք հենց այդպիսի քաղաքականություն՝ ունենալով մերձավոր դաշնակիցներ ու նաև համագործակցելով գործընկերների հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Չեմ կարող մեկ այլ մեջբերում էլ չկատարել մեր պետության ղեկավարի հարցազրույցից։ Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման հարցին՝ Սերժ Ազատովիչն ասել է, որ դա ռազմական համագործակցության, ընդհանրապես երկկողմանի հարաբերությունների ամենացավոտ ոլորտն է։ «Այդ հարցը ստվերում է շատ բան։ Բայց մյուս կողմից էլ կան հանգամանքներ, և միգուցե այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են։ Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել…

Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, ապա մենք պետք է դա համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու»,- նշել է ՀՀ նախագահը։ Սա  ռազմավարական դաշնակցի հուսալիության հանդեպ հավատի դասական նմուշ է, մերձավոր դաշնակիցների և գործընկերների միջև հստակ սահմանազատում, դաշնակցի շահերի (պետք է ենթադրել՝ զուտ տնտեսական) հաշվառում, հայ-ռուսական ռազմավարական դաշինքի ընկալում և դրա հանդեպ հոգատար վերաբերմունք։ Համոզված եմ, որ այսպիսի զգացումներ են ապրում նաև մեր ռուս բարեկամները, և նրանց կողմից նույնպես կա Հայաստանի ու ճակատագրի կամքով աշխարհով մեկ սփռված, բայց լեզվով ու քրիստոնեական հավատքով միասնական հայ ժողովրդի շահերի նույնքան խոր ընկալում։

Համոզված եմ, որ ՀՀ նախագահի այսքան հստակ արտահայտված դիրքորոշումը կօգնի, որպեսզի համաշխարհային քաղաքական էլիտան հասկանա այն փաստը, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար է։

Հ.Գ. 2017թ. հոկտեմբեր-նոյեմբերին Երևանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Համագործակցության գծով միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստը։

Կարծում եմ, որ առաջիկա նիստի թեմատիկայում պետք է քննարկվեն մեր երկրների խորհրդարանականների աշխատանքի համակարգման և խորացման հարցերը՝ աշխարհում լրջորեն բարդացած աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում։ Հույս ունեմ, որ Միջխորհրդարանական հանձնաժողովի մեր ռուս գործընկերները՝ ռուսական մասի համանախագահ, ականավոր պետական գործիչ, հարգարժան Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովի ղեկավարությամբ, կաջակցեն առաջարկությունը՝ հանձնաժողովի օրակարգում Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանականների գործունեությունը համակարգելու մասին հարցը ներառելու վերաբերյալ՝ մեր երկրների դեմ տեղեկատվական պատերազմից հնարավոր վնասների չեզոքացման նպատակով համատեղ քաղաքականություն մշակելու ուղղությամբ։

Չեմ թաքցնի, որ այս հոդվածը գրելու ընթացքում քանիցս մտածել եմ մի հարցի շուրջ. մի՞թե հակառուսական հիստերիայի գաղափարակիրները չեն կարդում նշանավոր քաղաքական գործիչների արդեն ակադեմիական դարձած մտքերը, երբ այդքան գռեհկացված ու կոպտաբար Ռուսաստանի և նրա հուսալի դաշնակից Հայաստանի դեմ են հրահրում տարատեսակ մերձքաղաքական «արհեստավորներին»։ Արհեստավորներ, որոնք, իրենց իսկ կարծիքով, ամեն բան գիտեն ոչ միայն Ռուսաստանի, Հայաստանի մասին, այլ նաև առհասարակ իրենց գլոբալ քաղաքականության գիտակ են համարում։

Մի՞թե Հայաստանը և Ռուսաստանն այս առումով արժանի չեն իրենց հանդեպ ավելի լուրջ վերաբերմունքի։ Իսկ եթե թափը չէր հերիքելու «Շեքսպիրին դիմելու համար», ինչպես կասեր խորհրդային բեմի դասական Եվգենի Եվստիգնեևը, գոնե թող կարդային Ուինսթոն Չերչիլի հայտնի ասույթը. «Ես չեմ կարող Ձեզ համար գուշակել Ռուսաստանի գործողությունները։ Դա հանելուկ է՝ պարուրված գաղտնիքով և տեղադրված գլուխկոտրուկի ներսում, բայց, հնարավոր է, բանալին կա։ Այդ բանալին ռուսական ազգային շահն է» (Ուինսթոն Չերչիլի ռադիոելույթը Բի-Բի-Սի-ով, 1939թ. հոկտեմբերի 1-ին)։

Բայց չէ՞ որ երբեք ուշ չէ սովորել։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Համագործակցության գծով Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Լուսանկարում՝ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության գծով Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Արտաշես Գեղամյանը (17.07.2017թ., Մոսկվա)

Տեսանյութեր

Լրահոս