«Լոխ լյավա». Սթիքերների նոր փաթեթ՝ Zangi-ում
Zangi-ն սկսում է հայկական սթիքերների նոր շարք հայոց լեզվի տարբեր բարբառներով:
Արցախի բարբառով հայկական նոր սթիքերներն արդեն հասանելի են Zangi հավելվածի օգտատերերին։ Սթիքերների փաթեթն իր մեջ ներառում է 24 հաճախ օգտագործվող, առօրյա խոսակցական բառեր։ Նոր հավաքածուն անվանվել է «Լոխ լյավա»:
«Մեր օգտատերերն իրենց ներդրումն են ունեցել այս փաթեթի ձևավորման մեջ։ Երբ մեր ֆեյսբուքյան էջում տեղադրեցինք հրապարակում, որ Արցախի բարբառով սթիքերների փաթեթ ենք պատրաստում, բազմաթիվ հետաքրքիր ու հումորային առաջարկներ ստացանք. լավագույններն առանձնացրեցինք, և ահա տեսնում եք արդյունքը։ «Լոխ լյավա», «ա’ խոխա», «մղափուն», «հինգիդամ» և այլ բառային արտահայտություններին ավելացրել ենք կերպարներ՝ ավելի տպավորիչ դարձնելու համար», – մեկնաբանում է Zangi-ի PR մենեջեր Ռուզաննա Փիլոսյանը:
Մոտ ապագայում նախատեսվում են Գյումրու, Լոռվա, նաև Գավառի բարբառներով սթիքերներ։
Zangi ընկերությունը ստեղծվել է դեռ 2009թ., սակայն վերջնական հավելվածը հասանելի դարձավ միայն 2015թ.՝ երկարատև մշակումներից և շտկումներից հետո: Այժմ հասանելի է նաև ծառայության web տարբերակը:
Zangi-ն հայկական մեսինջեր է, որը թույլ է տալիս կատարել անվճար զանգեր, տեսազանգեր և փոխանակել հաղորդագրություններ: Իր գործառույթներով հայկական հավելվածը չի զիջում հեղինակավոր Skype կամ Viber մեսինջերներին: Մեսինջերը միակն է, որ թույլ է տալիս իրականացնել 720p թույլտվությամբ live-տեսազանգեր, ինչով զգալիորեն գերազանցում է վերը նշված հավելվածներին:
Zangi հաղորդակցման հավելվածն առաջին հայկական արտադրանքն է, որ մասնակցել է Mobile World Congress-ին:
Այս տարի ընկերությունը ներկայացվելու է Դուբայում և Լոնդոնում կայանալիք GITEX ու Capacity Europe հեռահաղորդակցության ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսներին։
Ինչպես տեղեկացրել է «Zangi»-ի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը՝ այս պահին հավելվածն ունի 1,5 միլիոն բաժանորդ, և օրական դրա միջոցով կապ են հաստատում տասնյակ-հազարավոր մարդիկ: 2016թ.-ից ընկերությունը մտել է զարգացման նոր փուլ, մասնավորապես, աjն ձեռք է բերել 20+ Business-To-Business (B2B) գործընկերներ աշխարհի 12 երկրից։ Այժմ «Zangi»-ն մասնակցում է երկրների մասշտաբով հեռահաղորդակցման ենթակառուցվածքների ստեղծմանը։
Սիրարփի Աղաբաբյան