«Այդ 60 հոգու մեջ մեկը չկա՞ր, որ վարչապետին ասեր՝ Հայաստանում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կարկուտ չի գալիս, ի՞նչն եք փորձարկելու». Հրաչ Բերբերյան

«Մենք ողջունում ենք հրթիռային համակարգի ներդրումը Հայաստանում, որովհետև առանց այդ պիլոտային ծրագրերի էլ այդ սարքերը 1980-ական թվականներին Հայաստանում փորձարկվել են։ Դրանք համահունչ են արկային համակարգին, նույն էֆեկտիվությունն ունեն։ Խոսքը 55-70% էֆեկտիվության մասին է, հայտարարվող 80%-ը միֆ է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ նկատելով, որ, թերևս, ամենաարդյունավետն ավիացիոն համակարգն է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին ներկայացրել է գյուղոլորտի զարգացման ծրագրերը՝ տարբեր ուղղություններով:

Բերբերյանն ընդգծեց, որ պետք է հրթիռային համակարգը զգուշորեն կիրառել․ «Այդ արկերը, եթե չեմ սխալվում, թռչում են մոտ 12 կմ, և Աստված մի արասցե՝ հայ-թուրքական սահմանը հատեն։ Այսինքն՝ դրանք պետք է տեղադրվեն այն վայրերում, որոնք ռիսկային չեն․ սահմանից մինիմում 30 կմ հեռու պետք է գտնվեն։ Սահմանամերձ գոտում պետք է տեղադրվեն միայն և միայն ցանցային համակարգերը»։

Հ. Բերբերյանին զարմացնում է այն, որ ցանկանում են համակարգերը փորձարկել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին․ «Այդ ո՞ր ամպերի վրա պետք է փորձարկեն, եթե սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում կարկուտ չի լինում։ Այսինքն՝ ուղղակի աչքակապությո՞ւն են անելու, թե՞ փորձարկել են։ Կարկտաբեր ամպեր կունենանք հաջորդ տարվա ապրիլից մինչև հուլիսի կեսերը։

Կարծում եմ, որ ընդհանրապես փորձարկման կարիք չկա, որովհետև, ինչպես նշեցի՝ այդ սարքերն արդեն փորձարկում անցել են Հայաստանում դեռ 30 տարի առաջ։ Դրանք շատ լավ կաշխատեն, ուղղակի հարկավոր է ճիշտ մասնագետներ ընտրել, որոնք այդ ուղղությունները ճիշտ կորոշեն, ճիշտ կկրակեն, և էֆեկտիվությունը բարձր կլինի։

Մենք մնում ենք զարմացած, որ այդ 60 հոգի լուրջ մասնագետները, որ շրջապատել էին վարչապետի սեղանը, մի՞թե մեկը չկար նրանց մեջ, որ ասեր՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում կարկուտ չի լինում։ Ես մնացել եմ զարմացած, թե այդ ինչ մասնագետներով է վարչապետը շրջապատված։ Այնտեղ սպիտակած մազերով մարդկանցից սկսած՝ մինչև ֆենած մազերով տղաներ են նստած․ այդ «մասնագետները» մի բան չկարողացա՞ն ասել։ Թե՞ այդ պիլոտային ծրագրի վրա ձեռքերը տաքացնելու հարց կա։ Շահագրգիռ մարդիկ կան, որ ուզում են շըփ-թըփ բաներ անել»։

Ագրարագյուղացիական միավորման նախագահի դիտարկմամբ՝ ցանցային համակարգն ամենաարդյունավետն է, և դրա վարկավորման ժամկետը պետք է երկարացնել, որ մարդիկ կարողանան օգտվել. «Վարկերը տալիս են ցածր տոկոսադրույքով, 3 տարով, բայց ցանցերը ծառայում են 10-15 տարի, և վարկերը պետք է տային 10-15 տարով։ Տոկոսադրույքը լավն է, կառավարությունը ճիշտ ուղու վրա է, բայց 3 տարին շատ կարճ ժամկետ է։ Կաթիլային համակարգը ևս գյուղացին կարող է մինչև 15 տարի օգտագործել, և այստեղ էլ պետք է վարկի ժամկետը երկարացնել»։

Տեսանյութեր

Լրահոս