Բաժիններ՝

«Մեր երկրի համար մեծ շքեղություն է այսքան բուհ ունենալը». Վաչագան Գալստյան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դիտարկմամբ՝ ՀՀ բուհերի քանակը 10 տարում 85-ից դարձել է 60. 25 բուհ փակվել է: Նրա խոսքով՝ ուսանողների թվաքանակը նվազել է՝ 110.000-ից դառնալով 85.000, որը միայն ծնելիության հետ չի կապված:

«Եթե անցնենք բուհերի արտոնագրման եվրոպական չափանիշերին, ապա երևի 85.000 ուսանողից հազիվ 45.000-ը մնա, քանի որ արտոնագրումը մեծ գումարներ է պահանջում»,- նշեց բանախոսը:

Ահարոն Ադիբեկյանը կարևորեց մասնագիտական կողմնորոշումը: Նրա խոսքով՝ մեծ խնդիր է, որ դպրոցի շրջանավարտների մոտ 60 %-ը մասնագիտական կողմնորոշում չունի։

«2012 թվականին ընդունվել է 21.300 ուսանող, ավարտել է 12. 300-ը, 60 %-ն է ավարտել։ Նույնը մենք ակնկալում ենք այս շրջանում։ Հիմնականում պահպանվում են այն մասնագիտությունները, որտեղ երեխային ուղղություն են ցույց տվել։ Այդ մասնագիտություններում կրճատում համարյա չի նկատվում, իսկ հումանիտար առարկաներում և տնտեսագիտության դեպքում բավականին լուրջ կրճատումներ ունենք»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը։

Սոցիոլոգի խոսքով՝ մինչև դպրոցն ավարտելը երեխան պիտի իմանա՝ ինքն ո՞վ է, ի՞նչ է ուզում, ի՞նչ կարող է անել: Ահարոն Ադիբեկյանը նաև նշեց, որ, եթե ճապոնական մի գյուղում բարձր IQ-ով երեխա են հայտնաբերում, անպայման նա «մտնում» է պետական ծրագրի տակ, քանի որ հենց նրա խելքով է Ճապոնիան դառնալու առաջատար երկիր:  Հայաստանում այդ գործընթացը չկա, նման երեխաներով ոչ ոք չի զբաղվում:

ԵՊՀ Միջհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում այս տարի միասնական համակարգով ընդունելության համար առաջին և երկրորդ փուլերի արդյունքներով հայտագրվել էր 9559 դիմորդ, որից ընդունվել է 8266-ը:

«Մեր դիմորդների թիվն այս տարի նվազել է 500-ով, բայց այնուամենայնիվ կազմել է 30 %: Համեմատության համար ասեմ, որ անցած տարի 2952 ընդունվող ենք ունեցել, որը 380-ով ավելին է, քան այս տարի ընդունվածները»,- ասաց բանախոսը:

Իսկ թե ինչո՞ւ են առաջացել թափուր տեղեր, բանախոսը պարզաբանեց, որ բնական էր, որ այդքան թափուր տեղեր պիտի լիներ, քանի որ ընդունելության տեղերն ընդհանուր առմամբ 20.000-ից ավելին էր, իսկ դիմորդների թիվը՝ 9559:

Վաչագան Գալստյանի խոսքով՝ վերջին տարիներին վիճակը լավ է ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, տեղեկատվական, մշակութաբանություն, իրավագիտություն մասնագիտություններում, որտեղ դիմորդների թվի աճ է գրանցվել:

Վերջինիս խոսքով՝ մտահոգիչ է այն փաստը, որ ֆիզմաթ և բնագիտական ֆակուլտետներում վերջին տարիներին նվազել է ընդունվողների թիվը:

«1995-2008 թվականներին ունեցել ենք հարցազրույցով ընդունելություն, որն օգնում էր տեղերը համալրելուն:  Դրա համար էլ միշտ դիմել ենք ու հիմա էլ դիմում ենք պատկան մարմիններին, որ թույլ տան հարցազրույցով ընդունելությունը վերականգնել»,- ասաց Վաչագան Գալստյանը:

Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանի պնդմամբ՝ շրջանավարտների թվի պակասը միայն արտագաղթով պայմանավորված չէ: Նրա խոսքով՝ մենք հիմա գործ ունենք 18 տարի առաջ ծնելիության շատ ցածր մակարդակ ունեցող տվյալների հետ:

Անահիտ Հարությունյանի դիտարկմամբ՝ հիմնականում, ինչպես նախորդ տարիներին, դիմորդների թիվը պակաս չի եղել բժշկական և հումանիտար մասնագիտություններով:

«Օգոստոսից սփյուռքահայ դիմորդների հոսքն է սկսվելու, և մենք մեր հույսը հենց նրանց վրա ենք դնում, և առհասարակ կարծում եմ, որ տեղերը համալրելու առումով բոլոր բուհերն էլ հույսը դնում են արտասահմանցի կամ սփյուռքահայ ուսանողների վրա: Սա առաջին հերթին՝ մեր բնակչության թվի պակասի արդյունք է, ոչ թե՝ որևէ բուհ վատ է աշխատում»,- նշեց բանախոսը:

Վաչագան Գալստյանի դիտարկմամբ՝ շատ կարևոր է նոր կրթական ծրագրերի մշակումը, որակի ապահովման խնդիրը:

«Հիմա 80%-ի չափ բուհեր մասնակցում են, բայց մեր երկրի համար մեծ շքեղություն է այսքան բուհ ունենալը, կառավարությունը պետք է գնա խոշորացման»,- հավելեց բանախոսը:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս