Բելգիան կարող է արգելել իր տարածքում Թուրքիայում մահապատժի օրինականացման շուրջ քվեարկությունը
Հնարավոր է, որ Բելգիան իր տարածքում արգելի Թուրքիայում մահապատժի օրինականացման շուրջ քվեարկությունը, եթե թուրքական իշխանությունը որոշի դրա համար հանրաքվե անցկացնել:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Բելգիան պարտավոր չէ թույլ տալ իր կամքին հակառակ հանրաքվեի կազմակերպում»,- ասել է Բելգիայի դաշնային թագավորության վարչապետը:
«Համաշխարհային օրենքներով չկա կանոն, որը սահմանի սփյուռքի, իր բնակված երկրի տարածքում պարտադիր մասնակցությունը հայրենիքում կազմակերպված հանրաքվեին»,- ասել է վարչապետը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է մահապատիժը վերականգնելու պատրաստակամության մասին:
«Եթե մահապատժի վերականգնման մասին որոշումը մեջլիսում ընդունվի, ես այն կվավերացնեմ: Եթե չանցնի, մի հանրաքվե էլ մահապատժի վերականգնման համար կանենք»,- հայտարարել է նա:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել հանրաքվեի մասնակիցներին` նշելով, որ հանրաքվեով սկիզբ է դրվել Թուրքիայի համար նոր մի ժամանակաշրջանի:
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում ընտրատեղամասերի 99,97 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:
Գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է հանրաքվեի արդյունքները բողոքարկելու մասին: Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ խախտման արդյունքում շուրջ 1,5 միլիոն քվե հաշվվել է «այո»-ի օգտին: