Բաժիններ՝

«Հարցվածների 72 տոկոսը չի պատրաստվում լքել Հայաստանը և մշտական բնակություն հաստատել արտերկրում»

«Ժողովրդի ձայն» հ/կ փորձագետ Արման Ղուկասյանի պնդմամբ՝ ՀՀ կառավարության աշխատանքի շնորհիվ է, որ այսօր տարբեր հեղինակավոր փորձագետներ սպասում են 2.5-3 տոկոս տնտեսական աճ 2017 թ. ավարտին։

«ՀՀ կառավարությունը ճիշտ աշխատանք է անցկացնում ԵԱՏՄ շրջանակում՝ օգտագործելով միության հնարավոր ամբողջ պոտենցիալը։ Վերջին հինգ ամիսները մեր տնտեսության համար բավականին բարենպաստ էին։ Թե՛ արտաքին ազդեցության գործոնների, թե՛ ճիշտ աշխատանքի արդյունքում՝ կարողացանք գրանցել արտահանման 21 տոկոս աճ։ Խոսքը պատրաստի ապրանքի մասին է։ Սա նշանակում է, որ նոր աշխատատեղեր ունենք։ Մենք տեսնում ենք, որ կան հեռանկարներ ԵԱՏՄ-ում, և տեսնում ենք բավականին մեծ ձեռքբերումներ։ Եթե այդ ձեռքբերումները ճիշտ օգտագործվեն, և աշխատանքը շարունակվի նույն տեմպերով, ապա մենք կանխատեսում ենք, որ 2018 թ.-ի հունվարին կարող ենք ունենալ բնակչության ոչ թե նվազում, այլ մշտական աճ և միգրացիայի որոշակի կանխում»,- նկատեց բանախոսը։

«Ժողովրդի ձայն» հ/կ փորձագետ Ծովինար Կոստանյանը ներկայացրեց, որ հ/կ-ն Երևանում բնակվող 900 ՀՀ քաղաքացիների միջև սոցհարցում է անցկացրել՝ պարզելու, թե ինչպիսի՞ն է  Հայաստանի բնակչության տրամադրվածությունը երկիրը լքելու հարցին՝ մանավանդ նոր կառավարության վերջին 6 ամսվա աշխատանքի կոնտեքստում։ Հարցմանը մասնակցածների 25 տոկոսն ունեն մարզերի գրանցում, 75 տոկոսը 18-35 տարեկան երիտասարդներ են, 72 տոկոսն անկուսակցական են։

Ծովինար Կոստանյանի խոսքով՝ հարցման արդյունքում պարզ է դարձել, որ 72 տոկոսը չի պատրաստվում լքել Հայաստանը և մշտական բնակություն հաստատել արտերկրում, 19 տոկոսը դեռ չգիտի, 9 տոկոսն էլ պատրաստվում է հեռանալ Հայաստանից։ Հաջորդ հարցին՝ արդյո՞ք Հայաստանում ակնկալվում են բարեփոխումներ սոցիալ-տնտեսական ոլորտում մոտ ժամանակներս, հարցվածների 79 տոկոսը պատասխանել է՝ ակնկալում է, 6 տոկոսը ոչ մի բարեփոխում չի ակնկալում, իսկ  15 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել։

Հարցվածների գերակշիռ մասը՝ 78 տոկոսը, այդ բարեփոխումները կապում է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հետ, 62 տոկոսը՝  Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության հետ, 38 տոկոսը՝ սփյուռքի կողմից կատարվող ներդրումների հետ, և 26 տոկոսն էլ՝ Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հետ։

«Կարող ենք եզրակացնել, որ հարցվողների գերակշիռ մեծամասնությունն ունի հույսեր Կարեն Կարապետյան կառավարության հետ և նրա կողմից Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում  իրականացվող գործունեության հետ»,- ասաց փորձագետը։

Արման Ղուկասյանը նկատեց, որ իր համար զարմանալի չէ, որ հարցվածների մեծ մասը բարեփոխումները կապում է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հետ. «ՀՀ բնակչության մեծամասնությունը Հայաստան-Ռուսաստան  հարաբերություններն ավելի առաջնային է համարում, որովհետև մեր երկրի  բնակչության մեծամասնությունը չի աշխատում Եվրոպայում, այլ գնում է արտագնա աշխատանքի Ռուսաստան»։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս