«Հայաստանում հեղափոխության գլխավոր գործոնները չկան». Քաղաքագետը՝ «Սասնա ծռերի» կողմից ծրագրվող նոր գործողությունների մասին

168.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը

– Պարոն Համբարյանը, օրերս Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը հարցազրույց է տվել՝ ասելով, որ «դիմադրական շարժումը թափ է հավաքում, վարչակազմին դեռ բազմաթիվ անակնկալներ են սպասում»: Ըստ Ձեզ՝ ինչքանո՞վ է հավանական բողոքի նոր ալիքի առաջացումը՝ հաշվի առնելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում, կարծես թե, փողոցային պայքարը մարել է:

– Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հուժկու շարժումներ չեն լինելու, քանի որ Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը բավական ծանր է, բայց այստեղ ամենակարևոր երկու հանգամանք կա: Առաջինը՝ այդ հուժկու շարժումների կազմակերպիչներն են: Մեզ մոտ ընդդիմությունը բավական պառակտված է, ու ընդդիմադիր լիդերները բավական խանդով են վերաբերվում մեկը մյուսին: Դրա վառ օրինակը «Սասնա ծռերի» դեպքերն էին, երբ խմբի կողմնակիցները բավական հակասական վերաբերմունք ունեին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Երկրորդ հանգամանքը ֆինանսական հարցն է. ոչ մի հեղափոխություն 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին հենց այնպես տեղի չի ունենում:

Հեղափոխությունների մեջ ահռելի գումարներ են ներդրվում, և դրա վառ օրինակներն են Արևմուտքի կողմից կազմակերպված հեղափոխությունները նախկին խորհրդային հանրապետություններում՝ Ուկրաինա, Վրաստան, Ղրղըզստան, նաև դրա վառ օրինակն է Հարավսլավիան, Սերբիան, ինչպես նաև մինչև հիմա որոշ երկրներում շարունակվող Արաբական գարունը: Ինչքան էլ այդ բոլոր երկրներում սոցիալ-տնտեսական և քաղաքական պատճառներ լինեին, կազմակերպել այդ ամենը բավական բարդ է, եթե չլինեն խոշոր ֆինանսական ներդրումներ: Եթե Հայաստանում հասարակությունը բավական պատրաստ է այդ հեղափոխությանը, իշխանությունն իրեն շատ ամուր է զգում, որովհետև այդ կազմակերպիչները և նրանց ֆինանսավորողները չկան:

– Անցյալ տարի «Սասնա ծռերի» գործողություններից առաջ այդ խմբի անդամները բազմիցս հայտարարել էին, որ հեղափոխություն են պատրաստվում անել, բայց, փաստորեն, ոչ ոք նրանց խոսքերին լուրջ չէր վերաբերվել: Այժմ Գարեգին Չուգասզյանը կրկին խոսում է ինչ-որ քայլեր նախաձեռնելու մասին, արդյոք չպե՞տք է դրան լուրջ վերաբերվել:  

– Ես չեմ ասում լուրջ չի կարելի վերաբերվել, բայց միևնույն ժամանակ՝ ես էլի եմ կրկնում՝ այն երկու կարևորագույն գործոնները, որոնք պետք են հեղափոխություն կազմակերպելու համար, չկան: Ինչո՞ւ «Սասնա ծռերի» գործողությունները տապալվեցին. ամենաառաջինը՝ «Սասնա ծռերը» շատ կոպիտ սխալ կատարեցին, երբ բոլորով պատսպարվեցին և փակվեցին ՊՊԾ գնդում, այսինքն՝ նրանց կողմնակիցների գործողությունները ՊՊԾ գնդից դուրս ոչ ոք չէր ուղղորդում, ոչինչ կազմակերպված չէր: Երկրորդը՝ չկար ֆինանսավորում: Այնպես որ, չի կարել ասել, որ դա անիմաստ հայտարարություն է, բայց էլի եմ կրկնում, դրա գլխավոր գործոնները չկան:

– Ձեր կարծիքով՝ եթե «Սասնա ծռերն» էլի ինչ-որ բան նախաձեռնեն, երկրորդ անգամ նույն սխալները կգործե՞ն, արդյոք դասեր չե՞ն քաղել նախկին քայլերից:

– Իմ կարծիքով՝ իշխանություններն ավելի ուշի ուշով կհետևեն ընդդիմադիր գործիչներին, որպեսզի թույլ չտան երկրորդ անգամ նույն իրադարձությունների կրկնությունը: Երկրորդը՝ նույն կազմակերպիչներն է՛լ ավելի մեծ ջանքեր պետք է գործադրեն այդ նույն գործողություններն իրականացնելու համար, որը բավական դժվար կլինի, որովհետև իշխանությունները հիմա դասեր են քաղել և ուշի ուշով հետևում են ավելի ծայրահեղական հայացքներ ունեցող ընդդիմադիր քաղաքական գործիչների գործունեությանը:

– Ըստ Ձեզ՝ 2018 թվականի նախագահական ընտրությունները կարո՞ղ են երկրում որոշակի ցնցումների, բողոքի նոր ալիքի պատճառ դառնալ, թե՞ այլևս այդ ընտրությունները նշանակություն չունեն:

– Նախագահական ընտրությունները կլինեն ոչ թե համապետական, այլ նախագահը կընտրվի խորհրդարանի կողմից, երկրորդը՝ նախագահը ոչ մի լիազորություններ չի ունենալու: Այնպես որ, նախագահական ընտրությունների համար ինչ-որ հուժկու շարժում կամ ելույթներ տեղի չեն ունենա, որովհետև նախագահն ունենալու է Անգլիայի թագուհու կարգավիճակը: Բայց պետք է նշել, որ նման բաներ հնարավոր են վարչապետի ընտրության դեպքում, եթե ՀՀԿ-ն փորձ կատարի առաջ տանել այնպիսի մի թեկնածուի, որը չի վայելում հասարակության համակրանքը:

-Նկատի ունեք՝ եթե վարչապետ ընտրվի Սերժ Սարգսյա՞նը, քանի որ հայտնի է, որ դեռևս վարչապետ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի անուններն են շրջանառվում վարչապետի պաշտոնի համար:

– Այո, եթե Սերժ Սարգսյանը փորձի դառնալ վարչապետ, դա կբերի բողոքի ալիքի, որովհետև սկզբնական շրջանում ՀՀԿ-ն խոստացել էր հասարակությանը, որ Կարեն Կարապետյանը կմնա վարչապետ, իսկ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի ժամանակ, ինքը չբացառեց, որ ինքը փոխելու է իր կարծիքը և ինքն էլ կցանկանա դառնալ վարչապետ:

Տեսանյութեր

Լրահոս