Ֆիլմ` «Աստված չի մահացել»: Ինչի՞ն ես հավատում դու
Ինչպիսի՞ հոգևոր ֆիլմեր դիտել, ինչպե՞ս վերաբերել ֆիլմի հոգևոր դրվագներին, ճի՞շտ է արդյոք Աստծո կերպարն օգտագործել ֆիլմերում։ Այս և շատ այլ հարցերի պատասխաններ կարող եք ստանալ՝ հետևելով qahana.am կայքի «Օրվա ֆիլմը. դիտում ենք հոգևոր ֆիլմեր» շարքին։ Այստեղ քահանաները կանդրադառնան հոգևոր թեմաներով ֆիլմերին, կվերլուծեն դրանք և կօգնեն ճիշտ տեսանկյունից դիտել առաջարկված ֆիլմը։
Այս շաբաթ առաջարկում ենք դիտել.
Ֆիլմ՝ «Աստված չի մահացել» (Бог не умер / God’s Not Dead)
Նկարահանող երկիր՝ ԱՄՆ
Ժանր՝ դրամա
Տարեթիվ՝ 2014
Ռեժիսոր՝ Հարոլդ Կրոնկ
Տևողություն՝ 1ժ.52ր.
«Հնարավոր չէ ապացուցել Աստծո գոյությունը, սակայն այն ժխտելն էլ անհնար է», – վստահ է երկրորդ կուրսի ուսանող Ջոշը, ով հրաժարվում է կատարել դասախոսի պահանջը և թղթի վրա գրել. «Աստված մահացել է»: Դասախոսն առաջարկում է թղթի վրա գրել այդ բառերը, որից հետո բոլոր ուսանողներն առանց խնդրի կստանան բարձր գնահատականներ: Հրաժարվում է միայն մեկ ուսանող, ով ստիպված է լինում կամ ապացուցել, որ Աստված չի մահացել կամ դուրս մնալ համալսարանից:
Կա՞ Աստված, թե՞ ոչ: Իսկ եթե չկա ու չի եղել, ուրեմն ինչպե՞ս է մահացել: Կկարողանա՞ արդյոք ուսանողն ապացուցել, որ Աստված չի մահացել:
Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել ֆիլմը դիտելիս։
Մեկնաբանում է Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը.
Լինել աթեիստ` նշանակում է ոչ թե ժխտել Աստծո գոյությունը, այլ ըմբոստանալ Արարչի դեմ, ոչ թե չհավատալ, որ Աստված կա, այլ հավատալ, սակայն սեփական խնդիրների համար «վրեժխնդիր» լինել Տիրոջից` հագնելով աթեիստի, անաստվածի դիմակ: Այդպիսի կերպար է 2014 թվականին նկարահանված «Աստված չի մահացել» ֆիլմի պրոֆեսոր Ռեդիսոնը, ով լսարանից պահանջում է հաստատել, որ Աստված չկա, «Աստված մահացել է»:
Ֆիլմում կան հետաքրքիր և ուսանելի երկխոսություններ` համեմված մեծ փիլիսոփաներից, մտածողներից և աստվածաշնչյան հեղինակներից մեջբերումներով, որոնք Տիրոջը փնտրողների համար կարող են շրջադարձային դառնալ:
Կարծիքներ ֆիլմի մասին։
«Ֆիլմը մի փոքր թատերական էր, բայց իմաստային առումով բավական հետաքրքիր էր: Ինձ՝ որպես քրիստոնյայի, շատ են հարցրել, թե ինչպե՞ս կարող եմ ապացուցել՝ Աստված կա, թե՞ ոչ: Ֆիլմն այս առումով կարող է օգնել»: (Անի)
«Ֆիլմն, իհարկե, շատ ռոմանտիկ է նկարահանված, սակայն հավատի համար պայքարի հիանալի օրինակ է»: (Տիգրանուհի)
Խորհուրդ կտայի դիտել.
«Աստված չի մահացել 2» (Бог не умер 2)
Հետաքրիր փաստեր ֆիլմերի մասին
«Աստված չի մահացել» ֆիլմի անունը պայմանավորված է ամերիկյան հայտնի «Newsboys» քրիստոնեական խմբի «Աստված չի մահացել» երգի անվամբ:
Ֆիլմերում ամենահայտնի պատմական կերպարներն են.
– Նապոլեոն Բոնապարտ (194 ֆիլմ)
– Հիսուս Քրիստոս (147 ֆիլմ)
– Լենին (86 ֆիլմ)
– Ադոլֆ Հիտլեր (74 ֆիլմ)
– Կլեոպատրա (40 ֆիլմ)
– Ստալին (38 ֆիլմ)
Հասմիկ Թամամյան
qahana.am