«Հայկական գենետիկ տարրեր կան այլ ազգերի մոտ». Լևոն Եպիսկոպոսյանը հայկական գենոֆոնդի նոր բացահայտումներ է անում

Պատմական Հայաստանի գենետիկ քարտեզագրման աշխատանքների ու հայկական գենոֆոնդի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց  կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատակից Լևոն Եպիսկոպոսյանի հետ:

 –Պարոն Եպիսկոպոսյան, այժմ ո՞ր փուլում է պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրումը:

-Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզն ավարտելուն դեռ շատ ժամանակ կա, պետք է հավաքագրենք բավականին մեծ թվով նմուշներ՝ 300-400: Այժմ հավաքել ենք մոտ 150-ը: Հավաքագրման ընթացքը բավականին դժվար է, մենք պետք է նմուշներ հավաքենք այն մարդկանցից, ում բոլոր նախնիները սերում են նույն տարածքից:

-Ի՞նչ արդյունքներ եք արձանագրել մինչ այժմ:

Կարդացեք նաև

-Կան պատմական Հայաստանի տարածքներ, որոնց նմուշները ոչ միայն հավաքագրել ենք, այլ նաև տիպավորել և կարողացել ենք դրանք ուսումնասիրել: Դրա վերաբերյալ տպագրել ենք հոդվածներ: Դրանք վերաբերում են Արցախին, Արարատյան դաշտին ու Էրզրումին:

-Որևէ այլ ազգի մոտ կա՞ հայկական գենետիկ տարր:

-Հայկական գենետիկական տարրեր կան այլ ազգերի մոտ՝ պայմանավորված ձուլմամբ և նրանով, որ այլ ազգեր անցել են այս տարածաշրջանով: Մեր տարածաշրջանը եղել է տարանցիկ, և երբ Մերձավոր Արևելքից շարժվել են դեպի հյուսիս, Եվրոպա, անցել են մեր տարածքով, և այստեղից նաև կրել են այն հատկությունները, որոնք բնորոշ են մեզ: Այսօրվա ժողովուրդները, որոնք ապրում են Եվրոպայում, Ասիայի հյուսիսային տարածքում, մեծ հավանականությամբ հատել են մեր տարածաշրջանը և տրամաբանական է, որ պետք է ունենան հատկանիշներ, որոնք մոտ են և Մերձավոր Արևելքի, և կովկասյան ժողովուրդների գենետիկական կազմին: Ժամանակակից Իտալիայի տարածքում 3000-4000 տարի առաջ ապրած ռուսների գենոֆոնդում եղել են հայկական տարրեր: Ինչը նշանակում է, որ նրանք այստեղից են գնացել:

Պարոն Եպիսկոպոսյան, իսկ հայերի մոտ որևէ այլ ազգի գենետիկ տարրեր կա՞ն:

-Այլ ազգերի հետ շփում միշտ ունեցել է վերնախավը, սակայն թագավորների մեծ մասը հայկական ծագում չի ունեցել նախկինում: Իսկ սովորական ժողովուրդը ոչ մի գենետիկական շփում չի ունեցել օտարների հետ:

-Ձեր հարցազրույցներին մեկում նշել էիք, որ քարտեզագրման աշխատանքների համար սփյուռքից աջակցության կարիք ունեք, ինչպիսի՞ աջակցության մասին է խոսքը:

-Սփյուռքից Հայաստան եկողներին խնդրում եմ, որ անպայման կապ հաստատեն ինձ հետ, և եթե ունեն ցանկություն ու համապատասխանում են բոլոր տվյալներին, հանձնեն նմուշ: Արդեն եղել են այդպիսի մարդիկ, երեկ 4 մարդ հանձնեց արյան նմուշ: Հուսով եմ, որ մի քանի տասնյակ նմուշ կհասցնենք վերցնել օգոստոսին, երբ Հայաստան այցելուների թիվը զգալիորեն աճում է:

-Մեր ոչ բարեկամական հարևան երկիրը փորձում է ապացուցել, որ հայերը եկվոր են տարածաշրջանում, հակառակն ապացուցելուն ուղղված ի՞նչ քայլեր եք իրականացրել այս ոլորտում:

-Վերջերս լույս է տեսել “Current biology” հոդվածը, որի հեղինակների մեծ մասը հայեր են: Ժամանակակից տվյալների և ԴՆԹ-ի հիման վրա՝ մենք կարողացանք ապացուցել, որ առնվազն 8000 տարի մենք այս տարածաշրջանում ենք ապրում և մայրագծային գենոֆոնդը Հայաստանում և Արցախում անփոփոխ է մնացել շուրջ 8000 տարի: Դրանով մենք կարողացանք բավականին ուժեղ հակահարված տալ մեր հարևան երկրի այն պնդմանը, թե իբր հայերը եկվորներ են այս տարածաշրջանում:

-Քարտեզագրումն արդյոք կօգնի՞ որոշ հիվանդությունների վերաբերյալ հարցերի բացահայտմանն ու դրանց ավելի արդյունավետ բուժմանը:

– Տվյալները ոչ միայն հայագիտության համար են, այլ նաև բժշկական գենետիկայի: Մենք ունենք հիվանդություններ, որոնք շատ կամ քիչ տարածված են: Եվ մենք պետք է պարզենք դրանց ոչ միայն արտաքին ազդեցության նախադրյալները, այլ նաև գենետիկական պատճառները: Իսկ այն իր մեջ ներառում է բժշկական գենետիկային վերաբերող հատկանիշներ, այսինքն՝ այն մուտացիաները, հատկանիշները, որոնք բնորոշ են հայկական գենոֆոնդին:

-Հայաստանում ժառանգական հիվանդությունների տարածվածության և հատկապես պարբերական հիվանդության մասին ի՞նչ կասեք:

-Բարեբախտաբար, հայ ժողովրդի առողջական վիճակը բավականին կայուն է: Այսօր ամենամտահոգիչը պարբերական հիվանդությունն է: Սակայն մենք պետք է հասկանանք նաև այդ գեները կրելու դրական կողմը: Հիվանդություն հարուցող վնասակար մուտացիայի տարածումը նշանակում է, որ այն պետք է ունենա նաև դրական ազդեցություն: Որոշ հիվանդությունների դեպքում այն բացահայտվել է, սակայն պարբերական հիվանդության համար դեռևս անհայտ է: Ապագայում այդ հարցը ևս կպարզվի: Քարտեզագրումը կօգնի հասկանալ, թե  այս հիվանդությունն ինչպես է տարածվել և ինչի շնորհիվ:

 –Աշխատանքների ընթացքում եղե՞լ են բացահայտումներ, որոնք հակասել են պատմական ինչինչ իրողությունների:

-Բարեբախտաբար, մեր պատմությունը բավականին ճիշտ է վավերագրված, չունենք պատվիրված տվյալներ: Միակ մտահոգիչ հանգամանքն այն է, որ հայագիտության մեջ, հատկապես արտերկրում,  դեռ իշխում է այն մոտեցումը, թե հայերը իբր բալկանյան թերակղզուց  3000 տարի առաջ եկել են Ասիա:  Այս տեսակետը ոչ մի կերպ  չի համապատասխանում գենետիկական տվյալներին: Գենետիկական տվյալները հակառակը՝ պնդում են, որ գենետիկորեն մենք Հայաստանում մնացել ենք առնվազն 8000 տարի առաջվանից: Հայ ժողովուրդը բնիկ է ոչ միայն նեոլիթյան, այլ ավելի վաղ ժամանակաշրջանից սկսած: Մեր տվյալներն ապացուցում են, որ հայկական գենոֆոնդը տեղաբնիկ է: Պետք է այս գենետիկ տվյալները կարողանանք տարածել նեղ՝ գենետիկայի ոլորտից դուրս, որի համար պետք է պատմաբանների, լեզվաբանների և հնագետների համագործակցություն:

Ո՞րն է ձեր հաջորդ աշխատանքը:

-Մեր հաջորդ աշխատանքը տղամարդկանց գենոֆոնդն ուսումնասիրելն է, ինչը ծախսատար ու ժամանակատար է: Սակայն, հուսով եմ՝ հաջորդ տարի կունենանք հնարավորություն այդ հարցի պատասխանը ներկայացնելու:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Տեսանյութեր

Լրահոս