Բաժիններ՝

Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկան կազատականացվի մինչև 2020 թվականը

ՀՀ կառավարությունը մտադիր է ազատականացնել էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկան։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը գործադիրի առաջիկա նիստում կներկայացնի այդ շուկայի ազատա­կա­նացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի նախագիծը։

«Հայաստանում նոր, ժամանակակից էլեկտրաէներգետիկական շուկային անցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև կարևորվում է միջսահմանային առևտրի հնարավորություններն օգտագործելու համար: Միջսահմանային առևտուրը կընձեռի փոխշահավետ հնարավորություններ և կնպաստի Հայաստանի ներքին շուկայի արդյունա­վետության բարելավմանը»,- կարծում են նախագծի հեղինակները:

Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ներկայիս մոդելը կիրառության մեջ է դրվել 2004 թվականին և հենվում է «միակ գնորդ (վաճառող)» մոդելի վրա, որի դեպքում էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին (տվյալ դեպքում՝ ՀԷՑ-ին) է վերապահված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում արտադրողներից էլեկտրաէներգիա գնելու և այն սպառողներին վաճառելու իրավունքը: Ընդ որում, էլեկտրաէներգետիկական շուկան ինչպես՝ մեծածախ, այնպես էլ՝ մանրածախ հատվածում ամբողջությամբ կարգավորվում է, կարգավորվում է նաև էլեկտրաէներգիայի ներկրումը և արտահանումը: Զարգացած և զարգացող շատ երկրներում էլեկտրաէներգետիկական շուկաներն արդեն իսկ ազատականացված են և ուղենիշ ունեն դեպի լիարժեք մրցակցային շուկայի կառուցվածք:

Ըստ նախագծի՝ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման համար անհրաժեշտ է անցում կատարել շուկայի նոր մոդելի, ինչը կնպաստի մեծածախ և մանրածախ շուկաների արդյունավետության բարձրացմանը, իսկ միջպետական առևտրի խթանումը հնարավորություն կընձեռի ներքին շուկայում ունենալ մրցակցության որոշակի տարրեր:

Ներկայիս էլեկտրաէներգետիկական շուկան հենվում է միայն էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման տարեկան ծավալների կանխատեսման վրա և շուկայի մասնակիցների համար չի սահմանում պատասխանատվություն՝ այդ ծավալների շեղումների դեպքում: Արդյունքում՝ էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսված և փաստացի ծավալների տարբերության պատճառով առաջացած ռիսկերը հավասարակշռվում են սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի սակագների միջոցով, ներառելով նաև էլեկտաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի՝ այդպիսի ռիսկերի հավասարակշռման արժեքը:

Նախագծի հեղինակներն անդրադարձել են նաև ոլորտում սակագնային կարգավորման խնդիրներին՝ նշելով, որ համակարգում առկա են հասցեականության բացեր, և նոր մոտեցումների կիրառումն անհրաժեշտություն է:

Ի թիվս այլ արդյունքների, հեղինակները գտնում են, որ համակարգի ազատականացման արդյունում կբարելավվի ներդրումային միջավայրը և գրավիչ պայմաններ կստեղծվեն ներդրողների համար:

Շուկայի նոր մոդելին և առևտրի նոր մեխանիզմներին նախատեսվում է անցում կատարել մինչև 2020 թվականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս