«Ե՛վ իրանական, և՛ հայկական կողմերից բարձր մակարդակով դժգոհություն կա առևտրաշրջանառության առկա մակարդակից». իրանագետ
Իրանագետ Արմեն Իսրայելյանի դիտարկմամբ՝ Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության հեռանկարների մասին խոսելիս՝ պետք է նշել, որ միջուկային համաձայնությունից հետո տարբեր ոլորտներում հնարավորություններ ստեղծվեցին, որպեսզի Հայաստանի և Իրանի միջև ստորագրված համաձայնագրերը կարողանանք կյանքի կոչել։ Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության կողմից Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտի հիմնելու մասին որոշման ընդունումը ևս կնպաստի երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը։
Անդրադառնալով Իրանի և Հայաստանի կառավարությունների միջև Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետը համատեղ օգտագործելու մասին համաձայնագրին ՝ պարոն Իսրայելյանն ասաց. «Իրանի մեջլիսի կողմից համաձայնագրի հաստատվելու հանգամանքը շատ կարևոր է, որովհետև համաձայնագիրը կնքվել է շատ կարճ ժամանակ առաջ։ Օրինագիծը մի քանի անգամ է քննարկվել Իրանի խորհրդարանում, և օրերս արդեն կայացվեց վերջնական համաձայնությունը»։
Ըստ բանախոսի՝ Մեղրի-Նորդուզ դարպասի համատեղ օգտագործման համաձայնագրի հիմնական նպատակն է Իրանի և Հայաստանի միջև տնտեսական ոլորտում ձեռք բերված համաձայնությունները, հեռանկարային ծրագրերը կյանքի կոչելը։
«Դա վերաբերում է ինչպես՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը և տնտեսական ոլորտում տարբեր ծրագրերի իրականացմանը, այնպես էլ՝ տարանցիկ բեռնափոխադրումներ իրակացնելու ոլորտին՝ Պարսից ծոց, Սև ծով ճանապարհային միջանցքի գործարկմանը, էներգետիկային, գազի տարանցման հարցերին։ Այս անցակետը միջազգային ներդրողներ կբերի ինչպես՝ հայկական կողմին, այնպես էլ՝ իրանական կողմին»,- իր խոսքում ասաց պարոն Իսրայելյանը։
Վերջինիս խոսքով՝ որպեսզի մաքսային գործընթացներն արագ ձևակերպվեն, համատեղ աշխատանքային խումբ պետք է ձևավորվի, որը կզբաղվի մաքսային գործերով։ Իրանագետի գնահատմամբ՝ երկու կողմերը միմյանց արագ պետք է փոխանցեն մաքսանենգության մասին տեղեկությունները, որպեսզի սահմանին ի հայտ եկած խնդիրները շատ կարճ ժամանակում ստանան իրենց լուծումները։
Ըստ պարոն Իսրայելյանի՝ 2015 թվականին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 120-130 միլիոն դոլար, իսկ 2016-ին զգալի աճ է նկատվել՝ մոտ 170 միլիոն։
«Երկու կողմից էլ բարձր մակարդակով դժգոհություն կա առևտրաշրջանառության առկա մակարդակից, որովհետև մենք ունենք մեծ հնարավորություններ։ Ինչպես իրանական կողմը, այնպես էլ՝ հայկական կողմը տարբեր հանդիպումների շրջանակներում միշտ բարձրաձայնում և ընդգծում է այն փաստը, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի առևտրաշրջանառությունն ավելանա։ Հուսանք, որ համաձայնագիրը կնպաստի դրան»,- նշեց բանախոսը։
Ըստ իրանագետի՝ Իրանի հետ մեր տնտեսական համագործակցությունը խորացնելու համար մենք պետք է մեր գործողությունների ծրագիրը 2 փուլի բաժանենք՝ կարճաժամկետ և երկարաժամկետ.
«Մենք պետք է փորձենք կարճաժամկետ ծրագրեր իրականացնելու նպատակով նախադրյալներ ստեղծել, որ երկու կողմից լինեն համատեղ ներդրումներ, այնուհետև տնտեսական փոքր նախագծերն իրենց ազդեցությունը կունենան, նաև կնպաստեն, որպեսզի ավելի մեծացնենք մեր համագործակցության շրջանակը։ Իրանն ու Հայաստանն արդեն մեկ կարևոր նախագիծ իրականացրել են. դա Իրանի և Հայաստանի միջև գործող գազամուղն է։ Մենք պետք է մեր օրակարգում պահենք Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը»։
Անդրադառնալով Հայաստան-ԵԱՏՄ համագործակցությանը՝ իրանագետը նշեց, որ, երբ սկզբնական շրջանում Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ համագործակցում էր և հետո անդամակցեց ԵԱՏՄ-ին, որոշ փորձագիտական շրջանակների կողմից կային մտահոգություններ, որ դա կարող է վնասել հայ-իրանական տնտեսական հարաբերություններին. «Բայց ինչպես վկայում է վերջին տարիների պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը, ընդհակառակը՝ Իրանը ողջունում է այդ համագործակցությունը, և իրանական կողմը շահագրգռված է, որ Հայաստանի միջոցով կապ հաստատի ԵԱՏՄ երկրների հետ»։
Պարոն Իսրայելյանի դիտարկմամբ՝ Իրանը փորձում է տնտեսական կապեր հաստատել բոլոր ուղղություններով։
«Նախկինում Իրանի ու Թուրքայի միջև շատ խորը համագործակցություն կար, հիմա էլ ունեն, բայց վերջին տարիներին նվազել է նրանց միջև առևտրաշրջանառության ծավալները՝ կապված Թուրքայի՝ Թեհրանի հանդեպ ունեցած բացասական դիրքորոշմամբ, պայմանավորված տարածաշրջանային մի շարք հարցերով Իրանի և Թուրքիայի միջև տարաձայնություններով, և այլն»,- ասաց իրանագետը։
Ռոզա Հակոբյան