Բաժիններ՝

«Երբ մայրս ողջ էր, պարտադրում էր մեզ երեք անգամ ձեռքերը լվանալ գրքին դիպչելուց առաջ». Մատենադարանը համալրվեց ևս մեկ արժեքավոր ձեռագրով

1471 թվականին Երուսաղեմում ընդօրինակված «Հրաշափառ», «Հրաշագործ» անունով Ավետարանն այժմ հնարավոր կլինի տեսնել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Ձեռագիրը Մատենադարանին են նվիրաբերել երկար տարիներ ԱՄՆ-ում բնակվող Հրայր և Հռիփսիմե Դադայան-Բարնակյանները: Ավետարանի ցուցադրության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 18-ին  Մատենադարանում:

«Ավետարանը մեր ընտանիքին է հասել մեծ մորս` Եղսայի միջոցով: Երբ նա 1918 թվականին գաղթել է Երևան: Իր գյուղի հարևան գյուղում բնակվող մեկը, ով առողջական խնդիրներ է ունեցել Եղսային կանչել և նրան է հանձնել Ավետարանն ու ասել, որ ետ կվերցնի ապաքինվելուց հետո: Նա վստահել է մեծ մորս, քանի որ Եղսան իմաստուն, խելացի, հավատացյալ և քաջ կին է եղել: Այդ մարդու մահից հետո Ավետարանը մեր ընտանիքի հետ շրջել է տարբեր երկրներում: Եղսայի մահից հետո այն փոխանցվել է հորս, նրա մահից հետո` մորս, այնուհետև ինձ և եղբորս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց Հռիփսիմե Դադայանը:

Նրա խոսքով` իրենք երկար են մտածել ձեռագրի ճակատագրի մասին և որոշել, որ  ամենաճիշտը այն  Հայաստան, Երևան վերադարձնելն է, քանի որ Ավետարանը հայ ժողովրդին է պատկանում:

«Երբ մայրս ողջ էր, պարտադրում էր մեզ երեք անգամ ձեռքերը լվանալ գրքին դիպչելուց առաջ և շատ զգուշ լինել: Մեծ մայրս ամեն շաբաթ մոմ էր վառում, աղոթում էր սուրբ գրքի մոտ. նա այն ընկալում էր, որպես հրաշագործ ու աղոթում էր Հայաստանում ապրող մեր բարեկամների, ազգի, բանտարկյալների, զինվորների համար»,-պատմեց Դադայանը:

Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր- Ղևոնդյանն ասաց, որ Մատենադարանի ձեռագրերը ներկայումս քսան հազարից ավելի են աշխարհասփյուռ հայ նվիրատուների շնորհիվ:

«Մեզ համար կարևոր է, որ մեզ են նվիրում ընտանիքում պահված, սերնդեսերունդ փոխանցված մի գիրք, որը ոչ միայն ազգային արժեք է, այլև այդ ընտանիքի համար սրբազան մասունք, ինչը կրկնապատկում է նվիրատվության կարևորությունը»,-շեշտեց Տեր-Ղևոնդյանը:

Վահան Տեր-Ղևոնդյանը «Մատենադարան» հուշամեդալով պարգևատրեց Դադայաններին` կարևորելով նրանց նվիրատվությունը:

Արժեքավոր ձեռագիրը, որը հայտնի է «Հրաշափառ», «Հրաշագործ» Ավետարան անունով, պահվել է Արևմտյան Հայաստանի Չարսանջակ գավառակի Գոդառիճ գյուղի Սբ.Գևորգ եկեղեցում: Ձեռագիրը Դադայան ընտանիքին է փոխանցել Երևանում 1918 թ. գարնանը Գոդառիճ գյուղից գաղթած մի հայ, որը հիվանդության պատճառով ձեռագիրը հանձնել է Դադայան գերդաստանի մեծ մորը՝ Եղսային:

Այս թվականից  ի վեր ձեռագիրը երկար ճանապարհ է անցել. նախ տեղափոխվել է Ֆրանսիա, ապա` ԱՄՆ: 1990 թվականին Ավետարանը ժառանգում են Եղսայի թոռները` Հրայրը և Հռիփսիմեն, որոնք համատեղ որոշում են կայացնում սրբորեն պահված ձեռագիրը  նվիրաբերել Մաշտոցյան Մատենադարանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս