«Սերժ Սարգսյանի հարցազրույցում կային մի քանի կարևոր կետեր». Դավիթ Բաբայան
«Սերժ Սարգսյանի հարցազրույցի մեսիջները կարևոր էին»,-168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին տված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին :
Դ. Բաբայանի խոսքով՝ ՀՀ նախագահի մեսիջներն ուղղված էին ինչպես՝ Ադրբեջանին, այնպես էլ՝ միջազգային հանրությանը և հայոց աշխարհին.
«Կային մի քանի կարևոր կետեր: Նախևառաջ՝ այն, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը հանդիսանում է հակամարտության միակ խոչընդոտը, ինչը, եթե չվերանայվի, որևէ կարգավորման հնարավորություն չի լինելու: Կարևոր էր նաև այն, որ նախագահը վերահաստատեց խաղաղ կարգավորման հետամուտ լինելու մեր տեսլականը, և չափազանց կարևոր էր այն, որ նախագահն ընդգծեց, որ ռազմական ճանապարհը և այն ձևը, ինչպես Ադրբեջանն է պատկերացնում կարգավորումը, դա անհեռանկարային է, և Հայաստանը, Արցախը պատրաստ են, որ, եթե ագրեսորը կրկին դիմի ագրեսիվ քայլերի, տան ուժգին պատասխան, որն ինքնին կլինի կարգավորման մի ձև»:
– Ամեն անգամ Ադրբեջանի կողմից նախահարձակ գործողություններից հետո Մինսկի համանախագահները, կարծես, հավասարության նշան են դնում կողմերի միջև, բայց ՀՀ նախագահը չկիսեց այդ տեսակետը՝ ասելով, որ նրանք հավասարության նշան չեն դնում. ինչպե՞ս եք դա մեկնաբանում:
– Մինսկի խմբի վերջին հայտարարության մեջ մենք տեսնում ենք արդեն փոփոխություն: Մի երկու ամիս առաջ կատարված այդ հայտարարության մեջ հասցեական նշվեց, որ Ադրբեջանն է պատասխանատուն այդ սրացումների, այնուհետև եղել է էլի հայտարարություն, որի հասցեականությունը մի քիչ թույլ էր, բայց տարբերվում էր նախորդ տարիների հայտարարություններից: Թեկուզ ցավակցություն են հայտնում այդ երեխայի մահվան համար, բայց նշված չէ, որ հայկական կողմն է դրա պատասխանատուն: Իրոք, մենք ցավում ենք, որ երեխա է մահացել, բայց այդ երեխայի մահվան մեջ արցախյան կողմը, հայկական կողմը որևէ մեղք չունի, դա Ադրբեջանի իշխանությունների վարած անմարդկային քաղաքականության արդյունքն է: Նկատելի է, որ նաև համանախագահների մոտ կա փոփոխություն, և պետք է այդ փոփոխության միտումները պահպանվեն: Մենք ակնկալում ենք, որ լինելու են կոշտ և հասցեական հայտարարություններ:
– Սերժ Սարգսյանը նշում է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը հայ-ռուսական հարաբերությունների ամենացավալի կողմն է: Սակայն նաև ասում է, որ դեռևս որևէ լուրջ բան չի պատահել. «Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել»։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է արդարացված նման մոտեցումը, չպե՞տք է հայկական կողմն ինչ-որ կանխարգելիչ գործողություններ անի, որ իր ռազմավարական գործընկերը չշարունակի զենք վաճառել մեր թշնամուն:
– Մենք միշտ ասել ենք, որ Ադրբեջանի պես պետությանը զենք վաճառելը ճիշտ չէ, ով ուզում է՝ լինի: Իսկ այն, որ Ադրբեջանը գնում է իր զինատեսակները բազմաթիվ երկրներից՝ դա փաստ է: Մենք ասում ենք, որ դա անթույլատրելի է, որովհետև ագրեսորը գոտեպնդվում է: Երկրորդ՝ այդ զենքը կարող է նաև օգտագործվել վաճառող կողմի դեմ: Մենք տեսնում ենք, որ նույն Ռուսաստանի պարագայում դա տեղի է ունենում: Օրինակ, Սիրիայում հազարից ավելի ադրբեջանական գրոհայիններ են մարտնչում «Իսլամական պետության» ծայրահեղականների շարքերում նույն Ռուսաստանի դեմ: Մյուս կողմից, եթե Ռուսաստանը վաճառում է զինատեսականեր Ադրբեջանին, նա զինամթերքի տեսանկյունից չի կարող չպահպանել հավասարակշռվածությունը տարածաշրջանում, այսինքն՝ չմատակարարել և չվաճառել զենք նաև մեզ: Այսքան տարիների ընթացքում միշտ այդ հավասարակշռվածությունը պահպանվել է: Միգուցե այս զենքի մրցավազքը հանդիսանում է ինչ-որ տեղ նաև լայնամասշտաբ պատերազմի՝ արգելափակիչ ինչ-որ գործոն, որովհետև, եթե Ադրբեջանը տեսնում է, որ մենք ունենք իսկանդերներ, տարբեր այլ զինատեսակներ, բնական է, նա իր ագրեսիան այլ ձևով է դրսևորում, ոչ թե դիմում է ինչ-որ լայնածավալ պատերազմի: Հետևաբար, պետք է սառնասրտորեն մոտենալ այդ ամենին, հիստերիայի մեջ չմտնել: Էմոցիաները պետք է այստեղ զսպենք:
– Սերժ Սարգսյանը նշեց նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, և հնարավոր է, որ այն տեղի ունենա աշնանը: Կարելի՞ է որևէ ակնկալիք ունենալ այդ հանդիպումից, թե՞ ոչ:
– Նման հանդիպումները շատ կարևոր են՝ անկախ նրանից, թե այդ հանդիպումներում վերջնական ինչ-որ մի պայմանավորվածություն ստորագրվո՞ւմ է, թե՞ ոչ, որովհետև վերջնականի համար դեռևս շատ ժամանակ կա, նույնիսկ տեսանելի չէ՝ հաշվի առնելով Բաքվի վարած քաղաքականությունը: Բայց նման հանդիպումները նախևառաջ՝ ապահովում են բանակցային և խաղաղ գործընթացի շարունակականությունը, և դա ևս մեկ կարևոր հարթակ է, որտեղ միջազգային հանրությունը ներկայացնում է իր կարծիքը: