«Կառավարության ծրագրի մեջ բացակայում է առաջիկա 10 տարիների տեսլականը»
«Մենեջմենք Միքս» ընկերությունը (Հայաստան խոշոր ներդրողների ներգրավվածությունն ապահովող կազմակերպություն) 17 տարի Հայաստանում գործունեություն է ծավալում։ Այն ֆրանսիական կազմակերպություն է, հիմնվել է 1969 թ., իսկ Հայաստանում առաջին ներկայացուցչությունը բացվել է 1999 թ.։
Ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանի խոսքով՝ կազմակերպությունը զբաղվում է 2 կարևոր ուղղություններով, որոնցից առաջինը կառավարման նոր մեթոդներ մտցնելն է.
«Մենք հաճախ լսում ենք «կառավարման միջազգային ստանդարտներ» արտահայտությունը, մենք դրա մասնագետներն ենք, և այդ միջազգային կառավարման ստանդարտները փորձում ենք ներդնել հայաստանյան կազմակերպությունների մեջ։ Սրանց մեջ կան նաև ոչ հայկական կազմակերպություններ, որոնք ուղղակի Հայաստանում ծավալում են իրենց գործունեությունը»,- նկատեց բանախոսը։
Նրա խոսքով՝ իրենց կազմակերպության գործունեության երկրորդ կարևոր ուղղությունն այն է, որ փորձում են արտաքին ներդրումներ ապահովել Հայաստանում, կապվել կազմակերպությունների հետ, իրենց ցույց տալ, թե ինչո՞ւ է Հայաստանում հետաքրքիր ներդրումներ անելը, և աջակցել, որպեսզի գան Հայաստան՝ ներդրումներ կատարելու։
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչն է Հայաստանում հետաքրքիր, և ինչո՞ւ պետք է այս կազմակերպությունները ներդրումներ անեն, պարոն Սեմերջյանը պատասխանեց, որ
եվրոպական երկրների հետ համեմատելու դեպքում՝ կտեսնենք, որ Հայաստանում հարկային դաշտը շատ ավելի բարենպաստ է, իսկ եթե համեմատենք ԱՄԷ-ի կամ Վրաստանի հետ, ապա Հայաստանի հարկային դաշտը դեռ բարելավման կարիք ունի։
«Հաջորդ համեմատական առավելությունն այն է, ոչ անշարժ գույքի գները շատ ավելի ցածր են։ Երրորդ առավելությունն է մարդուժը։ Հայաստանն այն երկրներից է, որտեղ համալսարանական բարձրագույն կրթություն ունեցողների թիվը մեծ է։ Հայերն ավելի խելացի և էժան աշխատուժ են, իսկ չորրորդ կարևոր բանը, որ Հայաստանը նախկինում չուներ, բայց հիմա ունի, մեծ շուկան է»,- նշեց պարոն Սեմերջյանը։
Նրա դիտարկմամբ՝ այսօր կան կազմակերպություններ, որոնք Հայաստանում արտադրում են, փաթեթավորում, առավոտյան ուղարկում Ռուսաստան, և այնտեղ այդ ապրանքը ցրվում է։
Հարցին, թե ո՞ր ապրանքն է ավելի շատ հետաքրքրում արտաքին ներդրողներին, բանախոսը պատասխանեց, որ հիմնականում գյուղարդյունաբերական արտադրանքը։
«Երեկ զննում էինք կառավարության ծրագիրը, և ես չտեսա ուղղություն, դերակատարություն, չտեսա կառավարության եկող 10 տարիների տեսլականը։
Ծրագիրը շատ լավ մշակված է, բայց մեկ ուղղություն չկա, ենթադրենք՝ Մոնակոյի ուղղությունը, Լաս Վեգասի ուղղությունը կամ Սինգապուրի ուղղությունը։ Մեկ տեսլականի կարևորությունը բացակայում է։ Բացակայում է, թե 2020-ին, 2025-ին ի՞նչ երկրում ենք ուզում ապրել»,- նշեց Ր. Սեմերջյանը։
Անդրադառանալով այն հարցին, որ արաբ շեյխերը Հայաստանում հողեր են գնում, ներդրումներ անում, և կա՞ արդյոք վտանգ այստեղ, բանախոսն ասաց, որ, եթե մեր պետական մարմինները լավ աշխատեն և կառավարեն, ենթադրում է, որ այդտեղ վտանգ չկա. «Այսօր երկրներն իրենց պետությունը զարգացրել են արտաքին ներդրումներով, հիմա այդ արտաքին ներդրումները լինում են արդյունաբերության, գյուղատնտեսւթյան ոլորտի հետ կապված։ Այսինքն՝ տնտեսական ոլորտին պետք է զարկ տրվի ԱՄԷ-ից կամ այլ երկրներից եկող ներդրումներով։ Եթե ճիշտ մարդիկ են գալիս են ԱՄԷ-ից, ճիշտ ձևով ներդրումներ են անում, և ներդրումները ծառայելու են իրենց նպատակին, ուրեմն խնդիր չեմ տեսնում»։
Ռոզա Հակոբյան