«Ադրբեջանի ժողովրդին կմնա ևս մեկ շահիդ և ևս մեկ հուսախաբություն, որ, «մեծ հաշվով, մենք ոչ մի պատասխան չտվեցինք»». Ադրբեջանագետ
«Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանի գործելաոճն այդ հարցում չի փոխվել. իրենք գործեցին «Իսլամական պետության» տրամաբանությամբ՝ տարածելով այդ նկարները, մահացած երեխայի դիակի նկարը տալով մոր ձեռքը, և այլն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը՝ խոսելով հուլիսի 4-ին սահմանում տեղի ունեցած դեպքերից հետո ադրբեջանական լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի արձագանքների մասին:
Ադրբեջանագետի խոսքով՝ ամեն կերպ հոգեբանական, էմոցիոնալ ճնշում գործադրելով՝ Ադրբեջանը փորձեց այդ հարցը բարձրացնել և դրանից դիվիդենտներ ստանալ.
«Առաջին անգամը չէ, որ ադրբեջանական բանակը գյուղերի մոտ, գյուղերի թիկունքում, նույնիսկ գյուղերի մեջ տեղադրում է հրետանային հենակետեր, տեղադրում է նաև այլ սպառազինություն, և կարծես միտումնավոր՝ հենց այդ տեղերից են կրակ բացում: Հասկանալի է, որ նման դեպքում պետք է պատասխան գործողություններ լինեն, ու իրենք էլ դա շատ լավ գիտակցում են:
Այստեղից կարող ենք գալ մի եզրակացության, որ կա՛մ իրենք պարզապես այնքան միամիտ են, որ այսքան տարի հետո չեն հասկացել, որ, եթե կրակում են գյուղից, պատասխանելու են, ու գյուղն է տուժելու, կա՛մ իրենք դա միտումնավոր են անում, որպեսի մեր կողմը պատասխանի, լինեն քաղաքացիական զոհեր, ու իրենք դա բարձրացնեն նաև միջազգային ամբիոններում, միջազգային կառույցների դիմաց, որ դա ևս մեկ անգամ նրանց առիթ տա ներկայացնելու Հայաստանին՝ որպես ագրեսոր: Երբ սոցիալական ցանցերում, շփվելով իրենց օգտատերերի հետ, ասում ենք՝ «ինչո՞ւ են ձերոնք տեղադրել գյուղի մեջ ու կրակում», բավականին ոչ ադեկվատ արձագանք են տալիս՝ «բա դուք ինչո՞ւ եք եկել մեր հողերում մնացել, դրանք մեր հողերն են, կուզենք՝ կկրակենք, չենք ուզի՝ չենք կրակի»»,- նշեց Տ. Հովհաննիսյանը:
Խոսելով ադրբեջանական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած արձագանքի մասին՝ Տ. Հովհաննիսյանը նշեց, որ դա իրնեց մոտ մշակված ձեռագիր էր. «Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հուլիսի 4-ին կատարվածը համեմատում էին Խոջալուի հետ: Նույն մեթոդներով սկսեցին տարածել երեխայի դիակի լուսանկարը: Իրենց մոտ ինչ-որ մարտիրոսացման գործընթաց էր գնում, այդ երկու տարեկան երեխային իրենք նույն կերպ էին փառաբանում, ինչպես կփառաբանեին մարգարեներից մեկին»:
Մեկ այլ ադրբեջանագետ՝ Էդգար Էլբակյանն էլ նկատեց, որ «Բաքվում առիթը բաց չթողեցին ստեղծելու ազգայնականության նոր սիմվոլիկա. «Երբ Բաքվի փողոցներում սոցհարցում էին իրականացնում հետևյալ անտրամաբանական վերնագրով՝ «հայ երեխա կսպանեի՞ր», աղջիկներից մեկն ասաց՝ «այո», երբ հարցրին, թե «ինչո՞ւ», ասաց՝ «որովհետև ես տեսա Զահրայի նկարը և ես տեսել եմ 1992 թվականից մի նկար, ու դա սրտիս ծանր է նստել»: Նա, բնականաբար, նկատի ուներ Խոջալուի դեպքերից որևէ նկար, նա անգամ Խոջալու անունը չնշեց, ենթադրաբար, տեղյակ էլ չէր, բայց նրա վրա ազդել էր սիմվոլիկան»:
Է. Էլբակյանի խոսքով՝ նման դեպքերում Ադրբեջանը փորձում է ստեղծել ինֆորմացիոն մեծ աղմուկ. «Այս դեպքում նույնպես այդ քաղաքականությունն էր տարվում: Դեպքերից հետո իրենց մոտ այդ չակերտավոր էյֆորիան բարձրանում է: Անցավ մեկ ու կես, երկու օր, իրենք զգացին, որ երեխան սպանվեց, նախագահի աղջիկը երեխային ինչ-որ բանաստեղծություն նվիրեց, և, կարծես թե, վերջ: Դա կոչվում է՝ հեծանվորդի սինդրոմ, երբ դու անընդհատ հեծանիվը վարում ես, չես կարողանում դադար տալ, որովհետև կընկնես:
Այդ ինֆորմացիոն քաղաքականության մեջ նույնպես իրենք ստիպված են անընդհատ ոտնակները պտտել, իրենք սկսեցին դիմել կեղծ լուրերի, Սեյրան Օհանյանի կեղծ ֆեյսբուքյան էջ բացեցին՝ տարածելով, որ հայկական կողմն ունի զոհեր, որոնց մասին չի հայտնում, սկսեցին ապրիլյան պատերազմից մեր խոշտանգված զինծառայողների մարմինների քիչ տարածված նկարները դնել: Իրենք փորձում էին ինֆորմացիոն ժխոր ստեղծել:
Պարզ էր, որ մեկ երեխայի համար պատերազմ չէր սկսվելու, Իլհամ Ալիևը բավականին խելամիտ գործիչ է նման ապուշություն անելու համար, և ժխորն անցավ, մնաց ոչինչը, իրենք ստիպված եղան ստեղծել նոր ժխորներ՝ արդեն կեղծիքի միջոցով: Դա էլ կանցնի, և, եթե ռազմական գործողությունները նորից չթեժանան, հերթական այս ինֆորմացիոն աղմուկն էլ կանցի, Ադրբեջանի ժողովրդին կմնա ևս մեկ շահիդ և ևս մեկ հուսախաբություն, որ՝ «մեծ հաշվով, մենք ոչ մի պատասխան չտվեցինք»»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: