Ընդդիմության խորհրդարանական կարգավիճակն ու հեռանկարները նոր սահմանադրական իրականությունում

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

  • Կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում փոփոխված Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահվել է սահմանադրական ինստիտուտի կարգավիճակ, և որոշակիորեն ընդլայնվել են նրա լիազորությունները:
  • Փոփոխված Սահմանադրությամբ ընդդիմությանը հնարավորություն է տրված մասնակցել հանրային-քաղաքական կարևորագույն որոշումների կայացմանը՝ սահմանադրական օրենքների ընդունում, առանցքային պետական պաշտոնյաների նշանակում:
  • Հիմնական օրենքով ընդդիմությանը վերապահված նոր վերահսկողական լծակներն են քննիչ հանձնաժողովների ստեղծումն ու Ազգային ժողովի փոխնախագահներից մեկին ընդդիմության կազմից նշանակելը:
  • Քննիչ հանձնաժողովները՝ որպես ընդդիմությանը վերապահված վերահսկողական նոր իրավաքաղաքական գործիք, խնդրահարույց են այն իմաստով, որ այդ հանձնաժողովների գործունեությունը և Ազգային ժողով ներկայացվող զեկույցներն իշխանության համար որևէ գործողություն կատարելու, զեկույցներում տեղ գտած խախտումները վերացնելու, առաջարկները կենսագործելու անվերապահ պարտականություն չեն առաջացնում:
  • Քննիչ հանձնաժողովների ձևավորումը խառը կազմով, պատգամավորների հետ մեկտեղ ներգրավելով նաև համապատասխան ոլորտի որակյալ մասնագետների և փորձագետների, թույլ կտա հնարավորինս խուսափել հանձնաժողովների գործունեության գերքաղաքականացումից, քաղաքական նկատառումներով դրանց գործունեության սաբոտաժից և նպաստել հնարավորինս անաչառ քննական գործընթացի ապահովմանը:
  • Խորհրդարանական կառավարման համակարգը կարող է հաջողությամբ գործառել, եթե կայացած է ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը: Ուստի ընդդիմությունը հաջողելու համար պետք է ձեռք բերի ինստիտուցիոնալ կառուցվածք, զինվի գաղափարական այլընտրանքային ծրագրերով և ունենա մասնագիտական ու քաղաքական իմաստով պատրաստված կադրային բազա՝ անհրաժեշտության դեպքում իշխանության ղեկը ստանձնելու համար:
  • Քաղաքական համակարգի առողջացման և զարգացման գրավականներից մեկը կուսակցությունների խոշորացումն է ու գաղափարական կոնսոլիդացիան:

 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները շրջադարձային են այն իմաստով, որ նոր ձևավորված Ազգային ժողովն արդեն գործելու է փոփոխված Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական կառավարման համակարգում, ինչը ենթադրում է խորհրդարանի դերի և նշանակության հայեցակարգային վերանայում և, համապատասխանաբար, պետական իշխանության բարձրագույն մարմինների համակարգում օրենսդիր մարմնի կարգավիճակի էական փոփոխություն: Ըստ այդմ, ՀՀ Ազգային ժողովը, դառնալով բարձրագույն ներկայացուցչական միակ պետական ինստիտուտը, ստանձնելու է համակարգաստեղծ մարմնի կարգավիճակ։

Ազգային ժողովի դերի ուժեղացումը ենթադրում է կառավարման լծակների ապակենտրոնացում և կոլեգիալ կառավարում։ Նշված գործոնների ազդեցությամբ վերակառուցման կարիք ունի նաև քաղաքական համակարգը: Եթե կիսանախագահական կառավարման ձևի պայմաններում Հայաստանում քաղաքական մրցակցության և համակեցության սուբյեկտները հանդիսանում էին մի կողմից օրենսդիր իշխանությունը՝ Ազգային ժողովը, իսկ մյուս կողմից՝ Նախագահ-Վարչապետ-Կառավարություն եռամիասնությունը՝ որպես գործադիր իշխանության իրականացումն ապահովող սուբյեկտներ, ապա այժմ արդեն քաղաքական գործընթացների գեներացիան ամբողջովին տեղափոխվում է խորհրդարան, որը և՛ նշանակում է վարչապետին, և՛ հաստատում է Կառավարության ծրագիրը (այդպիսով անուղղակիորեն նաև Կառավարության կազմը), և՛ ձևավորում է պետական իշխանության մյուս բոլոր բարձրագույն մարմիններին կամ մասնակցում է դրանց ձևավորմանը: Քանի որ փոփոխված Սահմանադրությամբ չկա նաև ժողովրդի կողմից ընտրվող ուժեղ Նախագահի ինստիտուտը, որը փաստացի ձևավորում էր կառավարությունը, ուստի դասական առումով գործադիր իշխանությունն այլևս ինքնաբավ գործոն չէ Հայաստանում, այլ ամբողջովին կախված է խորհրդարանական մեծամասնության քաղաքական կամքից:

Կարդացեք նաև

Այս համատեքստում քաղաքական մրցակցությունը բնականորեն պետք է ծավալվի խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության՝ ընդդիմության միջև: Վերջինս պետք է իրապես դառնա այլընտրանքային գաղափարներ և քաղաքական օրակարգ ձևավորող քաղաքական բևեռ, այլապես եթե ընդդիմությունը շարունակի մնալ լոկ պոպուլիզմի ծիրում և չկարողանա ներազդել քաղաքական որոշումների վրա, մենք կունենանք միաբևեռ քաղաքական համակարգ, որն արագորեն կվերաճի միակուսակցական միահեծան իշխանության: Այս առումով շատ կարևոր են այն կառուցակարգային նախադրյալները, որոնք տեղ են գտել սահմանադրական փոփոխություններում և միտված են պետական իշխանության իրականացման և, մասնավորապես, քաղաքական որոշումների կայացման գործընթացում քաղաքական փոքրամասնության արդյունավետ մասնակցության ապահովմանը:

Միևնույն ժամանակ, իհարկե, նորմատիվ–սահմանադրական մակարդակում ամրագրված փոփոխությունները կարևոր են, սակայն բավարար չեն. էական նշանակություն ունի նաև քաղաքական պրակտիկան, ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժերի և գործիչների անհատական և կոլեկտիվ վարքագիծը: Միայն համարժեք քաղաքական պրակտիկայի առկայությունը կարող է համապատասխան բովանդակություն հաղորդել սահմանադրական նորմերին:

Այդ իմաստով ստորև առավել մանրամասն կքննարկվի ընդդիմության նոր դերն ու նշանակությունը վերափոխվող սահմանադրական իրականությունում:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Հայաստանի նոր սահմանադրական իրականությունում ընդդիմության կարգավիճակի վերլուծության համար շատ կարևոր է արձանագրել, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում ընդդիմությանը Հայաստանում վերապահվել է սահմանադրական ինստիտուտի կարգավիճակ: Այդ մասին է վկայում, օրինակ, 2015թ. դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) 104-րդ հոդվածի 1-ին մասը, որտեղ հստակորեն նշված է, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների թվից:

Խորհրդարանական ընդդիմության գոյությունը, որպես սահմանադրական ինստիտուտ, ենթադրում է խորհրդարանում քաղաքական փոքրամասնության ներկայության սահմանադրական և օրենսդրական երաշխիքների սահմանում: Մասնավորաբար, սահմանադրական օրենքի կարգավիճակ ունեցող ՀՀ Ընտրական օրենսգրքով նորմատիվ նախադրյալներ են ստեղծվել խորհրդարանում ընդդիմության նվազագույն ներկայացվածության ապահովման համար`  Օրենսգրքով նախատեսված որոշակի հիմքերի առկայության պարագայում ամրագրելով քաղաքական փոքրամասնությանը պատկանող պատգամավորների նվազագույն թիվ` ոչ պակաս, քան Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ը: (Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մաս):

Իհարկե, սույն իրավակարգավորումը չի կարող լինել բացարձակ իմպերատիվ այն իմաստով, որ քաղաքական գործընթացների բնույթն ու բովանդակությունն այնպիսին են, որ դրանց սահմանադրական-իրավական նորմավորումն ինքնին ունակ չէ կարգավորել բոլոր հարցերը և ծագող խնդիրները, ու, թերևս, դրա կարիքն էլ չկա: Այլ հարց է, որ խորհրդարանական ընդդիմությանը վերապահելով սահմանադրական կարգավիճակ՝ պետությունն իր վրա որոշակի պարտականություն է վերցնում ապահովել ընդդիմության երաշխավորված ներկայություն խորհրդարանում, ինչն օբյեկտիվորեն հնարավոր չէ, քանզի նախ՝ ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերը կարող են պարզապես չմասնակցել (բոյկոտել) ընտրությունները կամ ընտրողների կողմից բավարար ձայներ չստանալ ընտրական շեմը հաղթահարելու համար:

Բացի այդ Հայաստանի քաղաքական պրակտիկայում հաճախակի են դեպքերը, երբ խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո կամ համապատասխան գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող կուսակցությունն ու խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերը կնքում են քաղաքական համաձայնագրեր` կազմելով կոալիցիաներ կամ ձևավորելով համագործակցության այլ ձևաչափեր: Ընդդիմադիր ուժերն այդ քաղաքական համաձայնագրերով ստանում են նախարարական պորտֆելներ՝ Կառավարությունում, պաշտոններ՝ պետական այլ մարմիններում և այդպիսով ստանձնում քաղաքական պատասխանատվություն պետության քաղաքականության իրականացման և, մասնավորապես, Կառավարության գործունեության համար` դադարելով ընդդիմություն լինելուց և փաստացի միանալով իշխող խորհրդարանական մեծամասնությանը: Նման միավորումներ են ստեղծվել 2003թ., 2007թ., 2008թ., 2012թ., 2016թ.:

Խորհրդարանում քաղաքական մեծամասնություն ունեցող կուսակցության և ընդդիմադիր քաղաքական ուժի մասնակցությամբ համագործակցության ձևաչափի ամենաթարմ օրինակն է սույն թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև կնքված քաղաքական կոալիցիա հիմնադրելու վերաբերյալ հուշագիրը:

Այդպիսի քաղաքական համաձայնագրերի արդյունքում քաղաքական ուժի ընդդիմադիր կարգավիճակի կորստի վերաբերյալ համակարծություն կա ինչպես մասնագիտական գրականության մեջ, այնպես էլ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից:

Ավելին` ընդդիմության վերաբերյալ նշված իրավական-դոկտրինալ պատկերացումն արտացոլված է Ազգային ժողովի նոր կանոնակարգ-օրենքում. «Ազգային ժողովի ընտրության արդյունքով մանդատների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 54 տոկոսը ստացած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր» (հոդված 7, մաս 3):

Այս օրինակները ցույց են տալիս, որ Հայաստանում արմատավորված քաղաքական պրակտիկայի ուժով չի բացառվում մի վիճակ, երբ Ազգային ժողովում դասական իմաստով չլինի ընդդիմություն: Իսկ դա արդեն կհակասի  Սահմանադրությանը՝ կասկածի տակ դնելով ընդդիմության սահմանադրական կարգավիճակի լեգիտիմությունը:

Նման իրավիճակից խուսափելու համար հարկավոր է օրենսդրության և հատկապես սահմանադրական օրենսդրության մակարդակում ամրագրել գործուն երաշխիքներ, որոնք մի կողմից չեն խախտի ժողովրդավարական քաղաքական համակարգի և խորհրդարանական մշակույթի հիմունքները և անհամաչափ սահմանափակումներ ու խոչընդոտներ չեն առաջացնի քաղաքական ուժերի և պատգամավորների համար, իսկ մյուս կողմից նորմատիվ կառուցակարգեր կամրագրեն խորհրդարանում իշխանության և ընդդիմության` Սահմանադրությունից բխող անհրաժեշտ համամասնությունն ապահովելու համար: Մասնավորաբար, կարելի է քննարկել կուսակցությունների և դաշինքների համար Ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրական շեմը նվազեցնելու հարցը, ինչպես նաև Ընտրական օրենսգրքում կամ Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքում նախատեսել արգելք այնպիսի կոալիցիաների ձևավորման համար, որոնց արդյունքում խորհրդարանում չի լինի ընդդիմություն:

 ԻՐԱԿԱՆ ԵՎ ԿԵՂԾ ԿՈԱԼԻՑԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Շարունակելով հայրենի կոալիցիոն պրակտիկայի ուսումնասիրությունը՝ նկատենք, որ քաղաքական մեծամասնություն ունեցող կուսակցության և փոքրամասնություն կազմող ուժի կամ ուժերի միջև կոալիցիաները՝ ՀՀԿ-ԲՀԿ-Դաշնակցություն-ՕԵԿ, ՀՀԿ-ՕԵԿ, ՀՀԿ-Դաշնակցություն, ձևախեղում են քաղաքական պրակտիկան և կոալիցիաների բուն էությունը։

Ընդհանրապես, քաղաքագիտական իմաստով կոալիցիայի բուն գաղափարը և միաժամանակ նախապայմանը միայնակ օրենքներ ընդունելու և կառավարություն ձևավորելու՝ խորհրդարանական ուժերի անկարողությունն է, ինչի արդյունքում խորհրդարանական քաղաքական ուժերի մոտ օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանում մեկտեղել ուժերը, համադրել ծրագրերը՝ ձևավորելով ինստիտուցիոնալ քաղաքական մարմին՝ կոալիցիա: Վերջինս խորհրդարանում ապահովում է կայուն մեծամասնություն՝ ձևավորելով կառավարություն և ընդունելով կոալիցիայի քաղաքական ծրագրին համապատասխանող օրենքներ։

Տրամաբանական է նաև, որ կոալիցիա նախևառաջ ձևավորում են գաղափարական իմաստով միմյանց առավել մոտ ուժերը: Կոալիցիա կազմող քաղաքական ուժերը փոխհամաձայնության հասնելու համար գնում են փոխզիջումների թե՛ իրենց ծրագրային դրույթների համադրման և թե՛ գործադիր իշխանությունում պաշտոնների բաշխման հարցերում:

Նման բանակցություններն ու փոխադարձ պայմանավորվածություններն ունեն քաղաքական համակարգում առողջ մրցակցության և Սահմանադրության դրույթներից բխող քաղաքական պրակտիկայի ձևավորման էական ներուժ, քանի որ բանակցող կուսակցական միավորներից յուրաքանչյուրն ունի մյուսի կամ մյուսների կարիքը՝ պետական իշխանության բարձրագույն մարմինները ձևավորելու և, այդպիսով, պետական իշխանությանը տիրելու համար:

Ավելին՝ կոալիցիաների ձևավորումը պայմանավորված է նաև պետությունների Սահմանադրությունների պահանջներով, որոնցով նախատեսվում է, որ խորհրդարանի կողմից կառավարություն չձևավորելը կարող է հանգեցնել խորհրդարանի արձակման (օրինակ՝ Գերմանիայում)՝ քաղաքական ճգնաժամը հագուցալուծելու նպատակով: Հետևաբար, կոալիցիոն համաձայնությունների գնալը թելադրված է նաև կուսակցությունների «ինքնապահպանման բնազդով». չափազանց մեծ ամբիցիաներն ու անհաշտությունը կարող է վնասել խորհրդարան անցած բոլոր կուսակցություններին: Խորհրդարանի արձակման արդյունքում նրանք ոչ միայն կզրկվեն մանդատներից, այլև նոր ընտրություններում, շատ հնարավոր է, չունենան այն ներկայացվածությունը, ինչ ունեին արձակված խորհրդարանում: Էլ չենք խոսում ընտրություններին մասնակցելու, քարոզարշավը կազմակերպելու համար կրած ֆինանսական կորուստների, վարկանիշի անկման և այլ գործոնների մասին:

Նման փոխզիջումներից և պայմանավորվածություններից շահում է ժողովուրդը, քանի որ կոալիցիոն իշխանությունը չունի մոնոլիտ բնույթ, և նույնիսկ կոալիցիայի ներսում այն կազմած քաղաքական ուժերի միջև մրցակցությունը շարունակվում է. կուսակցություններից յուրաքանչուրը փորձում է կոալիցիոն քվոտայով  իրեն բաժին հասած նախարարությունների և այլ պետական մարմինների, (այդ թվում՝ վերահսկողական լիազորություններ ունեցող) քաղաքական-իշխանական լծակների օգնությամբ մշտադիտարկել կոալիցիոն գործընկերների գործունեությունը՝ փորձելով քաղաքական դիվիդենդներ շահել նրանց հնարավոր սխալներից և թերացումներից: Ոչ մոնոլիտ, կոալիցիոն իշխանության առկայության պայմաններում ավելի շահեկան վիճակում է գտնվում նաև ընդդիմությունը, ով ավելի լայն հնարավորություններ ունի իրականացնելու իր վերահսկողական-զսպող լիազորությունները՝ փորձելով «խաղալ» նաև կոալիցիոն գործընկերների հակասությունների վրա:

Կոալիցիաներն ընկած են արևմտյան մի շարք զարգացած խորհրդարանական պետությունների իշխանության ձևավորման հիմքում՝ Բելգիայի, Հոլանդիայի, Գերմանիայի և այլն: Այդ պետություններից և ոչ մեկում կոալիցիոն ուժերը չեն տիրապետում իշխանության հսկիչ փաթեթը և կոալիցիա են ձևավորում միմյանց հետ օբյեկտիվ անհրաժեշտությունից ելնելով՝ ձևավորել մեծամասնություն խորհրդարանում, ձևավորել գործունակ կառավարություն և խուսափել քաղաքական ճգնաժամից:

Փոխարենը Հայաստանում կոալիցիաների հիմքում ընկած չէ օբյեկտիվ քաղաքական-գաղափարական հաշվարկն ու հենքը: Զուտ մարտավարական խնդիրների լուծման նպատակ ունեցող այս քաղաքական ալյանսները չեն բխում հանրության շահերից, քանզի դրանցում բացակայում է առողջ մրցակցության տարրը. մեծամասնություն ունեցող ուժը կարիք չունի իրական փոխզիջումների գնալու և կոալիցիա է կազմում նախապես որոշված, գերազանցապես իր համար շահեկան պայմաններով, որոնք վերաբերվում են ինչպես կոալիցիայի ծրագրին, այնպես էլ կադրային նշանակումներին: Բացի այդ նման կոալիցիաները վնասում են նաև ընդդիմության ինստիտուտի կայացմանը, քանզի օբյեկտիվորեն ընդդիմության շարքերում գտնվող քաղաքական ուժը կամ ուժերը դառնում են իշխանության մաս՝ այդպիսով թուլացնելով ընդդիմության վերահսկողական ներուժը կամ իսպառ փոշիացնելով այն:

Հատկապես խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում, երբ կուսակցությունների դերակատարումը շեշտակի մեծանում է, Հայաստանի քաղաքական պրակտիկան պետք է գնա իրական, այլ ոչ թե կեղծ կոալիցիաների ձևավորման ճանապարհով, ինչը կնպաստի ինչպես կուսակցությունների կայացմանը, այնպես էլ իրապես կոլեգիալ հիմքերի վրա գործող քաղաքական համակարգի ձևավորմանը:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Ընդդիմության կարգավիճակի բարձրացումը ենթադրում է ընդդիմադիր խմբակցությունների գործունեության համազոր սահմանադրական երաշխիքների առկայություն: Սահմանադրական բարեփոխումների հետապնդած հիմնական խնդիրներից մեկը խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության փոխազդեցության ու փոխլրացման վրա հիմնված պետական որոշումների ընդունման համակարգի ձևավորումն է:

Իսկ դրա համար հարկավոր է բարձրացնել խորհրդարանական փոքրամասնության իրավական և քաղաքական սուբյեկտությունը և  ներդնել ընդդիմության կարգավիճակի ինստիտուցիոնալացման այնպիսի գործնական երաշխիքներ, որոնք պայմաններ կստեղծեն, որպեսզի դիմության և ընդդիմության փոխհարաբերությունները չտեղավորվեն բացառապես քաղաքական տիրույթում և, հետևապես, կախման մեջ չդրվեն միայն Հայաստանի քաղաքական համակարգի սուբյեկտների իրավագիտակցության աստիճանից, այլ փոխարենը՝ ենթարկվեն որոշակի իրավական կանոնակարգման, որի պայմաններում իշխող մեծամասնությունը չի ունենա հնարավորություն գործել միայն սեփական հայեցողությամբ և հարկադրված կլինի փոխհամաձայնության գալ իր քաղաքական ընդդիմախոսների հետ:

ՀՀ Սահմանադրությունը, պահպանելով ընդդիմության իրավունքների պաշտպանության` նախկինում գործող ընդհանուր երաշխիքները, սահմանել է ընդդիմությանը վերապահվող լրացուցիչ լիազորություններ և գործունեության երաշխիքներ, որոնք, ըստ իրենց բնույթի, կարելի է բաժանել երկու խմբի`

1) խորհրդարանի կողմից հանրային-իրավական որոշումների կայացման գործընթացում ընդդիմության դերակատարումը մեծացնող լիազորություններ,

2) վերահսկողական լիազորություններ: Առաջին խմբին են պատկանում խորհրդարանի կողմից հանրային նշանակության կարևորագույն հարցերով որոշումների կայացումը պատգամավորների ընդհանուր թվի որակյալ մեծամասնությամբ, իսկ երկրորդ խումբը ներառում է քննիչ հանձնաժողովների ինստիտուտը և ընդդիմության ներկայացուցչին Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի պաշտոնի տրամադրումը:

ՀԱՆՐԱՅԻՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ  Սահմանադրությունն ընդդիմության կարգավիճակի վերանայման հիմքում դրել է խորհրդարանական փոքրամասնության ձայնը ոչ միայն «լսելի», այլև «իրավաբանորեն ներգործելի» դարձնելու տեսլականը: Դա նշանակում է, որ ընդդիմության  մասնակցությունը խորհրդարանի աշխատանքին չպետք է հանգի միայն այս կամ այն օրինագծի քվեարկությանը, քննադատությանը կամ իշխող մեծամասնության ու Կառավարության ներկայացուցչին գործնական-իրավական հետևանքներ չունեցող հարցեր տալուն և հարցապնդումներ անելուն: Այս մոտեցումը, որն ընդհանրապես բնորոշ է խորհրդարանական հանրապետություններին, առավել ցայտուն է դրսևորվել` հանրային նշանակություն ունեցող որոշումների կայացման հարցում ընդդիմությանը կարևոր մասնակցություն վերապահելով: Վերջինս ապահովվում է` նշված որոշումների ընդունման համար պատգամավորների որակյալ մեծամասնության շեմ սահմանելով: Ընդդիմության դերակատարման բարձրացմանն ուղղված այս իրավական գործիքը խիստ կարևորվում է նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից: Սահմանադրությունն Ազգային ժողովի կողմից որակյալ մեծամասնությամբ որոշումների ընդունման ինստիտուտը դիտարկում է երկու հարթությունում` Ազգային ժողովի կողմից Սահմանադրության և սահմանադրական օրենքների ու դրանցում փոփոխությունների կատարում և կարևորագույն պետական պաշտոններում նշանակումների կատարում:

Առաջին դեպքում ՀՀ Սահմանադրության 202-րդ հոդվածով սահմանված է Սահմանադրության փոփոխման և նոր Սահմանադրության ընդունման հարցով որոշման ընդունում Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով. խոսքը վերաբերվում է ինչպես Սահմանադրության որոշակի հոդվածներ ու դրույթներ Ազգային ժողովի որոշմամբ փոփոխելուն, այնպես էլ նոր Սահմանադրության կամ Հիմնական օրենքի համապատասխան դրույթներում փոփոխություններ կատարելու նախագծերին, որոնք այնուհետև Հանրապետության Նախագահի կողմից դրվում են հանրաքվեի (հոդված 206):

Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասում նաև առանձնացված է սովորական օրենքների համեմատությամբ հիմնարար բնույթ ունեցող սահմանադրական օրենքների շարք, որոնց ընդունման կամ փոփոխման համար անհրաժեշտ է ավելի բարդ ընթացակարգ` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի «կողմ» ձայները (Ընտրական օրենսգիրք, Ազգային ժողովի կանոնակարգ-օրենք, Կուսակցությունների, Հանրաքվեի, Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքներ, Դատական օրենսգիրք):

Ընդդիմության իրավազորության ընդլայնման տեսանկյունից հարկ է հատուկ անդրադառնալ սահմանադրական օրենքների խնդրին, քանզի, մեր կարծիքով, դրա կարգավորումն ամբողջական չէ: Այսպես, Սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական օրենքների բովանդակային կազմը և կարգավորման առարկան սահմանափակ են և չեն սպառում այն կարևորագույն ոլորտներն ու հիմնահարցերը, որոնց իրավակարգավորումը պետք է տեղի ունենար խորհրդարանական փոքրամասնության վճռական մասնակցությամբ: Սահմանադրական օրենքների կարգավորման առարկայից դուրս են մնում մեծ կարևորություն ունեցող այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են, օրինակ` տնտեսական և հարկային քաղաքականության հիմունքները, սոցիալական ապահովության համակարգը, տեղական ինքնակառավարումը և հիմնարար բնույթ ունեցող այլ ոլորտներ:

Դրանց իրավաքաղաքական կարգավորումը թողնվում է խորհրդարանական մեծամասնությանը` առանց տեսանելի սահմանադրա-իրավական հակակշիռների: Իսկ նման պայմաններում որևէ երաշխիք, որ միանձնյա կայացված քաղաքական որոշումները կարտահայտեն հասարակության բոլոր շերտերի շահերը վերը նշված համասոցիալական բնույթ ունեցող հարցերի շուրջ, չկա:

Միջազգային սահմանադրա-իրավական պրակտիկայի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ սահմանադրական օրենքների շրջանակը, որպես կանոն, շատ ավելի լայն է և ընդգրկում է ինչպես վերը թվարկված ոլորտները, այնպես էլ մի շարք այլ հիմնահարցեր, որոնց վերաբերյալ սահմանադրական օրենքների ընդունումը  չի կարող տեղի ունենալ առանց ընդդիմության համաձայնության: Հաշվի առնելով վերոգրյալը` թերևս ավելի ճիշտ կլիներ ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասում չնախանշել սահմանադրական օրենքների սպառիչ շարք, ինչը նորմատիվ պայմաններ կստեղծեր հասարակական և քաղաքական մեծ կարևորություն ունեցող այլ հիմնահարցեր ևս սահմանադրական օրենքներով կարգավորելու համար:

Ազգային ժողովի կողմից առանցքային պետական պաշտոնատար անձանց ընտրությունը ևս դասվում է հանրային-իրավական կարևորագույն այն որոշումների թվին, որոնց կայացման գործընթացում, համաձայն ՀՀ Սահմանադրության, ընդդիմությունն ունի նշանակալից մասնակցություն: Խորհրդարանի մեծ դերակատարությունը պետական պաշտոնյաների ընտրության կամ նշանակման հարցում բնորոշ է խորհրդարանական կառավարման ձևի պետություններին: Քանզի օրենսդիր մարմնի կողմից գործունեության մանդատ ստացող պետական պաշտոնյաների մեծ մասը ներկայացնում է գործադիր իշխանությունը, ընդունված է խորհրդարանի այս լիազորությունը համարել գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության սկզբնական փուլ:

ՀՀ Սահմանադրությամբ Ազգային ժողովին տրվել է լիազորություն պատգամավորների ընդհանուր թվի որակյալ մեծամասնությամբ` 3/5-ով ընտրել պաշտոնատար անձանց լայն շրջանակ` ձևավորելով բազմաթիվ պետական ինստիտուտներ, որոնք ներկայացնում են թե՛ գործադիր և թե՛ դատական իշխանությունը: Պետական պաշտոնատար անձանց ընտրության հարցում ընդդիմության դերակատարման աստիճանը բխում է սահմանված ընտրական բարձր շեմից:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների դիտանկյունից ընդդիմության դերակատարման ուժեղացումը ենթադրում է իր կողմից քաղաքական մեծամասնության վերահսկողության գործառույթի արդյունավետ իրացում: Ընդդիմությանը լուրջ վերահսկողական լիազորությունների տրամադրումը նպաստում է պետական իշխանության մարմինների համակարգում հակակշիռների և զսպումների պատշաճ կենսագործմանը և, մասնավորապես, խորհրդարանի վերահսկողական լիազորությունների բնականոն իրականացմանը, քանզի օրենսդիր մարմնի կողմից գործադիր իշխանության վերահսկողությունը նախևառաջ հանգում է քաղաքական մեծամասնության ձևավորած կառավարության գործունեության մշտադիտարկմանն ընդդիմության կողմից:

Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված հիմնական վերահսկողական լիազորությունը քննիչ հանձնաժողովների ստեղծումն է: Սահմանադրության 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քննիչ հանձնաժողովն ստեղծվում է պատգամավորների ընդհանուր թվի ¼-ի նախաձեռնությամբ` բացառությամբ պաշտպանության և անվտանգության հարցերով քննիչ հանձնաժողովի ստեղծման դեպքերի, երբ նախաձեռնող խումբը պետք է կազմված լինի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ից: Ըստ նույն հոդվածի նույն մասի` քննիչ հանձնաժողովի նպատակը հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերվող փաստերը պարզելն է և Ազգային ժողով ներկայացնելը:

Ընդհանրապես, քննիչ հանձնաժողովները ներկայացնում են խորհրդարանի ժամանակավոր մարմիններ, որոնց լիազորությունները գործունեության կարգի մասով կարող են նմանություններ ունենալ իրավապահ և դատական մարմինների հետ, բայց կայացված որոշումը կամ եզրակացությունն իր բնույթով առավելապես քաղաքական է, քանզի չի ենթադրում դատաիրավական ներգործության կամ հետապնդման միջոցների կիրառում և առաջացնում է հիմնականում քաղաքական հետևանքներ` կառավարության կամ առանձին պաշտոնատար անձի հրաժարական, կառավարությանն անվստահություն հայտնել և այլն:

Քննիչ հանձնաժողովը մեծ մասամբ ձևավորվում է ընդդիմության նախաձեռնությամբ և վերջինիս հնարավորություն է տալիս ապահովել ու խթանել գործադիր իշխանության մարմինների հաշվետվողականությունն ու քաղաքական պատասխանատվությունն Ազգային ժողովի և, մասնավորապես, ընդդիմության առաջ: Հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը կախված է նրա լիազորությունների շրջանակից: Սույն առումով շատ կարևոր է, որ քննիչ հանձնաժողովն ունենալու է իրավունք անհրաժեշտության դեպքում հրավիրել ու հարցաքննել պետական պաշտոնատար անձանց, պատվիրել փորձաքննություններ ու ստանալ եզրակացություններ և այլն (ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենք):

Մյուս կողմից, քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրված անձանց առանց հարգելի պատճառի չներկայանալու համար ո՛չ Սահմանադրությամբ և ո՛չ էլ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով որևէ իրավական հետևանք նախատեսված չէ: Քանի որ այս հանձնաժողովն ունենալու է որոշակի խնդրի շուրջ փաստերի հավաքման և գնահատման առաքելություն, քննության առարկայի վերաբերյալ տեղեկությունների տիրապետող անձանց հրավիրումն ու լսումը կարող է դառնալ հանձնաժողովի տեղեկատվության հիմնական աղբյուրներից մեկը: Պատահական չէ, որ եվրոպական պետությունների մեծ մասում քննիչ հանձնաժողովներին ապացույցների հավաքման և գնահատման գործառույթի շրջանակում տրված են իրավապահ և դատական մարմիններին համազոր լիազորություններ` ներառյալ վկաների հրավիրման և հարցաքննության մասով, իսկ որոշ պետություններում, օրինակ` Նիդերլանդներում, քննիչ հանձնաժողովի նիստին անձի չներկայանալու դեպքում նախատեսված են անբարենպաստ իրավական հետևանքներ` ընդհուպ մինչև ազատազրկում:

Այս համատեքստում նպատակահարմար է համապատասխան իրավակարգավորում նախատեսել Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքում` քննիչ հանձնաժողովի նիստին անհարգելի բացակայության պարագայում հրավիրյալների ներկայությունն ապահովելու հարկադիր կարգով: Ընդհանուր առմամբ, քննիչ հանձնաժողովների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար հարկավոր է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով ապացույցների ստացման և գնահատման մասով նրանց օժտել ընդարձակ լիազորություններով, որոնք կհամապատասխանեն քննիչ հանձնաժողովների կողմից իրականացվող քվազի-քննչական և քվազի-դատական գործառույթներին:

Մյուս կարևոր հարցը, որ ծագում է քննիչ հանձնաժողովի հետ կապված, վերջինիս կողմից գործունեության արդյունքների իրավական հետևանքների հարցն է: Ազգային ժողովի կանոնակարգն այս իմաստով «ինքնատիպ չէ». նախատեսում է միայն քննիչ հանձնաժողովի կողմից կազմված զեկույցի քննարկում և դրա ուղարկում համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին: Ընդ որում, այդ մարմինները որևէ ուղղակի պարտավորություն չունեն արձագանքելու այն զեկույցին կամ կենսագործելու դրանում նշված առաջարկությունները (Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենք, հոդված 25):

Այս իրավակարգավորումն ակնհայտորեն սպառիչ չէ և չի բխում քննիչ հանձնաժողովի գործունեության էությունից և Սահմանադրությամբ նրան տրված կարգավիճակից: Ստացվում է, որ քննիչ հանձնաժողովն ընդամենը ժամանակավոր հանձնաժողովի մի տեսակ է՝ նմանօրինակ լիազորություններով:

Հետևաբար ներկայիս վիճակում այն չի կարող ընդդիմության ձեռքում արդյունավետ լծակ լինել մեծամասնության քաղաքական որոշումների վրա ներազդելու և իշխանության գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար:

Ուստի կարևոր է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով հստակ սահմանել քննիչ հանձնաժողովի կողմից ընդունվող եզրակացության կամ որոշման իրավական հետևանքները, որոնք կարող են լինել հետևյալը. քննիչ հանձնաժողովի եզրակացության կամ որոշման պարտադիր քննարկում Ազգային ժողովի նիստում և քննարկման արդյունքում Ազգային ժողովի կողմից համապատասխան որոշման ընդունում, որում արտացոլված կլինեն քննիչ հանձնաժողովի եզրակացության և հանձնարարականների հիմնական կետերը, դրանից հետո քննիչ հանձնաժողովի կողմից մշակված փաստաթղթում տեղ գտած բացթողումների, թերացումների, հնարավոր իրավախախտումների վերաբերյալ եզրակացությունների և դրանցից բխող առաջարկների և հանձնարարականների պարտադիր քննարկում գործադիր իշխանության իրավասու մարմինների կողմից, այդ թվում՝ առանձին պաշտոնատար անձանց պաշտոնանկության վերաբերյալ և սահմանված որոշակի ժամկետում արդյունքների պարտադիր հրապարակում ու քննարկում Ազգային ժողովի նիստում:

Բոլոր դեպքերում տրվելիք իրավական լուծումները պետք է լինեն այնպիսին, որպեսզի մի կողմից ապահովեն, որ քննիչ հանձնաժողովի կողմից կատարված քննության արդյունքներն ունենան հստակ իրավական հետևանքներ, իսկ մյուս կողմից, հաշվի առնելով, որ քննիչ հանձնաժողովը որոշակիորեն քաղաքական մարմին է, դրա որոշումներն իրենցով չփոխարինեն իրավապահ, վարչական և դատական մարմինների իրավական ակտերին ու գործողություններին:

Քննիչ հանձնաժողովի արդյունավետ գործունեությունն ունի ոչ միայն իրավական բնույթ. այն աղերսվում է դիմության և ընդդիմության քաղաքական փոխհարաբերությունների մշակույթի հետ: Մասնավորապես, տարբեր պետությունների պրակտիկայում քիչ չեն դեպքերը, երբ քննիչ հանձնաժողովների աշխատանքը խոչընդոտվել է դրանց անդամների քաղաքական-կուսակցական սաբոտաժի և տարաբնույթ շահարկումների հետևանքով: Ուստի այդպիսի երևույթներից խուսափելու համար առավել օգտակար կարող է լինել քննիչ հանձնաժողովների ձևավորումը խառը կազմով` պատգամավորների հետ մեկտեղ ներգրավելով նաև համապատասխան ոլորտի որակյալ մասնագետների և փորձագետների, ինչը թույլ կտա առավել բարեհաջող լուծել հանձնաժողովի առջև դրված խնդիրները: Այս հարցը ևս կարելի է կարգավորել Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքով:

Սահմանադրական բարեփոխումներով խորհրդարանական փոքրամասնությանը վերապահված վերահսկողական մյուս լծակն Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի վերապահումն է ընդդիմադիր պատգամավորներից մեկին: Այս իրավական գործիքն ընդդիմությանը տալիս է որոշակի լծակներ վերահսկելու Ազգային ժողովի աշխատանքի օրինականությունը: Մասնավորապես, Ազգային ժողովի նախագահի տեղակալն Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով սահմանված դեպքերում նախագահում է Ազգային ժողովի նիստերը, ունի արտահերթ ելույթի իրավունք, անհրաժեշտութան դեպքում փոխարինում է Ազգային ժողովի նախագահին` իրականացնելով նրա լիազորությունները և այլն (Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենք, հոդված 6, 58, մաս 4 և այլն):

Ընդդիմության ներկայացուցիչը, դառնալով Ազգային ժողովի նախագահի տեղակալ, հնարավորություն է ստանում հատկապես նիստերը վարելու ժամանակ հետևել օրենսդրական գործընթացի և խորհրդարանական մյուս ընթացակարգերի օրինականությանը, ընդդիմության իրավունքների բնականոն իրացմանը, ինչպես նաև ի պաշտոնե ծանոթանալ Ազգային ժողովի նյութական միջոցների տնօրինման արդյունավետությանը, բարձրաձայնել այդտեղ առկա խնդիրների և հնարավոր չարաշահումների մասին և այլն:

Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի կարգավիճակն ամրապնդելու համար Ազգային ժողովի կանոնակարգում կարելի է սահմանել որոշակի երաշխիքներ, որոնք թույլ կտան այդ պաշտոնը զբաղեցնող ընդդիմության ներկայացուցչին առավել մեծ արդյունավետությամբ իրականացնել իր լիազորությունները: Օրինակ` բավականին օգտակար կարող է լինել յուրաքանչյուր քառօրյայի նիստերից առնվազն մեկի վարումն Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի կողմից: Բացի այդ, քանի որ Սահմանադրությամբ կարգավորված չէ Ազգային ժողովի՝ ընդդիմությունը ներկայացնող փոխնախագահի առաջադրման և ընտրության կարգը, հարկավոր է նման կառուցակարգ նախատեսել Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում։ Մասնավորապես, կարելի է ամրագրել դրույթ առ այն, որ եթե ՀՀ խորհրդարանում ներկայացված է մեկից ավելի ընդդիմադիր խմբակցություն, ապա Ազգային ժողովի փոխնախագահի՝ քաղաքական փոքրամասնությանը հատկացված քվոտան տրվում է պատգամավորների առավել մեծ թվաքանակ ունեցող ընդդիմադիր խմբակցությանը։

ԱՄՓՈՓՈՒՄ

Գնահատելով Սահմանադրության փոփոխությունների արդյունքում խորհրդարանական ընդդիմության կարգավիճակի հարցում կատարված բարեշրջումները` կարելի է փաստել, որ դրանք որոշակիորեն մեծացնելու են քաղաքական փոքրամասնության դերակատարումը պետական որոշումների կայացման և, ընդհանուր առմամբ, հրապարակային քաղաքականության մեջ: Քաղաքական համակարգում ընդդիմությունն արդեն հանդես է գալու որպես սահմանադրական ինստիտուտ` գործունեության նոր երաշխիքներով, ինչի շնորհիվ ներկայացուցչական ժողովրդավարությունը Հայաստանում կթևակոխի զարգացման ավելի բարձր մակարդակ:

Միևնույն ժամանակ, սահմանադրական բարեփոխումներով սկիզբ առած իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների նոր հայեցակարգը դեռևս ամբողջովին չի իրացվել: Մասնավորապես, Սահմանադրությամբ ընդդիմության լիազորությունները կարող էին ավելի ընդարձակ լինել: Օրինակ` ընդդիմությանն ընձեռնված վերահսկողական լիազորություններն ընդլայնելու համար կարելի էր ընդդիմությանը վերապահել այնպիսի պետական պաշտոնների ստանձնում, որոնք ուղղակիորեն առնչվում են գործադիր իշխանության մարմինների գործունեության վերստուգմանը, օրինակ` Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը, ինչպես նաև արդեն իսկ սահմանադրական և օրենսդրական ամրագրում ստացած երաշխիքները սահմանել ավելի արդյունավետ կերպով:

Միաժամանակ Սահմանադրության իրավակարգավորումները կարող են լրացվել և զարգացվել սահմանադրական կամ ընթացիկ օրենսդրությամբ, որտեղ Սահմանադրությամբ ամրագրված ուղենիշների շրջանակներում կարող են սահմանվել ընդդիմության նոր լիազորություններ և ընթացակարգային երաշխիքներ: Որոշ երկրներում, օրինակ, Պորտուգալիայում, գործում է նաև ընդդիմության մասին օրենք: Հայաստանում ևս կարելի է քննարկել նման օրենքի ընդունման հնարավորությունը: Շատ կարևոր է նաև Հայաստանի քաղաքական համակարգի սուբյեկտների սահմանադրական մշակույթի մակարդակի բարձրացումը, ինչն առավել արդյունավետ կդարձնի ընդդիմության գործունեության՝ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված երաշխիքների գործողությունը։

Միով բանիվ, տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներն ընդամենը հանգրվան են Հայաստանում քաղաքական հարաբերությունների արմատական արդիականացման և, մասնավորապես, քաղաքական փոքրամասնության դերի և նշանակության վերաիմաստավորման ճանապարհին: Ուստի` կատարված փոփոխությունները պետք է հիմք ծառայեն քաղաքական հարաբերությունների հիմնական դերակատարների` քաղաքական մեծամասնության և ընդդիմության փոխհարաբերությունների սահմանադրական հետագա զարգացման համար:

Հատկապես կարևոր է, որպեսզի ընդդիմությունը, որը տարիներ շարունակ խոսում է իշխանության թերացումներից և բարեփոխումների անհրաժեշտությունից, ինքը ևս բարեփոխվի: Ժամանակն է, որպեսզի ընդդիմությունն ու ամբողջ քաղաքական համակարգը սկսեն գործել բացառապես սահմանադրական-քաղաքական կանոններով, ինչը նշանակում է ոչ միայն ֆորմալ կանոնների պահպանում, այլև համապատասխան քաղաքական մշակույթի և քաղաքական գրագիտության առկայություն: Խորհրդարանական համակարգն ունի երկու քաղաքական հիմնասյուներ՝ իշխանություն և ընդդիմություն: Ընդ որում, ընդդիմությունը կազմավորվում է որպես այլընտրանքային բևեռ՝ իր ինստիտուցիոնալ կառուցվածքով, քաղաքական ծրագրով և նույնիսկ ստվերային կառավարությամբ: Նման կառուցվածքն ու գործելակերպը թույլ է տալիս ընդդմությանը ցանկացած պահի՝ հերթական ընտրությունների, ֆորսմաժորային իրավիճակների և այլ պարագաներում ստանձնել իշխանության ղեկը: Նման կառուցվածք ունի, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի ընդդիմությունը:

Որպեսզի Հայաստանում ևս ընդդիմությունը դառնա քաղաքական համակարգի հիմքերից մեկը, հարկավոր է, որպեսզի տեղի ունենա կուսակցությունների խոշորացում և գաղափարական կոնսոլիդացիա: Մարդ-կուսակցությունների՝ ծրագրային իմաստով որևէ այլընտրանք չառաջարկող, յուրահատուկ տեսլական չունեցող և գաղափարապես միմյանց կրկնող կուսակցությունների ժամանակն անցել է: Բացի այդ ասպարեզ պետք է գա կրթված և գիտակ քաղաքական գործիչների նոր սերունդը: Քաղաքական գործիչ լինելը պետք է դադարի լինել «պատահական» մարդկանց և բախտախնդիրների վերջին հանգրվանը: Քաղաքական գործիչը լուրջ մասնագիտություն է, որը պահանջում է բազմազան տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ, հռետորական և անձնային այլ հատկանիշներ:

Ինչպես տեսանք, փոփոխված Սահմանադրությունը, չնայած ոչ ավարտուն կերպով, սակայն ընդդիմությանը տվել է սեփական արդյունավետությունը բարձրացնելու և քաղաքական գործոն դառնալու նոր երաշխիքներ: Սակայն, որպեսզի դրանք գործեն, հարկավոր է համարժեք քաղաքական պրակտիկա, որը ձևավորվում է քաղաքական կուսակցությունների վարքաբանության արդյունքում: Հետևաբար, փոփոխված Սահմանադրությունը կյանքի կոչելու համար հարկավոր է ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության գործունեության փիլիսոփայության և տրամաբանության արմատական վերանայում:

Արտաշես Խալաթյան
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Արդարադատություն, ներքին անվտանգություն և հանցավորություն ծրագիր
ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի ասպիրանտ
 «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Տեսանյութեր

Լրահոս