Թբիլիսիի քաղաքապետը չի կարողանում դուրս գալ Աբու Դաբիից
Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հաստատել է, որ քաղաքապետ Կախա Կալաձեն չի կարողանում դուրս գալ Աբու Դաբիից, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
«Շաբաթ-կիրակի օրերին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն գտնվել է Աբու Դաբիում. ստեղծված իրավիճակի պատճառով նա դեռևս չի կարողանում մեկնել Վրաստան», – հայտնել են քաղաքապետարանից:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Կալաձեն կնոջ հետ մեկնել էր ճամփորդության՝ իր ծննդյան օրը նշելու համար: Ուղևորությունը համընկել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետ, ինչի պատճառով մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանը և երկրի խոշորագույն քաղաքները։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Հաղորդվում է, որ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի, ինչպես նաև Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում ու Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազանների ուղղությամբ։
Հարձակման արդյունքում սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին:



