«Իրանում այս պահին բացակայում է հայերի շրջանում կորուստների վերաբերյալ տեղեկատվություն». Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի խոսնակ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է տևել չորս շաբաթ։
Truth Social-ի էջում տեղադրված տեսանյութում ԱՄՆ նախագահն ասել է, որ Իրանում ռազմական գործողությունները ներկայումս շարունակվում են ամբողջ ուժով և կշարունակվեն այնքան ժամանակ, «քանի դեռ մեր բոլոր նպատակները չեն իրագործվել»:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին էլ հայտարարել է, որ Թեհրանը ոչ մի բանակցություն չի վարի Վաշինգտոնի հետ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին երեկ է սպանվել, ինչն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը որակել է՝ որպես «բացահայտ պատերազմական գործողություն մուսուլմանների դեմ»։
Իրանի դեմ Միացյալ Նահանգները և Իսրայելը սկսեցին հարվածներ փետրվարի 28-ի վաղ առավոտյան։
Իրանում արդեն կան բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ երեխաներ, քանի որ հարվածներ էին հասցվել նաև դպրոցին, հիվանդանոցին։
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խոսնակ Նելլի Ղուլյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով Իրանում հայկական համայնքի վիճակի մասին, ասաց.
«Իրանի հետ կապված հիմնականում լինում է կապի խնդիր, այսինքն՝ սովորական ռեժիմով չի լինում կապ հաստատել հայերի հետ։
Մենք գործարկել ենք «թեժ գիծ», որով զանգեր ենք ստանում, մեր համայնքային պատասխանատուները փորձում են հնարավորինս կապի մեջ լինել։ Այս պահի դրությամբ կարող եմ միայն ասել, որ հայերի շրջանում կորուստների վերաբերյալ տեղեկատվություն բացակայում է։
«Թեժ գիծ»-ին ստացել ենք մոտ 2 տասնյակ զանգեր, սակայն դրանք հիմնականում Արաբական Էմիրություններում գտնվող մեր հայրենակիցներից է։ Այստեղ մենք նրանց ուղղորդում ենք ԱԳՆ, քանի որ զանգահարողները ՀՀ քաղաքացիներ են։ Ինչպես գիտեք, արտգործնախարարությունը ևս ունի «թեժ գիծ», պարբերաբար հրապարակում է տեղեկատվություն։
Կապի խնդրի պատճառով ավելին չեմ կարող այս պահին ասել»։
ԱԳՆ-ից էլ փոխանցեցին, որ տեղեկատվությունն ամբողջացնելուց հետո այն կհրապարակեն։



