«Քրեակատարողական հիմնարկում ներդրվելու են մասնագիտական վերապատրաստման ծրագրեր». Սուրեն Քրմոյան
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ կառավարության նոր ծրագրի շրջանակում արդարադատության ոլորտում սպասվող բարեփոխումների մասին՝ ասաց, որ դատարանները պետք է հստակ տարանջատված և բալանսավորված լինեն, Դատական օրենսգրքով պետք է հստակ ամրագրվի յուրաքանչյուր ատյանի դատարանի գործառույթները, իսկ տարբեր ատյանի դատարանների միջև փոխգործակցությունը պետք է ապահովի արդարադատության համակարգի և դատական համակարգի գործունեության արդյունավետությունը։
«Մենք թիրախավորել ենք դատարանների և դատավորների ներքին անկախության ապահովման համար երաշխիքները։ Եթե նախորդ բարեփոխումների համակարգում թիրախավորված էր արտաքին անկախությունը, հիմա թիրախավորվել է նաև ներքին անկախությունը։ Դատական համակարգում ամրագրել ենք էլեկտրոնային գործիքակազմի կիրառումը՝ որպես արդյունավետություն ապահովող և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնող գործիքակազմ»,- նկատեց պարոն Քրմոյանը։
Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ Ազգային ժողով է ներկայացվելու Դատական նոր օրենսգիրքը, Քաղաքացիական դատավարության և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը, մշակվելու են նոր ծրագրեր։
Ս. Քրմոյանը նկատեց նաև, որ քրեական պատիժների ոլորտում շատ կարևոր և սկզբունքային փոփոխություն է տեղի ունեցել։
«Նախորդ ծրագրերում խոսում էինք դատապարտյալների համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելու մասին՝ բուժօգնության մասին, տույժերի համակարգի մասին։
Ներկայումս հիմնական թիրախը քրեակատարողական համակարգի արդյունավետության բարձրացումն է, իսկ հենքը պետք է լինի վերականգնողական արդարադատության գաղափարը»,- ասաց փոխնախարարը։
Ս. Քրմոյանը նշեց, որ, եթե անձը ստանում է քրեական պատիժ, պետք է երեք ուղղությամբ աշխատանք տարվի. «Վերականգնենք սոցիալական արդարությունը, անձն անխուսափելիորեն պատասխանատվություն կրի կատարած հանցանքի համար, բայց մնացած թիրախները ևս շատ կարևոր են։ Մենք պետք է սոցիալական վերականգնողական ծրագրեր իրականացնենք, անենք ամեն ինչ, որպեսզի պատժի կրումից հետո հասարակություն վերադարձնենք լիարժեք անձի, հասարակության լիարժեք անդամի, որը իր հերթին՝ բերելու է կրկնահանցագործության նվազմանը։ Քրեակատարողական համակարգի արյունավետության չափանիշն այսուհետ լիենլու է, թե ինչքան անձ ենք մենք վերասոցիալականացրել, և թվային տեսանկյունից ինչքան մարդ է վերադառնում քրեակատարողական հիմնարկ՝ կրկնահանցագործություն կատարելով»։
Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկում ներդրվելու են զբաղվածության օրենքով նախատեսված մասնագիտական վերապատրաստման ծրագրեր։ Անձին նոր գիտելիքներ, հմտություններ են հաղորդվելու քրեակատարողական հիմնարկի ներսում, որպեսզի ազատվելուց հետո զբաղվածության խնդիրն ավելի հեշտ լուծվի, իսկ մինչև 2018 թ. վերջ քրեակատարողական հիմնարկում առաջնային պոլիկլինիկական բուժօգնությունը կլինի առնվազն այն ծավալով և որակով, ինչպես քաղաքացիական բուժհիմնարկներում։
Ս. Քրմոյանը տեղեկացրեց նաև, որ մշակվելու է Քրեակատարողական նոր օրենսգիրք, որը թիրախավորելու է իրավունքների պաշտպանությունը, փոխվելու են պահման ռեժիմները, ներդրվելու են բողոքարկման մեխանիզմներ, և այլն։
«Հաշվի ենք առնելու մեր գործընկերների և մարդու իրավունքների պաշտպանի ներկայացված զեկույցները»,- ասաց փոխնախարարը։
Ռոզա Հակոբյան