Տիբեթյան դաստիարակման մեթոդիկա. Ինչո՞ւ ենք առհասարակ դաստիարակում երեխաներին
Տարբեր մշակույթներում, ընտանիքներում այս եզրույթը տարբեր կերպ է մեկնաբանվում և տարբեր բովանդակություններով է հրամցվում: Մի դեպքում՝ ոմանք ցանկանում են մեծացնել զարգացած, հասարակությանն օգտակար և լիարժեք ակտիվ անհատի, մյուս դեպքում՝ ուղղակի ուզում են կառավարել փոքրիկ մարդուկին, ով ամեն ինչ տանը քաոսի է վերածում:
Տիբեթյան իմաստունները մշակել են երեխայի հետ վարվելու, դաստիարակող, միաժամանակ՝ նրա ինքնությունը չնսեմացնող մի մեթոդ, որի հիմնական կարգախոսն է՝ պատժի բացակայությունը՝ թե՛ մարմնական, թե՛ բարոյական տեսանկյունից:
Դաստիարակությունը բաժանվում է հիմնական փուլերի.
0-5 տարեկան. երեխային վերաբերվում ենք՝ որպես արքայի: Բնականաբար, արքային չենք կարող արգելել որևէ բան, բայց կարող ենք զերծ պահել վտանգից երկու տարբերակով՝ ուշադրության անցում մեկ այլ առարկայի և վախի ներշնչում դեպի այն քայլերը, որոնք վտանգավոր են երեխայի կյանքի համար: Օրինակ, երեխան ձեռք է տալիս էլեկտրականությանը, ի՞նչ անել. խորհուրդ է տրվում վախեցած դեմք ընդունել և դրան համապատասխան բացականչություն արտասանել: Ինչո՞վ է այս մոտեցումը պայմանավորված: Այս տարիքում երեխան ամբողջ ռեսուրսներով փորձում է ճանաչել աշխարհը, կենսական ակտիվությունն ու հետաքրքրասիրությունը՝ հիմնական բնութագրիչներն են, և մենք, ինչքան հնարավոր է, պետք է խթանենք նրա ճանաչողական գործընթացը:
Այս տարիքում երեխայի մոտ պատճառահետևանքային կապը բացակայում է, և նա կոտրելով թանկարժեք իր՝ չի հասկանում դրանից բխող նյութական վնասը, որը պատճառել է ծնողներին: Չի հասկանում, որ դա աշխատանքի արդյունքում գնված իր է, և նման քայլի համար պատժվելը երեխան կընդունի՝ որպես ճնշվածություն ավելի ուժեղի կողմից:
Դուք նրան այս քայլով սովորեցնում եք ենթարկվել ավելի ուժեղին: Եվ շատ հետաքրքիր մի փաստ, եթե մենք ճնշում ենք երեխային, նրա ակտիվությունը, ապա դրան զուգահեռ՝ ճնշում ենք նաև նրա դիմադրողականությունը: Սա ինչ-որ չափով հոգեսոմատիկ բնույթ է կրում: Օրինակ, եթե դուք որևէ ընտանիքում տեսնեք երեխայի, որի մոտ ձեռքբերովի ասթմա կամ ալերգիա է նկատվում, ապա պետք է ենթադրել, որ այդ ընտանիքում երեխային ճնշում են, և նրա ինքնությունն անտեսված է:
5-10 տարեկան. երեխային վերաբերվում ենք՝ որպես «ստրուկի»
Բնականաբար, ուղիղ մտքով չենք հասկանում և կիրառում վերաբերմունքի այս ձևը: Հիմնական գաղափարախոսությունը, որ նրանք սովորեն գիտակցաբար կատարել կամային գործողություններ՝ դա լինի ցանկալի թե անցանկալի: Երեխայի առաջ պետք է դնել հստակ պահանջներ, խնդիրներ, և պահանջել, որ նա դա կատարի: Եթե չի կատարում, ապա, ըստ դաստիարակման մեթոդի սկզբունքների՝ պատժվում է, բայց բնականաբար՝ ոչ ֆիզիկապես: Այսպես երեխան սովորում է կատարել խոստումը, սովորում է այնպես անել, որ շրջապատից ստանա միայն դրական արձագանք և աշխատի բացասական արձագանքից զերծ մնալ՝ բավարարելով իր առաջ դրված պահանջները: Այս տարիքում երեխաների մոտ ակտիվ զարգանում է ինտելեկտը, մտածողությունը, և պետք չէ վախենալ նրանց մտավոր ծանրաբեռնելուց:
10-15 տարեկան. երեխային վերաբերվում ենք՝ որպես հավասարը՝ հավասարի
Շատ պատասխանատու փուլ է: Նրանց մոտ զարգանում է պարտքի և պատասխանատվության զգացումը: Հնարավորություն ենք տալիս ինքնուրույնության զարգացմանը, ինքնուրույն որոշում կայացնելու հմտությանը: Բնականաբար, մենք իրենց հետ հավասարը՝ հավասարի չենք կարող լինել, քանի որ ունենք ավելի շատ ինտելեկտուալ պատրաստվածություն և սոցիալական փորձ, սակայն նրանց ներշնչումը, որ իրենք արդեն իրավունք ունեն ընտրելու, ինքնուրույն որոշում կայացնելու, գիտակցաբար պատասխանատվության ծանրաբեռնվածությունը գցում է իրենց վրա՝ մինիմալիզացնելով սխալ որոշում կայացնելու հավանականությունը: Այս տարիքում երեխաների մոտ զարգանում է նաև անկախությունը և ինքնուրույն մտածողությունը: Ցանկացած արգելք պետք է ասել հուշման միջոցով: Կիսվելով սեփական փորձով, հետևանքների մասին խոսելով, առանձնացնելով հիմնականում վատ հետևանքները, դրանք վերլուծելով, քննարկելով՝ անհրաժեշտ է երեխային հասցնել նրան, որ նա ինքնուրույն սկսի բացատրել, որ դա բացասական է, որ նա կարողանա եզրահանգումներ կատարել:
Դաստիարակությունը եզրափակվում է 15 տարեկանում
Տվյալ փուլում մեզ մնում է հարգել նրան, քանի որ արդեն դաստիարակելը ուշ է և ժամանակն է քաղել այն պտուղները, որոնք մենք խնամքով աճեցրել ենք:
Ըստ Տիբեթյան իմաստնության՝ տվյալ ցուցումներին չհետևելով՝ մենք կարող ենք ստանալ դաստիարակման բացասական հետևանքներ: Օրինակ, եթե մինչև հինգ տարեկանը մենք ճնշենք երեխայի ակտիվությունը, երեխան կունենա սահմանափակ աշխարհաճանաչում, անբնական վարք, կյանքի հանդեպ անհետաքրքրություն: Նա կսովորի առանց մտածելու ենթարկվել:
Եթե հինգ տարեկան երեխայի հետ սկսենք խոսել շատ նուրբ, նա կմեծանա մանկամիտ, չի սովորի աշխատանք կատարել: Հետագայում կդժվարանա ինտելեկտուալ և ֆիզիկական կամային աշխատանքներ իրականացնելիս:
Իսկ եթե ցանկանում ենք, որպեսզի մեր երեխան չմեծանա անվստահ և կասկածամիտ իր որոշումներում, անհրաժեշտ է կրկին խիստ, բայց դեմոկրատիկ մոտենալ նրան: Այսինքն՝ թողնել ընտրություն կատարել ինքնուրույն՝ հիշեցնելով, որ դուք նրան վստահում եք, չէ՞ որ նա արդեն գիտակից, հասուն մարդ է: Հնարավորություն ենք տալիս զգալ պատասխանատվության զգացման էությունը, հակառակ դեպքում՝ նա կունենա կախում ուրիշի կարծիքից՝ չունենալով սեփական դիրքորոշումը կյանքի նկատմամբ:
Դաստիարակման այս մոտեցումը երեխաների հանդեպ վերաբերմունքի հաստատման մշակութային մի փոքրիկ դրվագ է: Ընտրությունը, իհարկե, կրկին Ձերն է, սակայն կարելի է որոշ մոտեցումներ վերցնել և կիրառել, քանի որ կան ճշմարտություններ, որոնք մարդկային զարգացման համար նույնն են՝ առանց մշակութային պատկանելության: