Բաժիններ՝

«Թափվել է այն վարունգը, որն այսօր արժեք չունի շուկայում». Նախարարը՝ Արմավիրում աղբանոց թափված վարունգի մասին

«Մտեք շուկա և տեսեք՝ ինչ արժի վարունգը շուկայում. եթե վարունգը չի վաճառվում, դրան կա մասնագիտական բացատրություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Արմավիրի մարզում վարունգի իրացման խնդրի մասին՝ ասաց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Հիշեցնենք, որ մամուլում գրվեց՝ Արմավիրի մարզի Արևիկ գյուղի տնտեսվարողները, չկարողանալով իրացնել իրենց վարունգը, այն լցրել են աղբանոցը:

«Իհարկե, հետաքրքրվել եմ, հարցրել եմ մասնագետներին, և վարունգը, որն արդեն երկրորդ կամ երրորդ բերքն է տալիս և ավելի ցածր գնային արժեք ունի, շուկայում այդքան մեծ պահանջարկ չունի: Շատ են արտադրել, որակը վատն է եղել, բայց կա լավ որակով վարունգ, որն իրացվում է: Մենք՝ որպես նախարարություն, պետք է ուղղակի ուղղորդենք գյուղացիներին՝ ինչով զբաղվել, իսկ դա շատ դժվար է, որովհետև այդ գյուղացիական տնտեսություններն այսօր գրանցված չեն և իրենք ուղղակի նայում են, թե հարևանն ինչ է անում, ինչ հաջողություն ունեցավ, և կրկնում են»,- նշեց նախարարը:

Լրագրողների ճշտող հարցին, թե՝ Դուք և Ձեր աշխատողներն անձամբ չե՞ք տեսել այդ վարունգը և դրա որակը, Ի. Առաքելյանն այսպես պատասխանեց.

«Համապատասխան վարչությունը կապվել է, խոսել է, տեսել է: Մասնագիտական բացատրությունն այն է, որ թափվել է այն վարունգը, որն այսօր արժեք չունի շուկայում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս