ՊԵԿ-ը մի քայլը կատարեց. Մնաց մնացածը

ՀՀ կառավարությունն իր հինգշաբթի օրվա նիստում հավանության է արժանացրել Պետեկամուտների կոմիտեի ներկայացրած նախագիծը, որը վերաբերում է հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգին և ձևերին։

Նորամուծությունը, որը նախևառաջ հետաքրքրել է տնտեսական թեմաներով գրող լրագրողներին և փորձագետներին, առնչվում է 1000 խոշոր հարկատուների ցանկին։ Եռամսյակը մեկ հրապարակվող այս ցանկը մշտապես մանրամասն լուսաբանվում է և ուսումնասիրության հարուստ նյութ է տալիս հետաքրքրվողներին։

Փոփոխությունը, որը հավանության է արժանացել, դրական է, քանի որ մեծացնում է թափանցիկությունն ու ավելի մանրամասն տվյալներ ներկայացնում խոշոր հարկատուների մասին։ Այսպես, եթե նախկինում հարկային ծառայությունը հրապարակում էր ուղղակի և անուղղակի հարկերի չափը, ապա այժմ տեղեկատվությունը ներկայացվում է առանձին-առանձին. ուղղակի հարկերի փոխարեն՝ տրվելու է բացվածքը՝ որքան շահութահարկ և որքան եկամտային հարկ է վճարվել։ Իսկ անուղղակի հարկերի համար՝ առանձին նշվելու են ԱԱՀ-ի և ակցիզային հարկի չափերը։

Ինչ խոսք, սա քայլ առաջ է։ Թե՛ նախկին բազում հրապարակումներում, թե՛ ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ մենք բազմիցս նշել ենք սրա անհրաժեշտության մասին։ Այն պատճառով, որ լրացուցիչ տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ավելի խորքային վերլուծություններ անել և առավել ամբողջական կարծիք կազմել խոշոր հարկատուների մասին։

Օրինակ, երբ նշվում է, որ X ընկերությունը պետբյուջե է վճարել 1 միլիարդ դրամի ուղղակի հարկեր, դա քիչ է։ Իսկ երբ նշվում է, որ այդ գումարից 900 մլն դրամը եղել է եկամտային հարկ, 100 մլն-ը՝ շահութահարկ, ապա դա թույլ է տալիս մի կողմից՝ պատկերացում կազմել ընկերության շահութաբերության մասին, մյուս կողմից՝ պատկերացում կազմել աշխատողների թվի և միջին աշխատավարձի մասին՝ համեմատելով հայտարարվող թվերը բացված աշխատատեղերի հետ։

Սակայն սա ընդամենը նվազագույն մասն է այն ամենի, ինչ կարելի է անել և ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է։

Օրինակ, բազմիցս նշել ենք, որ կարելի է խոշոր հարկատուների վճարած հարկերի ցանկին ևս 2 սյուն ավելացնել, որտեղ կերևա նաև տվյալ տարում հայտարարագրված շրջանառությունը և շահույթի (վնասի) չափը։ ՊԵԿ-ն այսօր հրապարակում է հարկային տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկն առանձին, և հարկային տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 50 միլիոն դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների ցանկը։ Սակայն այս ցանկերը հրապարակվում են տարեկան կտրվածքով և հնարավորություն չեն տալիս լիարժեք պատկերացում կազմել ընկերությունների շահույթի, իսկ որոշ դեպքերում՝ գերշահույթների մասին։

Սա կարևոր է նաև մեկ այլ առումով։ Ինչպես հայտնի է, խոշոր ընկերությունների պարտադիր աուդիտի պահանջը 2014 թվականին հանվեց, սակայն ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջը մնաց ուժի մեջ։ 1 մլրդ դրամից ավելի շրջանառություն կամ ակտիվներ ունեցող կազմակերպությունները պարտավոր են սեփական կայքերում, ԶԼՄ-ներում կամ առանձին գրքույկներով հրապարակել իրենց հաշվետվությունը։ Սակայն այդ պահանջը համատարած խախտվում է։ Խոշոր ընկերությունների մի չնչին մասի հաշվետվություններն են միայն հասանելի, իսկ մյուսները, հետաքրքրվելու դեպքում, կարող են պարզապես պատասխանել, որ հրապարակել են գրքույկների տեսքով և տարածել։

Ճիշտ է, մոտ ապագայում պարտադիր աուդիտի պահանջը կրկին ուժի մեջ է մտնելու, և խոշոր ընկերությունների հաշվետվությունները հրապարակվելու են Ազգային վիճակագրական ծառայության կայքում, սակայն դա վերաբերելու է գերխոշոր ընկերություններին՝ 2 մլրդ դրամից ավելի ակտիվներ և շրջանառություն ունեցող, որոնց թիվը 250-300 է։ Այսինքն՝ խոշոր հարկատուների մեծ մասը շարունակելու է մնալ հաշվետվողականությունից դուրս։

Եվս մի բան. մինչև 2012 թվականը ՊԵԿ-ը հրապարակում էր 100 և ավելի հաշվեցուցակային աշխատող ունեցող ընկերությունների ցանկը՝ աշխատակիցների թվերով։ Հետո այդ պրակտիկան անհասկանալի պատճառներով վերացվեց։ Հրապարակման ենթակա ցանկերի մեջ աշխատողների թիվը կրկին չկա, մինչդեռ սա նույնպես ընկերության գործունեության մասին պատկերացում կազմելու առումով կարևորագույն ցուցանիշներից մեկն է։

Տարբեր առիթներով և հրապարակումներում առաջարկություններ ենք արել՝ նաև մաքսային վիճակագրության հետ կապված։ Օրինակ, ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությունը նախկինում հրապարակում էր արտաքին առևտրի ցուցանիշներն ապրանք-երկիր կտրվածքով՝ եռամսյակը մեկ։ Այժմ այդ տվյալները թարմացվում են կես տարին մեկ։ Մինչդեռ տնտեսական լրագրողները, հակառակը՝ առաջարկում էին ոչ միայն օպերատիվությունը պահպանել, այլ գոնե առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ներմուծման և արտահանման տվյալների հետ մեկտեղ՝ հրապարակել նաև այն տնտեսվարողների անունները (ներմուծման կամ արտահանման ծավալներով), որոնց կշիռը 20 կամ 30 տոկոսից ավելի է։

Այսքանը՝ ՊԵԿ-ի մասով։ Իսկ թափանցիկության ապահովման առումով մյուս ամենամեծ խնդիրը, որը կապված է Պետռեգիստրի հետ, շարունակում է մնալ չլուծված։ ՍՊԸ-ների հիմնադիրների մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար մեկանգամյա հարցման միանվագ վճարը 3000 դրամ է (սահմանված է՝ որպես տուրք)։ Լրագրողական հետաքննություն անցկացնելիս, փոխկապակցված շահերը բացահայտելու նպատակով կարող է հարկ առաջանալ համեմատել մի քանի տասնյակ ընկերությունների տվյալները։ Ու դրա համար հարկ կլինի վճարել մի քանի տասնյակ հազար դրամ, ինչի հնարավորությունը հայաստանյան ԶԼՄ-ները չունեն։

Այս հարցը մի քանի անգամ նույնպես բարձրաձայնել ենք թե՛ նախկին, թե՛ ներկայիս կառավարությունների ներկայացուցիչների մոտ։ Առաջարկել ենք կամ ընդհանրապես հանել այդ տուրքը (գոնե ԶԼՄ-ների համար), կամ սահմանել սիմվոլիկ ցածր վճար։ Չէ՞ որ հատկապես Կարեն Կարապետյանի կառավարությունը կարևորում է որակյալ տնտեսական լրագրության դերը։ Գրեթե բոլոր դեպքերում պատասխանատուները հայտարարել են, որ առաջարկը տեղին է, և այդ հարցը լուծում կստանա, սակայն պետռեգիստրի «պրայս-լիստը» փոփոխության չի ենթարկվել։

Իսկ բաժնետիրական ընկերությունների մասով տեղեկատվությունն ընդհանրապես փակ է. բաժնետերերի և նրանց ունեցած բաժնեմասերի մասին տեղեկատվություն ստանալ կարող են միայն իրենք՝ բաժնետերերը։ Մինչդեռ գոնե բաց բաժնետիրական ընկերությունների դեպքում տվյալները պետք է հասանելի և թափանցիկ լինեն։

Հուսով ենք՝ կառավարության առաջիկա նիստերին հաճելի անակնկալներ կլինեն նաև այս առաջարկությունների հետ կապված։

Տեսանյութեր

Լրահոս