«Առաջիկայում անվտանգության խնդիրներին առնչվող ցանկացած հարց դարձյալ մնում է Հայկական զինված ուժերի ուսերին»

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը նպատակաուղղված գնում է անգամ սեփական քաղաքացիների սպանությանը՝  բանակցային  սեղանին քաղաքական իրավիճակ փոխելու համար:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների երեկվա հայտարարությունը կրկին ցույց  է տալիս, որ հստակ դատապարտում չկա Ադրբեջանի՝ խաղաղ բնակչությանը որպես վահան օգտագործելու մարտավարության եւ, ընդհանրապես, սահմանային իրավիճակը սրելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ առաջիկայում անվտանգության խնդիրներին առնչվող ցանկացած հարց դարձյալ մնում է Հայկական զինված  ուժերի ուսերին, քանի որ  դիվանագիտական զսպման որեւէ մեխանիզմ Ադրբեջանի հանդեպ չի աշխատում: Նրանք փորձում են այնպես անել, որ ապրիլյան ձախողումը չաշխատի որպես գործոն Ադրբեջանի դեմ, որպեսզի շրջանցելով այն՝ Ադրբեջանը փորձի բանակցային գործընթացը սկսել իր համար նախընտրելի կողմից»,- ասաց նա:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ թեպետ Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումներին զինելու մասին բուլղարական մամուլում տեղ գտած սկանդալային բացահայտումն էր սահմանային իրավիճակի հիմնական պատճառը, այնուամենայնիվ, պետք չէ անտեսել «Մեծ 20-յակ»-ի գագաթնաժողովը, ինչպես նաեւ Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպումը:

«Ամեն դեպքում կարծում եմ, որ միջորդների  գնահատականներն, ըստ էության, առավել համապատասխանում են հայկական կողմի մոտեցումներին, իսկ Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան նման ահաբեկչական ճանապարհներով հարցեր լուծելու փորձեր անելն է»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսում դեռեւս չի կանխատեսում, քանի որ Ադրբեջանը այն սանձազերծելու, առավել եւս հաջողության հասնելու համար որեւէ ռեսուրս չունի:

«Սա այն դեպքն է, երբ ցանկությունը եւ հնարավորությունները չեն համապատասխանում իրար,  այդ իսկ պատճառով նրանք փոխարինում են պատերազմը էմոցիոնալ կամ աղմկահարույց ինչ-որ գործողություններով, որը կստեղծի պատերազմի իմիտացիա»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս